Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Կարեւորը Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների մասին` օր առաջին
12.07 09:46
Երեւան: Մեդիամաքս: Հուլիսին 11-ին մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունների հիման վրա ներկայացնում ենք ամենակարեւորը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների եւ ելույթների մասին:

Սեփական վախերը հաղթահարելու մասին

«Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է հեղափոխության մասին եւ ասել է.

«Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը եւ իրագործել սիրո եւ համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ եւ աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են՝  կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական եւ արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»:
[[gallery1]]
Կտրուկ շրջադարձեր չեն լինելու

Վարչապետն ընդգծել է, որ հեղափոխությունը աշխարհաքաղաքական համատեքստ չուներ, եւ նոր կառավարությունը չի ծրագրում արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր:

«Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ եւ ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»,- ընդգծել է Փաշինյանը:

«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության եւ կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասել է վարչապետը:
[[gallery2]]
Կոռուպցիայի եւ արտահերթ ընտրությունների մասին

«Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն համաձայն օրենքի: Մեկ այլ կարեւոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ եւ արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու եւ քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց: Մենք ապահովելու ենք դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կանենք կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան»:
 
Արցախյան խնդրի մասին

«Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության վրա»:

Հանդիպում Ֆրանսիայի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը Արցախի խնդիրը քննարկել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին եւ կրկնել է, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ:
[[gallery3]]
Փաշինյանն ու Մակրոնը խոսել են հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է վարչապետը:

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրատնտեսական: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երեւանում կանցկացվի բարձր մակարդակով:

Հանդիպում Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը:
[[gallery4]]
Խոսելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել:

«Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի,  մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասել է Մոգերինին:
[[gallery5]]
Հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ մասնակցել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանմանը եւ ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: 

Լուսանկարները՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018