Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Ուղեւորություն դեպի Սենթ Քիթս եւ Նեւիս. Մեր առաջիկա ֆուտբոլային մրցակիցը
01.06 15:45

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Մոնտենեգրոյի հետ ընտրական խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երեւանում  կմրցի Սենթ Քիթս եւ Նեւիսի հետ:

Էկզոտիկ անունով այս երկրի ու ընտրանու մասին հայ երկրպագուներից շատերն առաջին անգամ են լսում: Mediamax Sport-ը որոշել է «ճանապարհորդություն» կատարել այս երկիր ու տպավորություններով կիսվել իր ընթերցողների հետ:

Սենթ Քիթս եւ Նեւիսը պետություն է Կարիբյան ծովում, այն իր մեջ ներառում է 2 կղզի: Իր բնակչությամբ ու զբաղեցրած տարածքով Արեւմտյան կիսագնդի ամենափոքր երկիրն է: Ընդամենը 216 կմ² եւ 50 հազ. բնակիչ:

Երկիրը բառացիորեն հրաբխի վրա է, սակայն բնակիչներին դա բնավ էլ չի մտահոգում, նրանք ապրում են աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ հարուստ ծովային տեսարաններով, լեռներով ու շաքարի պլանտացիներով: Սենթ Քիթսի ու Նեւսիսի մի քանի ծովափեր սեւ գույնի են:
[[gallery1]]
Իր բոլոր հարեւանների հետ այն միայն ծովային սահմաններ ունի: Պետության մայրաքաղաք Բաստերը գտնվում է Սենթ Քիթսի վրա, նախկինում կղզին Սենթ-Քրիստոֆեր է կոչվել: Երկիրն Ազգերի Բրիտանական համագործակցության անկախ անդամ է: Բնակիչները հիմնականում կարիբներ են: Երկրի բանակում ընդամենը 300 զինվոր կա:

Սենթ Քիթս եւ Նեւիսը մոտ 400 տարվա պատմություն ունի, 1493 թթ. կղզիները հայտնաբերվել են Քրիստոֆոր Կոլումբոսի կողմից: Կզղու կողքով նավով անցնելիս նա ասել է. «Nuestra Senora de Las Nieves» (Մեր Լեդին ձյուների մեջ է)`սարերի գագաթին ամպերի խիտ շերտերը ձյան հետ շփոթելով:

Երկրի անձնագիրը մեծ արտոնություններով է օժտված, քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճանապարհորդել շենգենյան գոտու մեջ ընդգրկված երկրներում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում: ԱՄՆ-ն ու Կանադան 10 տարվա վիզա են տրամադրում, իսկ Ավստրալիան՝ հեշտացված կարգով առցանց տարբերակով:
[[gallery2]]
Սենթ Քիթս եւ Նեւիսի կառավարութունն ընդամենը 4 հազ. դոլարով վաճառում է իր անձնագրերը, շատ երկրների քաղաքացիներ են օգտվում այդ հնարավորությունից:

Երկրի դրոշին պատկերված 2 աստղերը ոչ թե երկու կղզիներն են խորհրդանշում, այլ «Հույս ու խաղաղություն» կոչ անում:

Թեեւ կղզիները մեկ պետության կազմում են, նրանց միջեւ հեռավորությունն ընդամենը 2 կմ է, սակայն այդքան էլ հաշտ չեն իրար հետ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Նեւիսը համարում է, որ իրավունք ունի առանձին պետություն համարվել ու ցանկանում  է անկախանալ: Կարիբներում նույնիսկ  կատակով ասում են, որ ծովածոցի բոլոր կղզիներն անկախ պետություններ են:
[[gallery3]]
Սենթ Քիթսի ու Նեւսիսում հանցագործության մակարդակն ամենաբարձն է ոչ միայն Կարիբյան ծովածոցի երկրների, այլ նաեւ Լատինական Ամերիկայի հետ համեմատած:

Ֆուտբոլային ավանդույթները

Երկրի ֆուտբոլային  ասոցացիան 1990-ից ԿՈՆԿԱԿԱՖ-ի եւ 1992-ից ՖԻՖԱ-ի անդամ է: Ընդգրկված է նաեւ Կարիբյան ֆուտբոլային միության մեջ:

Հիմա վարկանշային աղյուսակում «Sugar Boyz»-ը, ինչպես անվանում են այդ երկրի հավաքականին, 89-րդ տեղում է  ընթանում, իսկ իր պատմության մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել 2016-ի հոկտեմբերին՝ 73-րդ հորիզոնական:

Թիմի լավագույն ռմբարկուն՝ 47 գոլ ու ամենաշատ հանդիպումներ անցկացրած խաղացողը (131) Քեյթ Գամբսն է:

Հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է 1979-ին Ճամայկայի դեմ ու զիջել է 1:2 հաշվով: 1997-ին Կարիբյան գավաթում 2-րդ է եղել: 2006-ին էլ ԱԱ-ի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրական մրցվաշարում հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն ուղեգիր նվաճել չի կարողացել:
[[gallery4]]
Ի դեպ սա Սենթ Քիթս եւ Նեւիսի առաջին ուղեւորությունը չի լինելու դեպի Եվրոպա: 2015-ին էլ այդ երկրի ֆուտբոլիստներն ընկերական հանդիպումներ են ունեցել Անդորրայի ու Էստոնիայի հետ: Անդորրայի դեմ էլ 1:0 հաշվով գրանցել են իրենց առաջին եվրոպական հաղթանակը:

Ազգային ընտրանու ֆուտբոլիստներից շատերը հանդես են գալիս ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Սալվադորում, սակայն ոչ ուժեղագույն ակումբներում:

Սենթ Քիթս եւ Նեւիսի 2-րդ այցելությունը Եվրոպա կովկասյան է ստացվելու, Երեւանում հունիսի 4-ին խաղալուց հետո այն 3 օր անց ընկերական հանդիպում  է ունենալու նաեւ Վրաստանի հետ:
[[gallery5]]
Սպորտային կյանքը կղզիների վրա

2016-ին երկրի մարզիկները մասնակցել են Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերին: Բոլոր 7-ն էլ հանդես են եկել աթլետիկայի մրցումներում:

Իսկ Օլիմպիադաներում Սենթ Քիթսը եւ Նեւիսը նորամուտը նշել է 1996-ին Ատլանտայում: Մասնակցած 6 Օլիմպիական խաղերից էլ մարզիկները ձեռնունայն են վերադարձել:

Ամենահայտնի մարզիկը Քիմ Քոլինսն է, որն աթլետիկայի Աշխարհի չեմպիոն է ու քառակի բրոնզե մեդալակիր: Բազմաթիվ մեդալներ է նվաճել նաեւ Պանամերիկյան խաղերում ու Աշխարհի գավաթի խաղարկություններում:

Կղզիների վրա զարգացած է նաեւ կրիկետը, ռեգբին, բիլիարդը:

Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017