Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Հաղթանակի սպասումով. Հայաստանի հավաքականի տարին մեկնարկում է
23.03 13:22

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այս կիրակի ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի 2-րդ հատվածն է սկսելու: Անգլիայից, Պորտուգալիայից, Հունաստանից, Իրանից, Ռուսաստանից, Թուրքիայից հայ ֆուտբոլիստները շտապել են միանալ ազգային թիմին ու պատրաստվել Ղազախստանի հետ խաղին:

2016-ին սեփական հարկի տակ 3:2 հաշվով Մոնտենեգրոյի նկատմամբ հաղթական ավարտից հետո ազգային ընտրանին 5 ամսվա ընդմիջումից հետո առաջին անգամն է կրկին հավաքվել:

Ոչ այդքան հաջող սկսված, բայց դեռ ավարտին բավական ժամանակ մնացած մրցաշարում դեռ վաղ է զենքերը ցած դնել, գործել ու պայքարել է պետք: Մանավանդ Արթուր Պետրոսյանը ցույց տվեց, որ ազգային հավաքականից կարող ենք ու պետք է ավելին սպասենք:

Այս անգամ մրցակիցը E խմբի հետնապահն է, որը 2 միավոր ունի: Մենք էլ աննախանձելի վիճակում ենք, 3 միավոր՝ 3 պարտություն ու 1 կամային հաղթանակ: Սակայն նոր տարում ամեն ինչ նորովի է պետք սկսել:

Mediamax Sport-ը ծանոթացել է թիմերի ճամբարներում տեղի ունեցող իրադարձություններին ու ներկայացնում է նախախաղային իրավիճակը:

Ինչպես են թիմերը պատրաստվում. Հայաստան. Մեր ազգային ընտրանու նախապատրաստությունը սկսվեց մարտի 20-ին: Հանդիպման ու մարզումների վայրն, ինչպես արդեն երկար տարիներ է, անփոփոխ է՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Առաջին թեթեւ մարզմանը մասնակցեցին 16 ֆուտբոլիստներ, մնացած 8-ը միացան հաջորդ օրերի ընթացքում:

Առաջին օրվա վերականգնողական մարզումից հետո արդեն նոր ֆուտբոլիստներով համալրված ազգային ընտրանին աշխատեց հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա, մշակվեց ստանդարտ իրավիճակների խաղարկումներ  ու երկկողմանի խաղ անցկացրեց:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում վերջին հանդիպումը բաց թողնելուց հետո մտավախություն կար, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է պատրաստ չլինել ղազախների հետ հանդիպմանը: Սակայն մեր ավագը հավաքականի հետ է ու վաղն ստանալու է 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
[[gallery4]]
Նորեկներ թիմում չկան, երկարատեւ բացակայությունից հետո կրկին հավաքական է հրավիրվել Էդգար Մանուչարյանը

Ղազախստան. Ընտրական հանդիպումից առաջ ընկերական ունեցող ղազախներն ավելի շուտ հավաքվեցին: Փետրվարի 19-ին թիմն առաջին մարզումն անցկացրեց Տալգարի բազայում: Հենց այդ ժամանակ էլ ֆուտբոլիստները ծանոթացան նոր գլխավոր մարզչի՝ Ալեքսանդր Բորոդյուկի հետ, որը փետրվարի 27-ին է հավաքականի հետ 3 տարվա պայմանագիր կնքել:

Հայրենիքում մի քանի մարզումներ էլ անցկացնելուց հետո ղազախներն ուղեւորվեցին  արեւոտ ու տաք Կիպրոս, որտեղ մարտի 22-ին ընկերական հանդիպում ունեցան: Մեր մրցակիցը 1:3 հաշվով պարտություն կրեց ու Երեւան այդքան էլ բարձր տրամադրությամբ չի ժամանի:

Հայ-ղազախական դիմակայությունը. Հայ երկրպագուները կարող են հանգիստ լինել, միմյանց դեմ անձնական հանդիպումներում առաջատարը մեր ֆուտբոլիստներն են: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ու Ղազախստանի հավաքականները հանդիպել են 5 անգամ ու մերոնք առջեւում են 3:1 հաշվով:

Երկու երկրների հավաքականների առաջին հանդիպումը կայացել է 2004 թ․ փետրվարի 19-ին ու ավարտվել է 3:3 հաշվով։

