Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
Գովազդը համացանցում. վերահսկողություն vs. ամենաթողություն
04.06 15:41

Հեռուստաեթերում գովազդի լեզվի եւ բովանդակության, ինչպես նաեւ գովազդի վերահսկողությանը Մեդիամաքսը դեռ երկու տարի առաջ է անդրադարձել: Այս անգամ որոշեցինք պարզել, թե ինչ իրավիճակ է համացանցային գովազդում, արդյոք կան կամ անհրաժեշտ են հատուկ վերահսկողության մեխանիզմներ:

Համացանցային գովազդի համար հատուկ դրույթներ չկան

ԱԺ պատգամավոր, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դասախոս Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, «Գովազդի մասին›› ՀՀ օրենքը հատուկ դրույթներ չի նախատեսում համացանցային գովազդի իրավական կարգավորման վերաբերյալ:

Օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ գովազդ է տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

«Նշված հասկացությունից կարելի է եզրահանգել, որ տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների թվին կարելի է դասել նաեւ համացանցը, ուստի գովազդի մասին օրենքով սահմանված ընդհանուր պահանջները տարածվում են նաեւ համացանցային գովազդի վրա: Այսինքն, ինչպես ցանկացած այլ գովազդ, համացանցայինը եւս պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ»,- Մեդիամաքսին ասել է պատգամավորը:

Անդրադառնալով համացանցում գովազդի վերահսկողության բացակայությանը՝ նա նշում է, որ ՀՀ օրենսդրությամբ համացանցային գովազդը սահմանված չէ որպես գովազդի առանձին տեսակ, միեւնույն ժամանակ, նկատում, որ օրենսդրությամբ գովազդի առանձին տեսակների դեպքում սահմանված են վերահսկողություն իրականացնող տարբեր մարմիններ: Այսպես, օրինակ, արտաքին գովազդի պարագայում վերահսկողություն են իրականացնում Երեւանի քաղաքապետը, մարզպետները, տրանսպորտի եւ կապի նախարարությունը, հեռուստատեսության  եւ ռադիոյի ոլորտում վերահսկողություն է իրականացնում Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովը:  Որոշ դեպքերում վերահսկողություն է իրականացնում նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

«Այս պարագայում դժվար է որոշելը, թե որ մարմինը պետք է վերահսկողություն իրականացնի համացանցային գովազդի նկատմամբ: Կարծում եմ, առավել նպատակահարմար կլիներ նման իրավասություն վերապահել գործադիր իշխանության պետական մարմիններից մեկին»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը:

Վերահսկողության անհրաժեշտություն չկա՞

IP Marketing ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանի կարծիքով, սակայն, համացանցում գովազդի վերահսկողության անհրաժեշտություն չկա: Ցանցային գովազդի վերահսկող մարմնի բացակայությունը մեր զրուցակիցն ինչ-որ տեղ դրական երեւույթ է համարում, ինչը թույլ է տալիս ոլորտին ինքնակարգավորվել.

«Մեր ընկերությունը մշտապես ուշադրություն է դարձնում օրենքի պահանջներին, որպեսզի հետագայում խնդրի առջեւ չկանգնենք ոչ մենք, ոչ մեր գործընկերները»,-ասում է նա եւ նկատում, որ յուրաքանչյուր ինքնակարգավորվող ոլորտ ավելի շուտ է հաջողության հասնում:
[[gallery1]]
Փոխարենն Արսեն Սուլթանյանը կարեւորվում է կայքերում անձնական բնույթի տվյալների վերաբերյալ բովանդակության ուղղությամբ վերահսկողությունն ու ինտերնետի մասին համակողմանի վիճակագրության առկայությունը, ինչը, ըստ նրա, թույլ կտա ոլորտի մասնագետներին հասկանալ՝ ինչ է անհրաժեշտ առաջակել հաճախորդներին:

«Գովազդի մասին›› ՀՀ օրենքը պատասխանատվության սուբյեկտներ է դիտարկում գովազդատուին, գովազդակրին, գովազդ արտադրողին, այսինքն` պատասխանատվության ենթակա է եւ գովազդ տեղաբաշխողը, եւ տարածողը, այս դեպքում՝ ինտերնետային կայքը, ինչպես նաեւ գովազդ արտադրողն ու գովազդային տեղեկություն ներկայացնողը:

