Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Էռնեստո Վալվերդե. «Բարսելոնայի» նոր հրամանատարը
06.06 13:52

Էռնեստո Վալվերդեն պաշտոնապես նշանակվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ:

Mediamax Sport-ը ներկայացնում է իսպանացի մասնագետի կարիերայի ուշագրավ մանրամասներն ու նրա ֆուտբոլային գաղափարները:

Կրոյֆի աշակերտը

«Բարսելոնան» մինչ այս եւս երկու անգամ փորձել էր հրավիրել Վալվերդեին: «Բարսայի» նախկին մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան առաջին անգամ կապ է հաստատել նրա հետ 2012 թվականին՝ Պեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո: Եվ մեկ տարի անց, երբ Տիտո Վիլանովայի մոտ առողջական խնդիրներ հայտնաբերվեցին:

Սուբիսարետան եւ Վալվերդեն միասին հանդես են եկել «Բարսելոնայում»: Էռնեստոն 1988-1990 թթ. անցկացրել է կատալոնացիների կազմում՝ հաղթելով Գավաթակիրների գավաթն ու Իսպանիայի գավաթը: Իսկ այս պատմության գլխավորն այն է, որ նա հանդես է եկել լեգենդար Յոհան Կրոյֆի ղեկավարությամբ:

Հոլանդացին ոչ միայն նոր ֆուտբոլային գաղափարներ է տվել ֆուտբոլին, այլեւ սովորեցրել է իր ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստներին ամենատարբեր ձեւերով ստեղծագործել ֆուտբոլային խաղադաշտում: Գվարդիոլա, Կուման, Լաուդրուպ, Ունսուե, Լոպետեգի. բոլոր այս մասնագետները համարվում են Յոհան Կրոյֆի աշակերտները: Նրանց թվին է պատկանում նաեւ Էռնեստո Վալվերդեն:
[[gallery1]]
Այստեղից էլ գալիս է Վալվերդեի թիմերի գլխավոր առանձնահատկությունը՝ թիմային պրեսինգ: Վալվերդեի թիմերը խաղում են հարձակողական ֆուտբոլ եւ ակտիվ պրեսինգի շնորհիվ փորձում են մրցակցի վրա ճնշում գործադրել խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում:

Պիրեյի եւ Բիլբաոյի ռեկորդակիրը

Վալվերդեն համարվում է «Օլիմպիակոսի» պատմության լավագույն մարզիչներից մեկը: Նրա գլխավորությամբ հունական ակումբը բոլոր 3 մրցաշրջաններում (2008-09, 2010-11, 2011-12 թթ) դարձել է երկրի չեմպիոն: 2009 եւ 2012 թվականներին էլ նվաճել է երկրի գավաթը: Վալվերդեի «Օլիմպիակոսը» ոչ միայն ամենահաջողակն էր, այլ նաեւ ամենադիտարժանը: Նրանից հետո թիմը գլխավորած Միչելն ասում էր, որ Վալվերդեն համարվում է «Օլիմպիակոսի» աստվածը:

Վալվերդեն երկու անգամ հեռացել է հունական ակումբից, բայց ոչ մի դեպքում այն կապված չի եղել վատ խաղի կամ անբավարար արդյունքների հետ: 2009 թվականին ակումբը որոշեց չերկարաձգել նրա պայմանագրի ժամկետը ֆինանսական անհամաձայնության պատճառով: Իսկ արդեն 2012 թվականին Վալվերդեն իր ցանկությամբ հեռացավ Պիրեյից՝ ընտանեկան խնդիրների պատճառով:
Երկու անգամ մտնել նույն գետն ու երկու դեպքում էլ այնտեղից չոր դուրս գալ, դա Վալվերդեի մասին է:

