Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
Հայկական մամուլ. հայաֆիկացված Robotron-ից մինչեւ առաջին Mac
23.12 09:57

Հայտնի կատակ/ճշմարտություն կա, թե խորհրդային թերթերում երկու ճիշտ բան կար՝ գինն ու ամսաթիվը: 1990-ականների սկզբին անկախ Հայաստանում սկսեցին տպագրվել թերթեր, որոնք եկել էին լրացնելու 70 տարվա բացթողումը: Կար մի շրջան, երբ օրաթերթերը Հայաստանում տպագրվում էին 40 000-50 000 տպաքանակով:

Անկախ մամուլի մասին պատմություններից բացի նաեւ իրեր-առարկաներ կան, որ փաստում են այն օրերը, երբ մեկը մյուսի հետեւից նոր անվանումներով թերթեր էին ծնվում:

Հակոբ Ավետիքյան, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Առարկան՝ Macintosh Classic համակարգիչը
[[gallery1]]
«Թերթի առաջին համարը լույս տեսավ 1991-ի փետրվարին: Տեխնիկապես աղքատ էինք, թեեւ շատ լրագրողներ ունեինք այդ տարիներին: Բարեգործ Ալեք Մանուկյանն այդ ժամանակ Թեքեյան մշակութային միությանը մեծ գումար էր փոխանցել, մոտ 40.000 դոլարով միությունը մի քանի համակարգիչ գնեց «Ազգի» համար: Ծրագրավորող Պավել Դալլաքյանը թերթի համար նոր տառատեսակներ ստեղծեց: 1990-ականներին համակարգչից քչերն էին կարողանում օգտվել: Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտած աղջիկներ ունեինք, ովքեր օգնեցին մեզ գլուխ հանել: Հետո նոր սերնդի համակարգիչներ գնեցինք, բայց առաջին Macintosh-ները մինչեւ հիմա պահում եմ: Միգուցե հետագայում թանգարանային նմուշներ դառնան»:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Առարկան՝ 21 տարվա վաղեմության գրասեղանը
[[gallery2]]
«1994-ի դեկտեմբերի 6-ին եկա Մամուլի շենք՝ «Առավոտ» թերթի խմբագրություն: Պետք է ստանձնեի խմբագրի պաշտոնը: Աշխատասենյակում թերթի խմբագիր Իգնատ Մամյանն էր, ինչպես նաեւ «Առավոտի» հովանավորներ Խաչատուր եւ Սարիբեկ Սուքիասյանները: Պայմանավորվեցինք որոշ հարցերի շուրջ, հետո, որպես նվեր, սեղանը հանձնեցին ինձ:  Արդեն 21 տարի նույն այս աշխատասեղանին խմբագրում եմ օրաթերթը: Եթե այնպես ստացվի, որ այլեւս չխմբագրեմ թերթը, աշխատասեղանս, անշուշտ, կնվիրեմ հաջորդ խմբագրին»:

Սամվել Սարգսյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու քարտուղար
Առարկան՝ Robotron գրամեքենան
[[gallery3]]
«Թերթի հիմնադրման օրվանից խմբագրությունում եմ: 1990-ի հոկտեմբերին պետք է առաջին համարը լույս տեսներ: Առաջին խմբագիր Այդին Մորիկյանի հետ լրագրողների հետ էինք հանդիպում, թերթի ձեւաչափն ու թեմաները մտածում:

Նոր սարքավորումների կարիք կար, մի քանի տասնյակ լրագրող նյութերի էին բերում, որոնք արագ մեքենագրել էր պետք: Այն ժամանակների համար մեծ գումար հավաքեցինք՝ մի քանի հարյուր ռուբլի, պատվիրեցինք այս գրամեքենաները՝ հայատառ ստեղներով:
[[gallery4]]
Մի քանի տարի օգտագործվելուց հետո գործածությունից դուրս եկան, սկսեցինք համակարգչով տեքստերը շարել»:

Սամվել Սարգսյանը պահպանել է նաեւ թերթի սկզբնավորման հրամանագիրքը:
[[gallery5]]
Աննա Սաթյան, «Նովոյե Վրեմյա» թերթի փոխխմբագիր
Առարկան՝ թերթի առաջին համարների հավաքածուն
[[gallery6]]
«Թերթը լույս է տեսնում 1992-ի դեկտեմբերից: Առաջին տարիներին այն կոչվում էր «Վրեմյա»: 1999-ի դեկտեմբերի 31-ն էր, վերջին համարն արդեն պատրաստ էր, արդեն տանն էինք, երբ տեղեկացանք, որ անհայտ մարդիկ հրդեհել են խմբագրությունը: Թերթի ծնունդը փաստող առարկաներից միայն այս փոքր հավաքածուն կարողացանք պահպանել»:
[[gallery7]]
Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան, Մարիամ Լորեցյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017