Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Պրեմիեր լիգայի հետաքրքիր, հաղթական ու հիասթափեցնող թիմերը
26.05 13:23

Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ առաջնությունը: Գրանցվեցին թե անակնկալներ, թե հիասթափություններ: Mediamax Sport-ն ամփոփել է ավարտված մրցաշրջանն ու վերլուծել կարեւորագույն դրվագները:

«Չելսին»՝ չեմպիոն
[[gallery1]]
38 խաղ - 30 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 5 պարտություն, 93 միավոր

Լոնդոնի «Չելսին» ԱՊԼ-ի պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ չեմպիոն: Անտոնիո Կոնտեն Անգլիայում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում կարողացավ իր թիմին առաջնորդել դեպի բաղձալի գավաթը:

Մրցաշրջանի սկզբում ունեցած դժվարությունները չկոտրեցին «Չելսիին»: «Լիվերպուլից» եւ «Արսենալից» կրած անընդմեջ պարտությունները սկիզբ դրեցին լոնդոնցիների հաղթարշավին: Կոնտեի հանհրահայտ 3-4-3 տակտիկական սխեման էլ դարձավ «Չելսիի» հաջղության գրավականը:

Զարմանալի է, բայց վերջին տարիներին այն թիմերը, որոնք փորձել էին օգտագործել 3 պաշտպաններով խաղային սխեման՝ դրական արդյունքի չէին հասել: Բայց իտալացի մասնագետի յուրօրինակ մոտեցումն օգնեց «Չելսիին» զարմացնել մրցակիցներին: Բացի այդ, Կոնտեի թիմը ընթացիկ մրցաշրջանում 30 հաղթանակ տոնելով՝ դարձավ ռեկորդի հեղինակ: Դրանից առաջ 29 հաղթանակ տոնել էր Մոուրինյոյի թիմը՝ 2004-05 թթ. եւ 2005-06 թթ. մրցաշրջաններում:

«Չելսիի» չեմպիոնությանը զուգահեռ եւս մեկ դրամատիկ իրադարձություն տեղի ունեցավ: Թիմը հրաժեշտ տվեց լեգենդար ավագ Ջոն Թերիին, ով մրցաշրջանի ավարտից հետո փոխելու է ակումբային գրանցումը:

ՉԼ-ի ուղեգիր նվաճած թիմերը

«Տոտենհեմ». 38 խաղ - 26 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 4 պարտություն, 86 միավոր
[[gallery2]]
Եթե դիտարկենք, որ «Տոտենհեմն» ի սկզբանե պայքարում էր չեմպիոնության համար, ապա այս մրցաշրջանը ձախողված պետք է համարել լոնդոնցիների համար: Իսկ եթե թիմը պայքարում էր թոփ- 4-ում հայտնվելու համար, ապա առաջադրանքը լավագույնս կատարված է: Այսպիսի թեժ մրցակցության դեպքում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելը պատվաբեր արդյունք է:

Մաուրիսիո Պոչետինոյի երիտասարդ թիմը հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում մրցաշրջանի ամբողջ ընթացքում: Մի քանի դեպքերում գրանցված սայթաքումները փորձի պակասի հետեւանք էին: Կարելի է վստահաբար ասել, որ այս թիմը կարող է արժանի պայքար մղել ոչ միայն Անգլիայում, այլ նաեւ Եվրոպայում:

«Տոտենհեմի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 29 գոլի հեղինակ: Երիտասարդ փլեյմեյքերներ Դելե Ալին եւ Քրիստիան Էրիկսենն էլ համարվում են «Տոտենհեմի» շարժիչ ուժը: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեկ-երկու թոփ մակարդակի ֆուտբոլիստ ձեռք բերելու դեպքում «Տոտենհեմը» կդառնա հաջորդ մրցաշրջանում չեմպիոնի հիմնական հավակնորդներից մեկը:

«Ման. Սիթի». 38 խաղ - 23 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 6 պարտություն, 78 միավոր
[[gallery3]]
Երբ առաջնության մեկնարկային 6 տուրերեից հետո «Մանչեսթեր Սիթին» հավաքած 18 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, շատերը սկսեցին պնդել, որ Գվարդիոլան նույնիսկ Անգլիայում մրցակցության չի բախվի:

Սակայն, ամեն ինչ գլխիվայր շրջվեց կատալոնացի մասնագետի համար: Այդ պահին նա չէր էլ կարող պատկերացնել, որ մինչեւ վերջին տուրը կպայքարի ոչ թե չեմպիոնության, այլ լավագույն քառյակում հայտնվելու համար:

«Սիթիի» ձախողման պատճառները շատ են՝ սխալ տրանսֆերային քաղաքականություն, ֆուտբոլիստների խաղի ցածր մակարդակ, նոր մարզչական գաղափարների թերի յուրացում: «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմը լուրջ թարմության կարիք ունի: Սա առաջնային աշխատանք է, որը պետք է կատարի Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանում մարտունակ թիմ ունենալու համար:

«Լիվերպուլ». 38 խաղ - 22 հաղթանակ, 10 ոչ-ոքի, 6 պարտություն, 76 միավոր
[[gallery4]]
«Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում դարձել էր անգլիական ֆուտբոլի Ռոբին Հուդը՝ բարձրակարգ թիմերից միավորներ էր խլում ու բաժանում միջին եւ ցածր մակարդակի մրցակիցներին: Այս անկայությունը կարող էր թանկ արժենալ Յուրգեն Կլոպի թիմի համար, որը մինչեւ մրցաշրջանի վերջին տուրը պայքար էր մղում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար:

Բարեբախտաբար մերսիսայդցիները չսայթաքեցին, բայց ՉԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլին մասնակցելն էլ խաղ ու պար չէ: Այդ հատվածում յուրաքանչյուր թիմ վտանգավոր է:

