Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
«Այաքս»-ՄՅՈւ խաղին ընդառաջ. Վերլուծում է Աբրահամ Խաշմանյանը
23.05 17:21

Վաղը Եվրոպայի Լիգայի եզրափակչում կայանալու է հոլանդա-անգլիական դիմակայություն:

Mediamax Sport-ն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին խնդրել է վերլուծել «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» սպասվող դիմակայությունը եւ ներկայացնել թիմերին:

Որպես կանոն եզրափակիչ հանդիպումներն այդքան էլ դիտարժան չեն լինում: Ստացվում են շատ բարդ հանդիպումներ, որովհետեւ ճնշումը շատ մեծ է, ֆուտբոլիստներն ավելի կաշկանդված են գործում, ու պատասխանատվությունը բարձր մակարդակի վրա է: Այս առումով, կարծում եմ, երկրպագուների համար այդքան էլ հետաքրքիր խաղ չի ստացվի: Մենք ականատես կլինենք տակտիկական կռվի, դաշտում յուրաքանչյուրը կպայքարի ամեն սանտիմետրի համար:

Թիմերը խիստ տարբեր են միմյանցից, ու մարզիչները պետք է կարողանան ճիշտ մարտավարություն ընտրել:

«Այաքսը» Եվրոպայում ամենաերիտասարդ թիմերից մեկն է, գործում է ավելի արագ ու ռոմանտիզմն այստեղ ավելի շատ է, քան ՄՅՈւ-ի մոտ: Երբ ֆուտբոլիստները շատ երիտասարդ են, նրանց մոտիվացիան ավելի բարձր է լինում: Դրա համար «Այաքսում» ցանկությունն ավելի մեծ է:
Երիտասարդությունն, անշուշտ, օգնել է «Այաքսին» Եվրոպայի Լիգայում հասնել եզրափակիչ: Բայց միայն դա չէ թիմի հաջողության գաղտնիքը: Էլի թիմեր կան, որ համալրված են երիտասարդներով, բայց չեն երեւում: Չպետք է մոռանալ մարզչական գործոնի մասին: «Այաքսի» մարզիչները՝ Պետեր Բոսի գլխավորությամբ, հիանալի աշխատանք են տանում, նրանք կարողացել են ճիշտ ընտրություններ կատարել ու պատրաստել թիմին կարեւոր խաղերում:
[[gallery1]]
Եթե նայենք հոլանդացիների վիճակագրությունը, նրանք այս ԵԼ-ում սեփական հարկի տակ ոչ մի պարտություն չեն կրել: Միգուցե տան պատերն օգնում են նրանց, բայց չեմ կարծում, որ եզրափակչում անկաշկանդ կգործեն: Մանավանդ, որ դաշտը երկու թիմերի համար էլ չեզոք է լինելու:

Գավաթի ելքը մեկ խաղով է վճռվում, սխալվելու իրավունք թիմերը չունեն: Չգիտեմ մարզիչները տակտիկական ինչ լուծումներ կտան, մարտավարական մոտեցումներն ինչպիսին կլինեն: Միգուցե «Այաքսը» միանգամից նետվի գրոհի, կամ որոշի հանդես գալ երկրորդ համարով:

Սա կախված է նաեւ նրանից, թե ինչ թույլ կտա ՄՅՈւ-ն: Իսկ Ժոզե Մոուրինյոն հաստատ յուրահատուկ լուծումներ գտնելու խնդիր չունի: Որպես մարզիչ, նա առաջիններից է, եզրափակիչներում հանդես գալու մեծ փորձ ունի:

«Մանչեսթերը» բավական փորձառու թիմ է, պրագմատիկ ֆուտբոլ է խաղում, ճիշտ է, իմ կարծիքով, այս տարի այդքան էլ տպավորիչ չի գործում: Բայց չմոռանանք, որ այնտեղ Ժոզե Մոուրինյոն է աշխատում, կան տղաներ, ովքեր ցանկացած պահի կարող են որոշել խաղի ելքը:

Պորտուգալացին առաջին տարին է, որ գլխավորում է թիմը, հեշտ չի միանգամից հաջողությունների հասնել: Նույնիսկ էլիտ-մարզիչներին է ժամանակ  պետք հարմարվելու համար: Կարծում եմ, որ մյուս տարի ՄՅՈւ-ն ավելի լավ կխաղա:

Այսօրվա ֆուտբոլում մարզիչը մեծ նշանակություն ունի, իսկ «Մանչեսթերի» ղեկին ամենաթոփ մասնագետներից մեկն է:

Այս խաղը մեզ հետաքրքրում է նաեւ այն առումով, որ անգլիական ակումբում է Հենրիխ Մխիթարյանը: Նա իսկական աստղ է, կարողանում է մեկ գործողությամբ (գոլ խփելով կամ փոխանցում կատարելով) հարց լուծել: Այս խաղում Հենոն պետք է որ ամենաակտիվներից ու բարձ օգտակար գործողության գործակից ունեցող ֆուտբոլիստներից մեկը լինի: Նա կարող է լիդեր լինել:
[[gallery2]]
Մխիթարյանից բացի, թիմն իր հետեւից կարող է տանել Պոգբան, կամ նեղ իրավիճակներում Ռունին կարող է իր վրա վերցնել խաղը:

«Մանչեսթեր Յունայթեդի» այս հայտնի անունները, չեմ կարծում, որ կխանգարեն «Այաքսի» կազմակերպված թիմի երիտասարդներին, ովքեր շատ մեծ մոտիվացիա ունեն:

Արդյունքի հետ կապված կանխատեսում չեմ անի, որովհետեւ ֆուտբոլն իրավիճակներից է բաղկացած, տվյալ իրավիճակում ով առավելագույնը կքաղի՝ նա էլ կհասնի հաջողության:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017