Էռնեստո Վալվերդեն իր մարզչական կարիերան սկսել է «Աթլետիկում»՝ 2000 թվականից աշխատելով որպես գլխավոր մարզչի օգնական: 2003-ին ստանձնել է գլխավոր մարզչի պաշտոնն ու գլխավորել թիմը մինչև 2006 թվականը: Երրորդ անգամ Վալվերդեն բասկյան ակումբ է եկել 2013 թվականին, որտեղ էլ աշխատում էր մինչեւ «Բարսայի» առաջարկն ընդունելը:
[[gallery2]]
«Աթլետիկի» մի շարք ֆուտբոլիստների համար Վալվերդեն երկրորդ հայր էր դարձել: Նա միշտ շփման մեջ է իր խաղացողների հետ: Վալվերդեն նրանց ազատություն է տալիս խաղադաշտում, բայց սիրում է կարգապահություն:

Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ «Աթլետիկը» 16 տարվա դադարից հետո առաջին անգամ խաղաց Չեմպիոնների լիգայում: Նրա օրոք ակումբը վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ տիտղոս նվաճեց՝ Իսպանիայի Սուպերգավաթը: Վերջապես, հենց Էռնեստոն է համարվում բասկյան ակումբի ռեկորդակիրը եւ ամենաերկարակյաց մարզիչը՝ 305 հանդիպում:

4-2-3-1 սխեմայի հետեւորդը

Երկու հենակետային կիսապաշտպանով, ակտիվ եզրերով եւ միակ կենտրոնական հարձակվողով սխեման Վալվերդեի ֆուտբոլային գաղափարների հենասյունն է: Ունենալով Արից Ադուրիսի նման ֆուտբոլիստ, ով փայլուն խաղ է ցուցադրում երկրորդ հարկում եւ արագավազ Ինյակի Ուիլյամս, այլ կերպ խաղալն անիմաստ է:

Ադուրիսի առկայությունը թույլ էր տալիս այդքան շատ գնդակն ուղարկել մրցակցի տուգանայի հրապարակ: Ավարտված մրցաշրջանում «Աթլետիկը» «Բարսելոնայից» հետո երկրորդ ակումբն է, որն ամենաշատ երկար փոխանցումներն է կատարել մրցակցի տուգանային հրապարակ՝ միջինը մեկ խաղում 37 անգամ: Իսկ այդ ցուցանիշով ֆուտբոլիստների մեջ լավագույն արդյունքը գրանցել է Բենյատը (211-ից 118 ճշգրիտ փոխանցում):

Վալվերդեի «Աթլետիկը» պրեսինգի էր դիմում մրցակցին նույնիսկ իր կիսադաշտում: Թիմն օգտագործում էր բազմաթիվ եզրային փոխանցումներ եւ չէր տառապում գնդակին տիրելու մոլուցքով: Երկու հենակետայինով սխեման, թույլ չի տալիս մրցակցի կիսապաշտպաններին ազատ գնդակ ընդունել:
[[gallery3]]
Այս ամենը բոլորովին չի համապատասխանում «Բարսելոնայի» փիսիոփայությանը, սակայն Լուիս Էնրիկեն եւս աստիճանաբար հետ էր քաշվում դաշտի կենտրոնում իշխելու մտքից: Բայց նրա օրոք եղած դիրքային բացերը, կարող են լրացվել Վալվերդեի փորձված գաղափարներով:
Վալվերդեի կարեւորագույն առանձնահատկությունը երիտասարդների հետ աշխատելու ունակությունն է: «Աթլետիկում» այդպիսի ֆուտբոլիստներից են Մունիաինը, Ուիլյամսը, Լապորտը:

Իսկ պաշտպանության կազմակերպումը Վալվերդեի համար առանձին թեմա է: Նա մեծ ուշադրություն է դարձնում դրան: Հաշվի առնելով «Բարսելոնայի» պաշտպանական գծում առկա խնդիրները՝ Վալվերդեի առաջին գործողությունները կապված կլինեն դրանց շտկման եւ վերացման հետ:


Միհրան Ալեքսանյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017