Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Երեւան
«Գծատերեր» հասկացությունը կվերանա, ասել է փոխքաղաքապետը
20.04 17:55
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այսօր ասել է, որ քաղաքային տրանսպորտի համակարգում «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա։

«Կարծում եմ՝ ոլորտը կարգավորելու համար մենք պետք է ստեղծենք կառավարման հստակ մեխանիզմ եւ սահմանենք մասնագիտական չափորոշիչներ։ Փոխլրացման սկզբունքով միասնական կառավարման համակարգ պետք է ներդրվի, որը բարձր տեխնիկական պահանջներ կունենա թե՛ ավտոպարկի եւ թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաեւ այն, որ Երեւան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար»,- ասել է Վահե Նիկոյանը Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների աշխատանքային խմբի հանդիպմանը:

Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ կատարվել է հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգի օպտիմալացման հնարավորությունների եւ իրագործելիության գնահատում։ Օպտիմալացումը ենթադրում է նոր երթուղային ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում եւ կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։

«Մեր առջեւ խնդիր է դրված ամբողջական համակարգային փոփոխության ենթարկել հանրային տրանսպորտի ոլորտը եւ Երեւանի բնակիչների համար ստեղծել քաղաքում տեղաշարժվելու համար արժանապատիվ պայմաններ»,- ամփոփել է Վահե Նիկոյանը:

Ներկայացված զեկույցի շուրջ աշխատանքային խմբի անդամները մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Դրանց հիման վրա խորհրդատու կազմակերպության կողմից կմշակվի բարեփոխումների նախագիծ, որն էլ կներկայացվի հանրային քննարկման։ Հավանության արժանանալու դեպքում այն Երեւանի քաղաքապետարանի կողմից կյանքի կկոչվի։ Գործընթացում կներգրավվեն տեղական եւ միջազգային ներդրողներ։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017