Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Երիտասարդ «Այաքսն» ու փորձառու ՄՅՈւ-ն. ԵԼ-ի վերջին դիմակայությունը
24.05 14:01

Եվրոպայի Լիգայի եզրափակիչ դուրս եկած թիմերը երկար ճանապարհ են անցել, ունեցել դժվար հանդիպումներ ու նաեւ հաղթանակներ: Ծանր մրցաշրջանի ավարտը թե «Այաքսը», թե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ազդարարել հաղթանակով:

«Այաքս»

Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հասնելու համար «Այաքսը» հետաքրքիր ու հագեցած հանդիպումներ է անցկացրել: Պետեր Բոսի թիմը տնային բոլոր 7 հանդիպումներում հաղթանակներ է տարել, կարողացել է քառորդ եզրափակչում պայքարից հանել «Շալկեին», իսկ կիսաեզրափակչում՝ «Լիոնին»:

Հոլանդացիների համար անչափ կարեւոր հանդիպում ստացվեց «Շալկե-04»-ի հետ պատասխան դիմակայությունը: Երբ մնացել էր 10 հոգով, իսկ մրցակիցը առավելություն էր ստացել, հանդիպման ավարտից 9 րոպե առաջ Նիկ Վիրգեվերի հրաշալի խաղի շնորհիվ «Այաքսը» գոլ հեղինակեց ու շարունակեց պայքարը: Ինչպես խոստովանել են ֆուտբոլիստները, սրանից հետո ավելի վստահ դարձան:
[[gallery1]]
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը «Այաքսի» կազմում առանձնացրել է թիմի ավագ Դավի Կլասսենին: Նա 24 տարեկան է, բայց ամենափորձառու խաղացողներից մեկն է, հսկայական աշխատանք է կատարում կիսապաշտպանությունում ու դառնում կարեւոր գոլերի հեղինակ: Այս մրցաշրջանում Կլասսենն արդեն 21 անգամ աչքի է ընկել: Սպասվում է, որ նա ամռանը Իտալիա կամ էլ Անգլիա կտեղափոխվի:

Այսօր կայանալիք եզրափակչի կազմը դեռ հայտնի չէ, սակայն մասնագետները նշում են, որ հոլանդական ակումբից դաշտ դուրս եկած ֆուտբոլիստների միջին տարիքը 22 կլինի: Ինչպես մարզիչը, այնպես էլ ֆուտբոլիստները մինչ այս եվրագավաթներում երբեք եզրափակչում հանդես չեն եկել: Տեսնենք, թե ինչպես կկարողանան նրանք դրսեւորել իրենց:
[[gallery2]]
Մարզիչ Պետեր Բոսը նախընտրում է կոմբինացված ու ստեղծագործական ֆուտբոլ: Նրա փիլիսոփայությունը պարզ է՝ հարձակվել հսկայական պրեսինգով, միեւնույն ժամանակ ֆուտբոլիստները պետք է նաեւ հաճույք ստանան խաղից:

«Այաքսը» ԵԼ-ում հրաշալի ու անհոգ ֆուտբոլ է ցույց տալիս: Երիտասարդ թիմը գործում է ազատ ու հանգիստ, ցանկացած մրցակցի դեմ կարողանում են գործել անկաշկանդ:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Մանչեսթերյան ակումբն, անշուշտ, ավելի փորձառու է ու բազմաթիվ նվաճումներ ունի: Սակայն թիմի համար Եվրոպայի Լիգայի գավաթը կլինի առաջին տիտղոսը: Չնայած մրցաշրջանի սկզբում Ժոզե Մոուրինյոն խոստովանում էր, որ մրցաշարն անհամեմատելի է Չեմպիոնների Լիգայի հետ, սակայն երբ նշմարվեց, որ Անգլիայի առաջնությունում թիմը լավագույն քառյակ չի մտնի ու ՉԼ-ի ուղեգիր չի նվաճի, պորտուգալացին նշեց, որ ամեն գնով պետք է հաղթել ԵԼ-ն:
[[gallery3]]
Եվրոպայի Լիգայի առաջին խաղում ՄՅՈւ-ն մեկնարկել է հոլանդական «Ֆեյենորդի» հետ խաղում, որում, ի դեպ, պարտություն է կրել: Թիմը հետագայում էլ խնդիրներ ունեցավ՝ 7 արտագնա խաղերում տանելով միայն 3 հաղթանակ: Սակայն «Օլդ Թրաֆֆորդն» օգնեց նրանց ու 7 հանդիպումներից 6-ն ավարտեցին հաղթանակով:

ՄՅՈւ-ի համար անչափ կարեւոր էր «Սելթայի» դեմ պատասխան խաղը, որում Ժոզեի թիմը լավ տեսք չուներ: Հոգնած ու ոչ վճռական մրցակցին իսպանացիներն արագ խաղ էին թելադրում: Եզրափակիչ դուրս գալու համար մանկունիացիները պետք է շնորհակալություն հայտնեն Մարկուս Ռեշֆորդին, որի գոլի շնորհիվ նրանք այսօր Ստոքհոլմում են:

ՈւԵՖԱ-ն «Մանչեսթերի» կազմում առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին: Չնայած Մխիթարյանը ԵԼ-ում նորամուտը նշեց ընդամենը խմբային փուլի 4-րդ տուրում, բայց կարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Այս մրցաշարում 743 րոպե խաղալով՝ նա 5 գոլ է խփել: Ընդ որում, աչքի է ընկել որոշիչ՝ «Սենթ-Էթյեն», «Ռոստով» ու «Անդերլեխտ» հանդիպումներում:
[[gallery4]]
Որպես գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեք անգամ հանդես է եկել ՈւԵՖԱ-ի գավաթային եզրափակիչներում, երեք անգամն էլ հաղթանակ է տարել: Իսկ իր սաներն, ի տարբերություն մրցակցի, շատ ավելի փորձառու են: Ուեյն Ռունին, Անտոնիո Վալենսիան, Մայքլ Կարիկն ու Քրիս Սմոլինգը 2011-ին ելույթ են ունեցել Չեմպիոնների Լիգայի եզրափակչում:

«Մանչեսթերն» այս մրցաշրջանում պահերով լավ է հանդես գալիս, իսկ հաճախ անգույն ու հիասթափեցնող խաղ ցուցադրում: Բայց մարզիչը մտքում ունեցել է մայիսի 24-ը՝ իմանալով, որ կարողանալու է դուրս գալ եզրափակիչ: Նա խոստովանել է, որ «Այաքսի» դեմ հանդիպումն անչափ կարեւոր է, ու ֆուտբոլիստները մեծ պատասխանատվությամբ են դաշտ դուրս գալու:

«Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությունը կկայանա այսօր, հանդիպման սկիզբը Հայաստանի ժամանակով ժամը 22:45-ին է:

Գոհար Նալբանդյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017