Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
«Մոնակո»-«Յուվենթուս». Չեմպիոնների Լիգայի 2-րդ կիսաեզրափակիչը
03.05 14:14

«Մոնակոյի» եւ «Յուվենթուսի» կազմերում հանդես եկած Դավիդ Տրեզեգեն խոստովանել է, որ իր համար այսօր կայանալիք հանդիպումն առանձնակի նշանակություն ունի:

«Կարծում եմ, որ «Յուվեն» ֆավորիտ է, սակայն «Մոնակոն» կարող է հավասար պայքար մղել: Անկեղծ ասած՝ կցանկանայի այս թիմերին եզրափակչում տեսնել»,- ասել է նա:

Այսօր «Լուի 2-րդ» մարզադաշտում կայանալու է Չեմպիոնների Լիգայի երկրորդ կիսաեզրափակիչը՝ «Մոնակոն» հյուրընկալելու է «Յուվենթուսին»:

Տարբեր մասնագետներ գտնում են, որ իտալացիները կարող են հաղթել, սակայն այս տարի ֆրանսիական ակումբը նպատակ ունի հասնել ՉԼ-ի եզրափակիչ: Նշվում է, որ «Մոնակոյի» համար խնդիր կարող է լինել այն, որ այս մրցաշրջանում տարբեր մրցաշարերում արդեն անցկացրել է 57 հանդիպում (8-ով ավելի շատ, քան մրցակիցը), եւ հոգնածությունն իրենն անում է:

Չնայած սրան, «Մոնակոն» ՉԼ-ի այս մրցաշրջանում լավ արդյունքներ է գրանցում: Սեփական հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներից 6-ում հաղթանակ է տարել: Թիմը կազմակերպված է գործում ու կարողանում է ճիշտ օգտագործել պահերը, խփում է շատ գոլեր ու շարժվում առաջ: «Մոնակոն» վերջին անգամ ՉԼ-ի կիսաեզրափակչում հանդես է եկել 2004 թվականին, այժմ հաջողությունը ցանկանում է զարգացնել:

 

Ռադամել Ֆալկաո

 [[gallery1]]
Այս տարի ես հրաշալի մրցաշրջան եմ անցկացնում: Եթե հաջողվի նվաճման հասնել նաեւ Չեմպիոնների Լիգայում, ապա ինձ համար կստացվի ամենալավ տարին: «Յուվեն» լավ պաշտպանություն ունի, սակայն մեր հարձակման գիծը նույնպես շատ լավն է: Այնպես որ, մեր նպատակը եզրափակիչ դուրս գալն է, դրա համար պետք է կռիվ տանք:

Լեոնարդու Ժարդիմ
[[gallery2]]
«Յուվենթուսը» տարբերվում է «Բորուսիայից» ու «Մանչեսթեր Սիթիից», եւ մենք պետք է խաղային այլ մոտեցում ցուցաբերենք: Երբ իտալացիները անթերին են գործում, ապա նրանց գոլ խփելը, գրեթե, անհնարին է դառնում: Դրա համար էլ մենք պետք է արագ գործենք:

«Յուվեն» այս փուլում հանդես գալու ավելի մեծ փորձ ունի: Թիմի կազմում ընդգրկված են ՉԼ-ի հաղթողներ, ովքեր պատրաստ են կրկին հաղթանակով ավարտել հերթական հանդիպումը: Մասիմիլիանո Ալլեգրին կարողանում է, գրեթե, անթերի կառուցել թիմի խաղը՝ պաշտպաններից մինչեւ հարձակվողներ գրագետ են գործում բոլոր մրցակիցների դեմ: ՉԼ-ի 10 խաղում թուրինցիները բաց են թողել ընդամենը 2 գոլ:

Սակայն իտալական պաշտպանությանը զուգահեռ «Յուվենթուսն» աչքի է ընկնում նաեւ գեղեցիկ գրոհներով ու հակագրոհներով, որոնք վերածվում են այդքան ցանկալի գոլերի:

Թիմում նշում են, որ ֆավորիտ լինելը մի բան է, հաղթելը՝ մի այլ: Դրա համար նրանք փորձելու են ճիշտ խաղ ցուցադրել ու հասնել մրցակցի դարպասին, իսկ գոլ խփելուց հետո էլ կարողանալ անառիկ պահել սեփականը:

Ջանլուիջի Բուֆֆոն
[[gallery3]]
Եթե «Մոնակոն» հասել է կիսաեզրափակիչ, ապա արժանի է եղել դրան: Կարծում եմ, որ խաղը հավասար պայքարում կընթանա: Մենք փորձառու ենք, սակայն մրցակիցն էլ երիտասարդ ֆուտբոլիստներով է հարուստ, որոնք ձգտելու են առավելագույնին: Ամեն դեպքում, ինչ հաշիվ էլ գրանցվի այսօրվա խաղում, դիմակայության ելքը որոշվելու է ոչ թե Ֆրանսիայում, այլ մեկ շաբաթ անց Իտալիայում:

Մասիմիլիանո Ալլեգրի
[[gallery4]]
Հուսամ, որ մենք կդառնանք այն թիմը, որը հյուրընկալվելիս կկարողանա հաղթել «Մոնակոյին»: Այս թիմը տարբերվում է այն մեկից, որի հետ մենք խաղացել ենք երկու տարի առաջ (թիմերը միմյանց դեմ մրցել են 2014-15 մրցաշրջանի քառորդ փուլում): Այժմ մրցակիցն ավելի շատ գոլեր է խփում, հատկապես խաղավարտին: Շատ եմ հարգում «Մոնակոյին» ու գիտեմ, որ եզրափակիչ դուրս գալու համար պետք է հրաշալի ֆուտբոլ ցուցադրենք:

Այսօրվա խաղում «Մոնակոյին» չեն կարող օգնել վնասվածքներ ստացած Բոսկիլյան ու Կարիլիոն, հարցականի տակ է Սիդիբեի ու Բակայոկոյի մասնակցությունը: «Յուվեի» կազմում կբացակայեն Խեդիրան, Պիացան ու Ռուգանին:

Գոհար Նալբանդյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018