Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
ՉԼ-ի վերջին ակորդը. «Ռեալի» ու «Յուվենթուսի» կարեւորագույն խաղը
02.06 14:00

Հունիսի 3-ին Քարդիֆի «Միլենիում» ստադիոնում կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումով կավարտվի ֆուտբոլային 2016-17 մրցաշրջանը:

Իսպանա-իտալական դիմակայությունը հավաքելու է ողջ ֆուտբոլային հասարակությանը: «Ռեալի» ու «Յուվենթուսի» անձնակազմերը մեծ ուժերով պատրաստվում են ամենակարեւոր խաղին:

Թե «Ռեալը», թե «Յուվենթուսն» այս տարի հավասարը չունեին ազգային առաջնություններում: Չնայած երկու թիմերի համար էլ ամեն ինչ հարթ չընթացավ, եղան սայթաքումներ ու ցավալի պարտություններ, բայց կարողացան տարին ավարտել չեմպիոնի կոչումով:
[[gallery1]]
«Յուվենթուս»

«Յուվեն» նվաճեց նաեւ Իտալիայի Գավաթը, եւ եթե Մասիմիլիանո Ալլեգրիի թիմին հաջողվի հաղթել նաեւ ՉԼ-ում, ապա կդառնա 6-րդ ակումբը, որը ոսկե հեթ-տրիկ է ձեւակերպում:

«Ծեր սինյորան» այս տարի տպավորիչ ու վստահ ֆուտբոլ է ցուցադրում: Թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարողանում է կատարել իր առջեւ դրված խնդիրը, նվիրվում է ամբողջությամբ ու շարժվում առաջ:

ՉԼ-ի այս խաղարկությունում չափազանց վստահ ելույթները թույլ են տվել նրանց հասնել եզրափակիչ: Արժե նշել, որ թուրինցիները խմբային փուլից մինչ կիսաեզրափակիչ ոչ մի պարտություն չեն կրել՝ 9 հաղթանակ ու 3 ոչ-ոքի, իսկ փլեյ-օֆֆում միայն մեկ գնդակ են բաց թողել: Խաղին մոտենում են առանց կորուստների:
[[gallery2]]
Մասիմիլիանո Ալլեգրի

Մեր կազմը շատ է թարմացել է, այժմ ավելի վստահ ենք գործում ու լավ ենք հասկանում մեր առավելությունները: 4-2-3-1 սխեման իմ գլխում ծնվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ հին տակտիկայով այլեւս անհնար է հաջողության հասնել:

Ես շատ լավ ուսումնասիրեցի իմ տղաների ոճը, թույլ տվեցի խաղալ այնտեղ, որտեղ իրենց ավելի լավ են զգում: Սա լավ ազդեցություն ունեցավ, ֆուտբոլիստները սկսեցին հաճույք ստանալ իրենց խաղից: Զգացվում է, թե ինչպես են նրանք անմնացորդ նվիրվում, հենց դա է թիմին բերում հաջողություն:

Միայն ընտրյալներին է հաջողվում գլխավերեւում պահել ցանկալի գավաթը: Վերջին երեք տարում սա մեր երկրորդ եզրափակիչն է, ու այս անգամ չենք պատրաստվում կրկին զիջել: Ցանկանում ենք բարձրացնել այն:
[[gallery3]]
«Ռեալ»

Ի տարբերություն մրցակցի, «Ռեալի» համար Իսպանիայի առաջնությունն ավելի դժվար ընթացավ: Միայն վերջին տուրում Զինեդին Զիդանի թիմը կարողացավ շրջանցել «Բարսելոնային» ու գրավել 1-ին տեղը: Գավաթում մադրիդցիները հաջողություն չունեցան:

Չեմպիոնների Լիգայում եւս ամեն ինչ հարթ չընթացավ: Խմբային փուլը «Արքայական ակումբը» հաղթահարեց միայն 2-րդ տեղով: Ամեն դեպքում, մինչ կիսաեզրափակիչ «Ռեալը» 8 հաղթանակ ու 3 ոչ-ոքի ունեցավ: Միայն այդ փուլում 1:2 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»:

