Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Հավաքականի լավագույն գոլահարն ու հաջող մեկնարկած մարզիչը
28.03 14:18

Մի քանի օրով ֆուտբոլային հասարակության ուշադրությունը կտրվեց ակումբային խաղերից, ներքին առաջնությունում ծավալված պայքարից, Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների սպասվող հետաքրքիր դիմակայություններից: Եկել էր ազգային հավաքականներում փայլելու ժամանակը, ու մի քանի ֆուտբոլիստների ու թիմերի մոտ դա իսկապես ստացվեց:

Ջանլուիջի Բուֆոնն իր 1000-րդ հանդիպումն անցկացրեց, Ռոբերտ Լեւանդովսկին աչքի ընկավ տուգանայինից խփած գեղեցիկ գոլով, Գերմանիան էլ Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակով լավագույն մեկնարկը տվեց ընտրական մրցաշարերում՝ 5 անընդմեջ հաղթանակ ու 20:1 գոլերի հարաբերակցություն:


Համեստ, բայց յուրահատուկ ձեռքբերում ունեցավ նաեւ մեր ազգային հավաքականը, որի մասին էլ Mediamax Sport-ը ներկայացնում է այսօր:

Հավաքականի լավագույն ռմբարկուն՝ 20 գնդակ

Ղազախստանի հետ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը 20-րդն էր կիսապաշտպանի համար:


10 տարի առաջ ազգային թիմում մեկնարկից հետո հայ ֆուտբոլիստը կիրակնօրյա խաղում 62-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ հավաքականի մարզաշապիկով: Դարպասապահ Ռոման Բերեզովկու հեռանալուց հետո նաեւ ավագի թեւկապը ժառանգած Մխիթարյանը սեփական հարկի տակ հերթական նվերը մատուցեց երկրպագուներին:
[[gallery1]]
Թեեւ 20 գոլն այդքան էլ շատ չէ, սակայն մի հավաքականի համար, որը երբեք չի անցել Աշխարհի կամ էլ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, վատ ցուցանիշ չէ:

Ինքը՝ Մխիթարյանը, իր գրանցած արդյունքին այսպես արձագանքեց. «Միշտ էլ ուրախ եմ հավաքականի կազմում գոլեր խփել: Վերջին անգամ պաշտոնական խաղերում աչքի էի ընկել 3 տարի առաջ Դանիայի դեմ: Կարեւորն այն է, որ կարողացանք Ղազախստանին հաղթել ու 3 միավոր վաստակել»:

Գերազանցելով մարզչին

Մինչ Մխիթարյանը երկար տարիներ ազգային թիմի լավագույն ռմբարկուն գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն էր՝ 11 գոլով: Նա վերջին անգամ հավաքականի կազմում աչքի էր ընկել 2003-ին Ուկրաինայի հետ մրցավեճում:

2013 թվականի հոկտեմբերին հավաքականի 18 համարն Իտալիայի դեմ խաղում գլխով գրավեց Ֆեդերիկո Մարկետիի դարպասն ու դարձավ Հայաստանի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

Իսկ ահա իր 20-րդ գնդակը Մխիթարյանը հենց Պետրոսյանի գլխավորած թիմում խփեց:

«Եկեք անկեղծ լինենք, 11 գոլը մեծ թիվ չէ: Սպասում էի, որ այն գերազանցվելու է, ու ես առաջիններից էի, որ այդ առիթով շնորհավորեցի Հենրիխին: Հույս ունեմ, որ շատ տղաներ դեռ կանցնեն այդ ցուցանիշը»,- խոստովանել էր մարզիչը:
[[gallery2]]
Լավագույն մեկնարկը

Թեեւ Պետրոսյանի ռմբարկուական ռեկորդը գերազանցվել է, սակայն նա արդեն նվաճումների է հասնում որպես ազգային ընտրանու մարզիչ:

Ֆուտբոլասերներն, անկասկած, չեն մոռացել հավաքականի այն հուսահատական ու սեւ շրջանը, երբ Պետրոսյանը ստանձնեց թիմի ղեկը:

Վարդան Մինասյանի հեռանալուց հետո 3 մարզիչներ փոխվեցին՝ Բեռնար Շալանդ, Սարգիս Հովսեփյան ու Վարուժան Սուքիասյան: Նրանցից ոչ ոք 1 տարուց ավել չմնաց հավաքականում, 3 տարվա ընթացքում հատուկենտ հաղթանակներ եղան պաշտոնական հանդիպումներում ու սարսափելի նահանջ ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում:
[[gallery3]]
Պետրոսյանի գալով անհուսալի թվացող ու առանց ոգեշնչման խաղացող թիմում կարճ ժամանակում ամեն ինչ փոխվեց: Առաջին հյացաքից նա մեծ փոփոխություններ չկատարեց, գրեթե, նույն կազմը, նույն երկրպագուներն ու ստադիոնը, սակայն փոխեց աշխատանքի նկատմամբ մոտեցումներն ու վստահություն հաղորդեց ավագից մինչեւ պահեստային խաղացողները:

Եվ ահա Պետրոսյանի արդեն 2-րդ խաղում հավաքականին հաջողվեց 3 միավոր վաստակել: Պաշտոնական հանդիպումներում 2 հաղթանակով նա դարձավ լավագույն մեկնարկն ունեցող մարզիչը: Նախկինում ոչ մեկին չէր հաջողվել այդքան հաջող մեկնարկ ապահովել հավաքականի ղեկին:

Գուցե, Ղազախստանի նկատմամբ տարած հաղթանակն ամենափայլունն ու գեղեցիկը չէր, սխալներից խուսափել էլ չստացվեց, բայց մեր թիմը շարունակում է առաջ գնալ: Թե ուր կհասցնի այդ ճանապարհը, դեռ չգիտենք, բայց խոստովանենք, որ մենք հենց այդպիսի փոքր քայլերի ակնկալիքով էինք այսքան երկար ժամանակ երազել նման մասնագետի մասին: Մենք խաղի մեջ ենք, ու միայն դա է հիմա կարեւոր:

Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018