Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Փոքրիկ տղայի երազանքի կատարումը. Դեպի ֆուտբոլային բարձունքներ
25.05 16:08

Փոքրիկ տղան, որը միայն երազել կարող էր հայտնվել Եվրոպայի Լիգայի եզրափակչում, արդեն իրականություն է դարձրել նաեւ այդ նպատակը:
[[gallery1]]
Երեկ գիշեր նա հայկական դրոշով փաթաթված շրջում էր եվրոպական ամենամեծ խաղադաշտերից մեկում: Նա վաստակել էր այդ իրավունքն իր խաղով, ֆուտբոլին անմնացորդ նվիրվելու ու ոչնչի առաջ չկանգնելու շնորհիվ:

Վճռական, նպատակասլաց, աշխատասեր ու չհանձնվող. հենց այսպիսին մենք գիտենք Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նրա կարիերան ու պրոֆեսիոնալ աճը ողջ հայ ազգի աչքի առաջ ու մանրակրկիտ ուշադրության կենտրոնում է ծավալվել:

Ու այս գիշեր Սթոքհոլմի Friends Arena-ում ասես իրականություն էր դառնում ոչ միայն նրա երազանքը:

Առաջին հայ ֆուտբոլիստը, որը հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, գոլի հեղինակ դարձավ ու իր թիմի հետ տիրացավ այդ բաղձալի տիտղոսին: Փորձեք համոզել հայերին, որ այդ հաղթանակը նաեւ իրենցը չէ, ու նրանք հակառակն ապացուցող հարյուրավոր փաստեր կբերեն:
[[gallery2]]
Հայրենիքում Մխիթարյանը վաղուց էլ սովորական ֆուտբոլիստ չէ, նա կուռք է, ոգեշնչման օրինակ ու համաշխարհային մեծության հայ: Նրա ազգանունը ֆուտբոլի հոմանիշ է դարձել:

Նա սովորական հայ տղայից վերածվեց եվրոպական ֆուտբոլային ծագող աստղի: Չնահանջեց այնտեղ, որտեղ շատերը կարող էին հետ քաշվել, պայքարեց իր սիրելի խաղում լավագույններից մեկը դառնալու համար ու երեկ Ստոքհոլմում հաղթեց ոչ միայն գավաթի եզրափակչում:

Նա պատմություն է կերտում փոքրիկ Հայաստանի ու ՄՅՈւ-ի պես հին ավանդույթներ եւ ֆուտբոլային ուղի անցած ակումբի համար: Եվրոպայի Լիգայի 11 խաղերում 6 գոլի հեղինակ է դարձել, ընդ որում՝ 4 անգամ աչքի ընկել անընդմեջ: Վերջին անգամ նման ցուցանիշ ակումբում ՈւԵՖԱ-ի գավաթի 1964-1965 խաղարկությունում էր գրանցվել:
[[gallery3]]
Մխիթարյանը ԵԼ-ում ակումբի լավագույն ռմբարկուն է, Մանչեսթերի հրաշք Միկին, որը ամենանհավանական տեղերից ու հարվածներով կարող է գրավել մրցակցի դարպասը:

ՄՅՈւ-ի երկրպագուների շուրթերից վաղուց չի իջնում Մխիթարյանի մասին երգը: Երեկ էլ փոխարինվող Մխիթարյանին նրանք նվիրեցին Սթինգի «Englishman In New York»-ի իրենց վերափոխված տարբերակը՝ «Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian»!:



Նա էլ վաղուց լուսանկարի փոքրիկ երեխան չէ, որը միայն երազել կարող է, հիմա նա ունակ է կյանքի կոչել իր բոլոր երազանքները: Դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, Ոսկե գնդակ ստանալ, նվաճել Չեմպիոնների Լիգայի Գավաթը, Անգլիայի չեմպիոն հռչակվել կամ էլ խաղալ ցանկացած բարձրակարգ ակումբում:

Տարիներ առաջ ՄՅՈւ-ում հայ ֆուտբոլիստ ունենալն ու Եվրոպայի Լիգայի գավաթի վրա Հայաստանի եռագույնը տեսնելն էլ ցնորական գաղափար էր թվում, բայց 2017-ին դա արդեն իրականություն է:

Երազանքները տանում են այնտեղ, որտեղ մենք ցանկանում ենք: Հետեւենք Մխիթարյանին, նա իրեն ու մեզ դեռ շատ անակնկալներ կմատուցի:

Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017