Վերահսկե՞լ կամ ֆիլտրել գովազդը արտասահմանյան կայքերում

«ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Գաբրիել Բալայանը համացանցում գովազդի վերահսկողության անհրաժեշտությունը միանշանակ է համարում:

«Օրենքում, որպես գովազի առանձին թողարկման ինստիտուտ, նշվում են էլեկտրոնային միջոցները: Այսօր կան բազմաթիվ ինտերնետային հեռուստատեսություններ, իսկ օրենքում կա հստակ սահմանափակում՝ գովազդը մեկ ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 5 րոպեն»,-ասում է նա եւ նկատում,- «չգիտենք՝ որեւէ մարմինը վերահսկում է այդ ոլորտը, թե՝ ոչ», - ասել է նա Մեդիամաքսին:

Մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ համացանցում գովազդի վերահսկողությունը բավական ծավալուն եւ հետեւողական աշխատանք է պահանջում. կան միլիարդավոր կայքեր, որտեղ տեղադրված գովազդը կարող է հակասել ՀՀ-ում գործող գովազդի մասին օրենքին, սակայն համապատասխանել իրենց ազգային օրենսդրությանը:

Այս դեպքում մեր զրուցակիցը կարեւորում է օրենքում կատարվող փոփոխություններն ու համապատասխան ոլորտների մասնագետներից կազմված միջգերատեսչական աշխատանքային խմբի առկայությունը, որը, ելնելով օրենքի կարգավորումներից եւ ոլորտի տեխնիկական մասնագետների տված խորհրդատվությունից, կդիմի Հայաստանում գործող ինտերնետ պրովայդերներին, ովքեր ՀՀ օրենքի ուժով կդիմեն այս տեսանկյունից խնդրահարույց համարվող կայքերին՝ մեր երկրի տարածքում այդ գովազդը սահմանափակելու համար:
[[gallery3]]
Կարգավորման մասին խոսելով, Գաբրիել Բալայանը հիշում է մոտ մեկ տարի առաջ առաջացած իրավիճակը՝ կապված Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրվող կալանքների պրակտիկայի հետ: Այն ժամանակ, անկախ գումարի չափից, բանկերի կողմից կալանք էր դրվում հաշվի վրա եղած ամբողջ գումարի վրա: Այդ դեպքում հասարակական ճնշման տակ կառավարության միջամտությամբ   բանկերը համապատասխան ծրագրային տեխնիկական լուծումներով կարողացան հարցին լուծում տալ: «Կարծում եմ նման տեխնիկական լուծումը կարելի է կիրառել նաեւ համացանցային գովազդում: Այն գովազդային բաներները, որոնք հակասում են մեր երկրում գործող օրենքի պահանջներին եւ վավերացված միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ, պետք է սահմանափակվեն»,-ասում է նա:

Գաբրիել Բալայանը վերահսկողության մեխանիզմը տեսնում է հետեւյալ գործառույթներում՝ մոնիտորինգի իրականացում, որի արդյունքները պետք է ներկայացվի այն համապատասխան հանձնաժողովին, որն էլ իր հերթին՝ պրովայդերներին, իսկ պրովայդերները օրենքի ուժով կպարտավորվեն սահմանափակել այդ գովազդը Հայաստանում:

Գաբրիել Բալայանը որպես բացասական օրինակ բերում է դեղերի շուկայում տիրող իրավիճակը: «Դեղերի շուկան հեռուստա-ռադիո գովազդի մասով թույլտվություն տվող լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է: Ենթադրելի է, որ համացանցում եւս նա պետք է լինի, սակայն համոզված եմ, որ այդ գերատեսչությունը տեխնիկական եւ ռեսուրսային հնարավորություններ չունի համացանցային գովազդը վերահսկելու համար: Այսօր նիհարելու, ուժերը վերականգնելու համար եւ այլ զանազան նպատակների համար բազմաթիվ դեղամիջոցների գովազդ կա համացանցում, որոնց վրա գրվում է, թե 100 տոկոս բնական, բուժող խոտաբույսերից են պատրաստված, սակայն որեւէ մեկը չի կարող վերահսկել՝ որքանո՞վ է այն համապատասխան իրականությանը»:

