Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Գավաթային եզրափակիչների ամփոփում
29.05 18:02

Մայիսի 27 -ին եվրոպական ակումբային ֆուտբոլում կայացան Գերմանիայի, Իսպանիայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչները: Mediamax Sport-ը մեկ նյութում է հավաքել այդ խաղերում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները:

Անգլիայի գավաթ - «Ուեմբլի» ստադիոն,  «Արսենալ» - «Չելսի» 2:1

Ռեկորդային հաղթանակ
[[gallery1]]
«Արսենալը» ռեկորդային 13-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր, ընդ որում, 7-րդ անգամ Արսեն Վենգերի գլխավորությամբ: Պրեմիեր լիգայում ձախողվելուց եւ ԹՈՓ 4-ում չհայտնվելուց հետո, սա գերազանց արդյունք էր «զինագործների» համար:

Խաղի մասին. իհարկե, «Արսենալի» խփած առաջին գոլը մրցավարը պետք է չարձանագրեր: Միանգամից երկու պատճառով՝ կար ձեռքով խաղ եւ խաղից դուրս իրավիճակ: Սակայն մրցավարական մեկ այլ որոշում՝ որն, ըստ էության, ուղղակիորեն ազդեց հանդիպման ելքի վրա՝ լիովին արդարացված էր: Վիկտոր Մոզեսը սիմուլյացիայի դիմեց եւ, արժանիորեն ստանալով երկրորդ դեղին քարտը, լքեց խաղադաշտը: Չնայած 10 հոգով մնալուն՝ «Չելսին» կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը, սակայն ընդամենը մի քանի րոպե անց փոխարինման մտած Օլիվյե Ժիրուի փոխանցումից հետո Ռեմզին խփեց հաղթական գոլը:

«Չելսին» այս խաղն ակնհայտորեն ձախողեց: Հոգնածություն էր նկատվում ֆուտբոլիստների գործողություններում: Անտոնիո Կոնտեն ինչպես հարկն է չէր պատրաստել թիմին, այնպես որ, արդյունքն արդարացի էր:

Իսպանիայի Արքայական գավաթ - «Վիսենտե Կալդերոն» ստադիոն, «Բարսելոնա» - «Ալավես»  3:1

Լուչոյի հաղթական հրաժեշտը
[[gallery2]]
«Բարսելոնան», այնուամենայնիվ, կարողացավ փրկել այս մրցաշրջանը՝ գոնե մեկ տիտղոս նվաճելով: Խաղի ընթացքն անհանգստանալու առիթ գրեթե չտվեց կատալոնացիներին: Որքան էլ որ «Ալավեսը» սուր հակագրոհներ էր կազմակերպում, միեւնույնն է, «Բարսայի» ֆուտբոլիստները չէին կորցնում զգունությունը: Միայն «Ալավեսի» տուգանայինից խփած գոլի ժամանակ դիրքը կորցրեց կատալոնացիների դարպասապահ Յասպեր Սիլեսենը:

Հերթական գերազանց հանդիպում անցկացրեց Լիոնել Մեսսին կարիերայի 700-րդ խաղում՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: «Բարսելոնայի» կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարը եւ Ալկասերը:

Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճեց 9-րդ տիտղոսը՝ 13 հնարավորից: Այսքանով ավարտին մոտեցավ «Բարսայի» խաղային եւս մեկ ժամանակաշրջան, թե ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամանակը: Առաջիկա օրերին ակումբի ղեկավարությունը պաշտոնապես կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը: Այս պահին գլխավոր թեկնածուներն են՝ Ռոնալդ Կումանը, Էռնեստո Վալվերդեն եւ Խուան Կառլոս Ունսուեն:

Գերմանիայի գավաթ - «Օլիմպիական» ստադիոն, «Այնտրախտ Ֆ.» - «Բորուսիա Դ.» 1:2

Երկար սպասված հաղթանակ
[[gallery3]]
Այս խաղը, հնարավոր է, վերջինն էր թե գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի, թե թիմի մի շարք ֆուտբոլիստների համար «Բորուսիայում»: Թոմաս Տուխելի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց: Միակ բացասական դրվագը եղավ Մարկո Ռոյսի փոխարինումը՝ վնասվածքի պատճառով:

Կարեւոր խաղ էր նաեւ ակումբի լավագույն ռմբարկու Պյեր էմերիկ Օբամեյանգի համար: Վերջապես եկավ ժամանակը վերջ դնելու գավաթային անեծքին (գաբոնցին այս խաղից առաջ «Բորուսիայի» հետ 3 անգամ պարտվել էր Գերմանիայի գավաթի եզրափակիչներում): Այս անգամ բախտը նրանից երես չթեքեց: Երկու Սուպերգավաթ նվաճելուց հետո Օբամեյանգը թիմի հետ նվաճեց նաեւ Գերմանիայի գավաթը: Ֆրանկֆուրտի «Այնթրախտն» առանց այդ էլ սխրանք էր գործել՝ հայտնվելով եզրափակչում, այնպես որ, խաղի ելքն ավելի քան արդարացի էր: «Բորուսիան» շատ երկար էր սպասել այս տիտղոսին:


Ֆրանսիայի գավաթ - «Ստադ Դե Ֆրանս» ստադիոն, «Անժե» - «ՊՍԺ» 0:1

Խուսափելով խայտառակությունից
[[gallery4]]
Ունայ Էմերին «ՊՍԺ»-ում վերջնական խայտառակությունից փրկվեց մրցակցի ֆուտբոլիստի վերջին րոպեներին խփած ինքնագոլի շնորհիվ: Չնայած կարգերի մեծ տաբերությանը՝ «Անժեն» արժանի դիմադրություն ցույց տվեց, սակայն չկարողացավ հասնել դրական արդյունքի:

Փարիզցիների ղեկավարությունը վստահեցնում է, որ Էմերիի աշխատանքին վտանգ չի սպառնում, սակայն թիմի ցուցադրած խաղը, մեղմ ասած, հույսեր չի ներշնչում: «ՊՍԺ»-ն մի քանի տարվա հեգեմոնիայից հետո անփառունակ կերպով զիջեց Լիգա 1-ի չեմպիոնի կոչումը, իսկ ՉԼ-ում գրանցած ելույթները պարզապես մեկնաբանության կարիք չունեն: Ճիշտ է, թիմում հավաքված են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, բայց ինչպես երեւում է, գլխավոր մարզչի հարցում փարիզցիները սխալվեցին: Էմերին պետք է կատարելագործեր եղածը, այլ ոչ թե ավերակների վերածեր այն:
                                                            
Միհրան Ալեքսանյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017