Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Հատուկի հատուկ հանդիպումը. ՉԼ-ում հայտնվելու Մոուրինյոյի վերջին շանսը
24.05 17:18

«Եվրոպայի Լիգայի գավաթը միակն է, որի կրկնօրինակը ես չունեմ, թեեւ այն էլ եմ հաղթել: 2003-ին այն համարվում էր ՈւԵՖԱ-ի գավաթ, չնայած շատ գեղեցիկ էր, չափազանց ծանր, բայց միեւնույն ժամանակ բարդ կրկնօրինակը պատրաստելու համար: Բայց ես ունեմ հաղթանակը հավաստող մեդալ, ու որ ամենակարեւորն է՝ հիշողություններ»:

Այսպես է հիշում 2004-ին ՈւԵՖԱ-ի գավաթում իր նորամուտի ու հաղթանակի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Այն ժամանակ արդեն հեռավոր թվացող եզրափակչում «Պորտուն» հաղթեց «Սելթիկին», Մոուրինյոն էլ աստիճանաբար սկսեց Հատուկի իր ուղին:
[[gallery1]]
Երբ 2013-ին նա գլխավորեց «Չելսին», թիմը Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ նոր էր տիրացել ՈւԵՖԱ-ի Գավաթին: Մի քանի օր առաջ The Independent-ը հիշեցրեց պորտուգալացու այն ժամանակվա խոսքերը. «Չէի ցանկանա հաղթել Եվրոպայի Լիգայում: Այդ մրցաշարում հաղթելն ինձ համար մեծ հիասթափություն կլիներ: Իմ ֆուտբոլիստները չպետք է Եվրոպայի Լիգան իրենց մրցաշարը համարեն»:

Դրանից 4 տարի անց Մոուրինյոն նույն մրցաշարում հասավ եզրափակիչ ու հայտարարեց, որ ցանկանում է Եվրոպայի Լիգայի գավաթից բացի բոլոր մրցանակներն ունեցող ՄՅՈւ-ի հետ տիրանալ այդ տիտղոսին:

Կիսաեզրափակչում «Սելտային» հաղթելուց հետո նա նույնիսկ չկարողացավ զսպել արցունքները. «14 խաղ անց մենք վերջապես եզրափակչում ենք: Եթե հաղթենք այն, առավել քան երջանիկ կլինեմ»,- խոստովանեց Մոուրինյոն:

Նրա համար այսօր Ստոքհոլմում կայանալիք եզրափակչում զիջելը ձախողում կլինի: Թեեւ մանկունիացիները սիրում են կրկնել, որ արդեն 2 գավաթ նվաճել են (Անգլիայի սուպերգավաթն ու առաջնության գավաթը), սակայն անկեղծորեն դրանցից ոչ մեկն իր արժեքով անգամ մոտ չէ եվրոպական գավաթներին կամ էլ Անգլիայի չեմպիոնությանը:
[[gallery2]]
Երկրի առաջնությունում թիմը 6-րդն էր, այդ ցուցանիշով Ժոզեն զիջել է նույնիսկ Լուի վան Գալին: Երկրպագուներից շատերն էլ հիշում են երկար բրազիլական սերիալի նմանվող Մոուրինյոյի արդարացումները, գրեթե, բոլոր հանդիպումներից հետո: Նա անընդհատ բողոքում էր հաճախակի վանսվածքներից ու հագեցած խաղացանկից:

Հասկանալով, որ Անգլիայի առաջնությունում քառյակում ընդգրկվելը անհնար է, նա շեշտը դրեց Եվրոպայի Լիգայի վրա, սակայն ասուլիսներից մեկի ժամանակ այն էլ քննադատեց: Պորտուգալացին նշեց, որ չեն երազում խաղալ ԵԼ-ում, սակայն այն իրենց համար ճանապարհ կհարթի դեպի այդքան բաղձալի Չեմպիոնների Լիգա, որի մասին բոլոր ակումբները միայն երազում են:
[[gallery3]]
Չեմպիոնների Լիգայում «մսակերի» համբավ ձեռք բերած Մոուրինյոյի համար Եվրոպայի Լիգան «բուսակերին» հատուկ մրցաշար էր թվում՝ առանց համեղ պատառների ու մեծ հավակնությունների: Բայց կեսից նահանջելը Ժոզեին հատուկ երեւույթ չէ: Իր թիմի հետ նա հասել է եզրափակիչ ու այդ հաղթաթուղթը դժվար թե հեշտությամբ որեւէ մեկին զիջի:

Եվրոպայի Լիգայում հաղթելու դեպքում ՄՅՈւ-ն ոչ միայն խոշոր դրամական պարգեւ կստանա ակումբի ղեկավարության կողմից 38 մլն ֆունտ ստերլինգի չափով, նաեւ վերջապես դուրս կգա եվրոպական էլիտար ակումբների մրցաշար:

Մոուրինյոյի ու եզրափակիչների մասին հիշատակումն անգամ վախեցնում են մրցակիցներին, չէ որ նա 13-ից 11-ում հաղթած մարզիչն է: Պորտուգալացին մեծ նվաճումների վարպետ է, սովոր է վճռական պահերին իր թիմերին այնպես տրամադրել, որ հաղթանակն իրենցը լինի:

 

[[gallery4]]

 

Այս տարվա ֆուտբոլային ամենամեծ սենսացիան արարած «Այաքսի» համար Լիգայում խաղալը հաշվի մեջ չի մտնում, թիմը Հոլանդիայի առաջնությունում 2-րդ է եղել ու արդեն ապահովել է իր մասնակցությունը մյուս մրցաշրջանում: Սակայն երիտասարդ ու հարձակողական ֆուտբոլ դավանող ակումբի համար էլ գավաթի նվաճումը ամենամեծ պարգեւը կլինի:

Առաջին անգամ եզրափակչում հայտնված Պետեր Բոսն ու իր սաները միակն են, որոնք կարող են կանգնեցնել կարմիր սատանաներին: Մխիթարյանին ու թիմակիցներին 14-խաղյա մարաթոնից հետո մնում է հաղթել ընդամենը մեկ, բայց չափազանց որոշիչ խաղում ու հանգիստ մեկնել ամառային արձակուրդի:

Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017