Խնդրի լուծումը համացանցի գովազդի մասով, մեր զրուցակցի կարծիքով,  պետք է տրվի առանձին օրենքի միջոցով. «Գործող օրենքը նման վերահսկողության հնարավորությունը չի տալիս, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր պետական մարմին որեւէ գործառույթի համար պետք է օրենքով լիազորություն ստանա: Դա բավական ծավալուն աշխատանք է, որում պետք է հաշվի առնվի տեխնիկական մասնագետների կարծիքը, առանց որի որեւէ իրավաստեղծ մարմին չի կարող ճիշտ ու համակողմանի որոշում կայացնել»:
[[gallery2]]
Արփինե Հովհաննիսյանը եւս նկատում է, որ համացանցային գովազդի դեպքում ամենավիճահարույց խնդիրներից մեկը հենց արտասահմանյան կայքերում  տեղադրված գովազդի իրավական կարգավորման խնդիրն է:

«Ներկայում ամբողջ աշխարհում փնտրում են համապատասխան միջոցներ այս հարցը կարգավորելու ուղղությամբ: Հաճախ առաջարկում են որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոշ դեպքերում էլ՝ ապավինել հենց կայքերի ինքնակարգավորման կանոններին: Оրինակ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում հստակ սահմանվում են գովազդային քաղաքականության կանոնները, տրված է բոլոր այն ապրանքների եւ ծառայությունների ցանկը, որ արգելվում է գովազդել»,-ասում է մեր զրուցակիցը: «Կարծում եմ, այս հարցը մանրամասն հետազոտման եւ վերլուծության կարիք ունի. հնարավոր չէ միանգամից  առաջադրել մեկ հստակ բանաձեւ, որը կսահմանի այս ոլորտի իրավական կարգավորման ընթացակարգը եւ որի կարգավորման հնարավորությունները ի սկզբանե չնչին են», - ասում ԱԺ պատգամավորը:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիաների դասախոս, դոցենտ Դավիթ Ալավերդյանը բավականին հոռետեսորեն է վերաբերվում արտասահմանյան կայքերը ֆիլտրելու հնարավորությանը: «Տեսականորեն եւ տեխնիկապես դա գուցե հնարավոր է, բայց կպահանջվեն այնպիսի հսկայական ռեսուրսներ, որին պատրաստ չեն նույնիսկ ամենահզոր պետությունները: Ինչ վերաբերում է այդ բեռը պրովայդերների ուսերին դնելու առաջարկին, ապա նրանք չեն կարող արգելափակել առանձին գովազդները, արդյունքում ստիպված են լինելու արգելափակել կայքերն ամբողջությամբ, իսկ դա արդեն ժողովրդավարության եւ խոսքի ազատության սահմանափակման ռիսկեր է ստեղծում: Մեր ոչ անկախ դատական համակարգի պարագայում նման պատճառաբանությամբ կարող են արգելափակվել իշխանությանը եւ օլիգարխներին ոչ ձեռնտու կայքերն ու ցանցերը», - զգուշացնում է նա:

Դավիթ Ալավերդյանը նշում է, որ այսօր աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք ցանկանում են այս կամ այն կերպ վերահսկել ինտերնետը, սակայն դա լիովին հաջողվել է թերեւս միայն Հյուսիսային Կորեային:

«Իմ կարծիքով, օտարերկրյա կայքերը դիտարկելու եւ ֆիլտրելու անհրաժեշտություն չկա, ավելի կարեւոր եւ դյուրին է կենտրոնանալ համացանցի հայկական սեգմենտի վրա, որտեղ օրենքի խախտումները էական բնույթ են կրում: Այս պահին անհրաժեշտ է լիազորել պետական որեւէ մարմնի դիտարկելու հայկական ինտերնետը, ինչպես դա արվում է մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության պարագայում: Եվ ամենակարեւորը՝ դաշտում արդար միջավայր ստեղծել»,- կարծում է Դավիթ Ալավերդյանը:

Սիրանուշ Եղիազարյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017