«Յուվեի» հետ խաղից առաջ թիմը կորուստներ չունի, հարցականի տակ է միայն Գարեթ Բեյլի մասնակցությունը, չնայած ուելսցին արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ ու պատրաստ է խաղին:
[[gallery4]]
Զինեդին Զիդան

«Յուվենթուսը» հիանալի պաշտպանություն ունի, սակայն մենք էլ վատ չենք գործում հարձակման գծում: Համոզված եմ, որ լավ հանդիպում է լինելու: Մրցակիցը շատ լավն է, պետք է աշխատնեք չեզոքացնել բոլոր վտանգները եւ կառուցենք մեր խաղը:

Ես հանդես եմ եկել «Յուվեի» կազմում, շատ լավ հիշողություններ ունեմ այդ տարիներից: Սակայն այսօր «Ռեալի» գլխավոր մարզիչն եմ ու իմ բոլոր ծրագրերը կապված են այդ թիմի հետ:

Մի անգամ խոստովանեցի, որ չեմ ցանկանում խաղալ «Յուվեի» դեմ, սակայն հիմա ընտրության հնարավորություն չունեմ: Ամեն դեպքում, միշտ հավատում ենք մեր ուժերին, շատ լավ մարզվել ենք ու պայքարելու ենք խաղադաշտում:
[[gallery5]]
Հետաքրքիր փաստեր

• Եւ «Ռեալը», եւ «Յուվեն» անցկացնելու են թվով 6-րդ ՉԼ-ի եզրափակիչը: Նախորդ 4-ում իտալացիները պարտվել են, եւ միայն մեկ անգամ են հաղթել՝ 1996-ին: Իսկ ահա իսպանացիները նախորդ բոլոր 5 եզրափակիչներում էլ հաղթանակներ են գրանցել:

• Սա կլինի 4-րդ եզրափակիչը, որտեղ կմրցեն իսպանական ու իտալական թիմեր:

• Եթե Դանի Ալվեշը դուրս գա խաղադաշտ, ապա նա ՉԼ-ում կանցկացնի իր 100-րդ հանդիպումը: Այդպիսի ցուցանիշ ունի 31 ֆուտբոլիստ:

• Հաղթանակի դեպքում Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է դառնալ ՉԼ-ն հաղթած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 39 տարեկան 126 օրական:

• Եթե «Ռեալը» եզրափակչում կարողացավ մեկ գոլ խփել, ապա կդառնա առաջին ակումբը, որը Չեմպիոնների Լիգայի հիմնական մրցաշարում՝ խմբային փուլից մինչեւ եզրափակիչ, խփել է 500 գոլ:

• «Ռեալը» կարող է դառնալ առաջին ակումբը, որը երկրորդ անգամ անընդմեջ նվաճում է Չեմպիոնների Լիգայի գավաթը:

• Հաղթելու դեպքում Ռոնալդուն կկրկնի Կլարենս Զեեդորֆի ռեկորդը՝ դառնալով ՉԼ-ի քառակի հաղթող:
[[gallery6]]
Հաղթելու շանսերը

Կարծիքները տարբեր են, ու ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե այս թիմերից որ մեկը կնվաճի եվրոպական այս հեղինակավոր մրցաշարի գավաթը:

Դատելով «Յուվեի» վստահ ու գրեթե անթերի խաղից՝ իտալացիները հաղթելու մեծ շանսեր ունեն: Սակայն, չնայած վայրիվերումներին, չպետք է մոռանալ, թե ինչ ներուժ ու ինչպիսի կատարողներ ունի «Ռեալը»:

Այնպես որ, վաղը 22:45-ից սկսած լարված ու հետաքրքիր հանդիպման ականատեսն ենք լինելու: 

Գոհար Նալբանդյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017