 «Լիվերպուլն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է լրջորեն ուժեղացնի կազմը՝ հատկապես կիսապաշտպանությունն ու պաշտպանությունը:

Թոփ-4-ից դուրս մնացած թիմերը
[[gallery5]]
«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպայի Լիգայի հաղթող ու նվաճեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:

Անդրադառնալով Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթներին, այն կարելի է բնութագրել մեկ բառով՝ ձախողված: 38 խաղերում 15 ոչ-ոքի, որից 10-ը սեփական հարկի տակ, աններելի է: Կարելի է ասել, որ Մոուրինյոյի թիմն ամբողջ մրցաշրջանի ընթացքում կենտրոնացած էր Եվրոպա լիգայի վրա: Սակայն դա արդարացում չէ, «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբը պետք է միշտ պատրաստ լինի պայքարելու մի քանի ճակատով:

Այնուամենայնիվ, Անգլիայի լիգայի գավաթը նվաճելը դրական արդյունք է մանկունիացիների համար:

Մոուրինյոն ամառվա ընթացքում բավականին զբաղված է լինելու նոր ֆուտբոլիստների փնտրտուքով: Հարձակվող եւ կենտրոնական պաշտպան ձեռք բերելն առաջնային է:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա հայ կիսապաշտպանը լավ մրցաշրջան անցկացրեց: Թե ԱՊԼ-ում, թե ԵԼ-ում Մխիթարյանը փայլեց իր խաղով: Մրցաշրջանի մեկնարկային հատվածում առկա մեծ ճնշումը չկոտրեց նրան: Նույնիսկ Մոուրինյոն էր խոստովանել, որ հիացած է Հենրիխի պրոֆեսիոնալիզմով:

Ամբողջ մրցարջանի ընթացքում մի քանի դիրքերում օգտագործելով, պորտուգալացի մասնագետը վերջնականապես հասկացավ, որ Մխիթարյանի տեղը դաշտի կենտրոնում է: Կարծում եմ, այս հանգամանքը հաշվի առնելով՝ Հենոն մյուս մրցաշրջանում կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի հենասյունը:

«Արսենալ». Նորից հիասթափություն
[[gallery6]]
Արսեն Վենգերի թիմը հերթական անփառունակ մրցաշրջանն անցկացրեց: Չեմպիոնական պայքարի մեջ ընդհանրապես մասնակցություն չունենալով՝ թիմը ձեռքից բաց թողեց նաեւ ՉԼ-ի հաջորդ խաղարկության ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունը: Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ «զինագործները» չեն խաղա Չեմպիոնների լիգայում:

Ակումբում անորոշ իրավիճակ է: Արսեն Վենգերի հեռացումը պահանջող երկրպագուների թիվն օրեցօր ավելանում է: Նրանց են միանում նաեւ ֆուտբոլիստները, ակումբի որոշ ղեկավարներ: Թիմի գլխավոր աստղերի՝ Մեսութ Օզիլի եւ Ալեքսիս Սանչեսի պայմանագրերի երկարաձգման հարցը եւս օդում կախված է: Բոլորը սպասում են Արսեն Վենգերի որոշմանը:

Մրցաշրջանի վերջնամասում «Արսենալը» վերակենդանացման հույսեր տվեց: Վենգերը անցավ 3 պաշտպաններով խաղային սխեմայի, որը մի շարք հաղթանակներ ապահովեց թիմի համար: Բայց այդքան բավական չեղավ քառյակում հայտնվելու համար:

Չեմպիոնշիփի ուղեգիր նվաճած երեք անհաջողակ թիմերը

«Սանդերլենդը» ընթացիկ միցաշրջանում դարձել է ընդամենը 29 գոլի հեղինակ, որից 15-ը խփել է Ջերմեյն Դեֆոն: Կարծում եմ, այսքանը բավական է ամփոփելու «Սեւ կատուների» ելույթներն ընթացիկ խաղարկությունում:

«Հալլ Սիթին» տուժեց ղեկավարների անհեռատեսության պատճառով: Մարզչական փոփոխությունները պարզապես սպանեցին թիմին: Նույնիսկ մրցաշրջանի վերջնամասում պորտուգալացի Մարկու Սիլվան, ով լավ էր սկսել իր աշխատանքը «Հալլ Սիթիում», չդիմացավ ճնշմանը:

«Միդլսբրոյի» նախկին գլխավոր մարզիչ Այտոր Կարանկան մրցաշրջանի մեկնարկից առաջ խելահեղ տրանսֆերներ իրականացրեց: Ալվարո Նեգրեդո, Ադամա Տրաորե, Անտոնիո Բարագան, Վիկտոր Վալդես: Սակայն նույնիսկ այս ֆուտբոլիստների առկայությունը չօգնեց թիմին պահպանել գոյությունը ԱՊԼ-ում:

ԱՊԼ-ի նորեկները եւ Ռաֆա Բենիտեսի վերադարձը
[[gallery7]]
Չեմպիոնշիփում չեմպիոնության համար կատաղի պայքար էին մղում երկու թիմեր՝ «Նյուքասլն» ու «Բրայթոնը»: Արդյունքում՝ երկուսն էլ Պրեմիր Լիգայի ուղեգիր նվաճեցին, իսկ Ռաֆա Բենիտեսի «Նյուքասլը» դարձավ Չեմպիոնշիփի հաղթող՝ ընդամենը մեկ միավորով գերազանցելով «Բրայթոնին»:

Պրեմիեր լիգայի երրորդ ուղեգիրը միմյան հետ կվիճարկեն «Ռեդինգն» ու «Հադերսֆիլդը»: Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում:

Միհրան Ալեքսանյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017