Հաջորդ հանդիպումը կայացել է 3 տարի անց՝ 2007-ի հունիսին 2:1 հաշվով Ռոբերտ Արզումանյանի ու Սարգիս Հովսեփյանի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ հաղթել են մերոնք: Նույն տարում մեկ հաղթանակ էլ ղազախներն են տարել նվազագույն հաշվով:

2008 թվականին կրկին մարտի 26-ի խաղում էլ Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է եղել 1:0 հաշվով: Միակ գնդակը խփել է Էդգար Մանուչարյանը:

Գեւորգ Ղազարյանի դուբլի ու Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ 2012 թվականին մրցակիցն արդեն 0:3 հաշվով պարտություն է կրել:

Սոցցանցային նորություններ. Շատերս մոռացել ենք, որ Մարկոս Պիզելին բրազիլացի է, վաղուց նա սրտով ու մտածելակերպով հայացել է: Անգամ հավաքականի ազգությամբ շատ հայ ֆուտբոլիստներից ավելի լավ է տիրապետում լեզվին ու նույնիսկ թարգմանում է նրանց համար: 
[[gallery1]]
Խաղից առաջ ֆուտբոլիստը հերթական անակնկալը մատուցեց բոլորին ու հուզիչ գրառում կատարեց. «Ծնողներիս հետ ժամանում եմ Երեւան, որպեսզի նրանք տեսնեն իմ երկրորդ հայրենիքը»,- խոստովանեց ֆուտբոլիստը:

Կրկին հավաքական հրավիրված Էդգար Մանուչարյանն էլ այսպիսի գրառում կատարեց. «Անհնարին ոչինչ չկա»: Նա խոստովանեց, որ կարոտել է թիմակիցներին ու հավաքականում տիրող մթնոլորտին:
[[gallery2]]
Ֆուտբոլիստի համար հանդիպումը առանձնակի կարեւոր է. 17 տարի առաջ հենց ղազախների դեմ խաղում է նա նորամուտը նշել ազգային թիմում ու հաղթանակ է ակնկալում սպասվող դիմակայությունից:

Թիմակիցների հետ լուսանկար է հրապարակել նաեւ Գեւորգ Ղազարյանը: 2 Էդգարների՝ Մալաքյանի ու Մանուչարյանի հետ նա լուսանկարվել է թիմի հանգստի ժամանակ:
[[gallery3]]
Հանդիպումից սպասելիքներ. Հարձակվող Էդգար Մանուչարյան. Մոնտենեգրոյի դեմ խաղում հավաքականն իսկական հրաշք գործեց՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ Ղազախստանի հավաքականն ուժեղ թիմ ունի, եթե ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ապա պարտավոր ենք հաղթել ու կրկին ուրախացնել մեր երկրպագուներին:

Ղազախստանի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկ. Հայաստանի ընտրանին տեխնիկապես ուժեղ թիմ է, որը ժամանակակից ֆուտբոլ է ցուցադրում:

Դարպասապահ Դավիթ Լորիա. Հավաքականն ինձ համար ամենակարեւոր թիմն է, առաջիկա խաղում անպայման կփորձենք հաղթել ու ուրախացնել մեր երկրպագուներին:

Պաշտպան Դմիտրի Շոմկո. Հայաստանի ընտրանին արժանի մրցակից է, մենք դեռ պետք է ծանոթանանք նրա ուժեղ ու թույլ կողմերին եւ որոշենք ինչպես դիմակայել: Համոզված եմ, որ այս տարի հաղթական հանդիպումներ ենք ունենալու: Կաշխատենք դրանց մեկնարկը տալ Երեւանում:
[[gallery5]]
Լրացուցիչ տեղեկություններ. Հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հանդիպման տոմսերը դեռ չեն սպառվել ու ստադիոնի մոտակայքում գտնվող տոմսարկղերից կարելի է դրանք ձեռք բերել:

Իսկ տանը հանդիպման հետեւողներ ցանկացողներն էլ կարող են հետեւել Հանրային հեռուստատեսության հեռարձակմանը:

Մարտի 26-ին եղանակը ֆուտբոլային է լինելու, արեւոտ ու առանց տեղումների օր է սպասվում, օդի ջերմաստիճանը հասնելու է մինչեւ +14-ի: 

Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018