Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Անպարտելի Գերմանիան, նվիրված Չիլին ու կամային Պորտուգալիան
03.07 17:13

Թեեւ ֆուտբոլային մեծ տոն Կոնֆեդերացիայի գավաթն անվանել չի կարելի, բայց այնտեղ ուր կանաչ խաղադաշտ ու գնդակի հետեւից վազող 22 խաղացողներ կան, կարելի է գտնել պայքար, անթաքույց հույզեր ու այն ամենն, ինչն այդքան յուրահատուկ է դարձնում ֆուտբոլը:

Որոշ թիմերի համար 2017-ի մրցաշարն Աշխարհի առաջնությունից առաջ ուժերի փորձարկում էր, մյուսների համար երիտասարդ խաղացողներին ցույց տալու առիթ, 3-րդների համար էլ ազգային օրհներգը ձայնը կտրվելու աստիճան երգելու հնարավորություն:

Mediamax Sport-ն ամփոփել է մրցաշարն ու ներկայացնում է մրցանակակիրներին:

Անպարտելի գերմանացիները

Գերմանիայի հավաքականը նոր ու փորձարարական կազմով կարողացավ առաջին անգամ իր պատմության մեջ նվաճել Կոնֆեդերացիայի Գավաթը: Ռուսաստան Յոահիմ Լյովի թիմը ժամանել էր առանց հիմնական կազմի աստղային ֆուտբոլիստների:
[[gallery1]]
2014 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն դարձած խաղացողներից ընդամենը երեքն էին ներկա թիմում: 11 ֆուտբոլիստներ 25 տարեկանից ցածր էին, 10-ն էլ մինչ մրցաշարը հավաքականի կազմում 5 հանդիպումից պակաս էին անցկացրել:

Կոնֆեդերացիայի եզրափակչում Չիլի դեմ խաղում ֆուտբոլիստների միջին տարիքը 24 էր, այն ընդամենը 2-ով էր բարձր Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցների տարիքից՝ 22:

Մինչ հավաքականի հիմնական կազմի խաղացողները հեռուստացույցով դիտում ու քաջալերում էին իրենց հայրենակիցներին, նրանք 3 օրվա տարբերությամբ կարողացան նվաճել նախ ԵՎՐՈ-ն, ապա եւ Կոնֆեդերացիայի գավաթը:

Արդեն 13 տարի է Գերմանիայի հավաքականը ոչ մի խոշոր մրցաշարում 3-րդ տեղից ցածր հորիզոնական չի զբաղեցնում:
[[gallery2]]
Յոահիմ Լյովը Գերմանիայի հավաքականի ղեկին հիանալի վիճակագրություն ունի՝ 78,7 արդյունավետություն: Միշտ հետաքրքիր լուծումներ գտնող մարզիչը չի վախենում համարձակ որոշումներից. Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումներից մեկի ժամանակ նա խաղադաշտ դուրս բերեց 11 ակումբների 11 ֆուտբոլիստների:

Միմյանց հետ նախկինում երբեք չխաղացած ֆուտբոլիստները հուսախաբ չարեցին նրան: Գերմանիան շարունակում է պատմություն կերտել ու նոր մրցանակներ կուտակել:

Անմնացորդ նվիրված Չիլին

Չիլիի հավաքականում ֆուտբոլ խաղում են ամբողջ սրտով ու մեծ նվիրվածությամբ: Տիտղոսների ու նվաճումների պակաս չունեցող գերմանացիների համար այս գավաթը իրենց հավաքածուն համալրելու համար էր: Մինչդեռ հեռավոր Լատինական Ամերիկայից ժամանած չիլիացիները եկել էին կենաց մահու կռիվ տալու ու մրցանակով վերադառնալու համար: Այն, իհարկե եղավ, սակայն ընդամենը 2-րդն էր:

Չիլիի հավաքականի բնավորությունը երեւաց դեռ իրենց ազգային օրհներգի ժամանակ, երաժշտությունն ավարտվում էր, իսկ նրանք դեռ ամբողջ ստադիոնով մեկ լսելի ձայնով շարունակում էին այն կատարել:



Իրենց հավաքականին աջակցելու եկած մեծաքանակ երկրպագուներն էլ լրացնում էին ֆուտբոլիստներին ու յուրահատուկ հարավամերիկյան կոլորիտ ստեղծում:

Եզրափակչում էլ Չիլիին շատ քիչ չբավականացրեց հաղթելու համար: Անգամ Լյովն էր համարում, որ 2-րդ խաղակեսում չիլիացիներն ավելի արագ էին ու 2 անգամ ավելի շատ վազեցին: Սակայն դա բավական չէր գերմանական մեքենային հաղթելու համար:

Եզրափակիչ սուլիչից հետո Արտուրո Վիդալը դեռ երկար չէր կարողանում բարձրանալ խաղադաշտից, տխրել էր նաեւ Սանկտ-Պետերբուրգի մարզադաշտը, այն չիլիացիներին էր երկրպագում, սակայն Խուան Անտոնիո Պիցիի սաները եզրագիծը հատեցին 2-րդ տեղում:
[[gallery3]]
Կամային Պորտուգալիան

Մարտական կազմով ու Ռոնալդուի գլխավորթությամբ Կոնֆեդերացիայի Գավաթին ժամանած պորտուգալացիներին չհաջողվեց կրկնել նախորդ տարվա հաջողությունը: Եվրոպայի չեմպիոնները նվաճեցին ընդամենը 3-րդ մրցանակը:

3-րդ տեղի համար Պորտուգալիայի ընտրանին, ինչպես եւ ԵՎՐՈ-2016-ի եզրափակչում, մնացել էր առանց Ռոնալդուի: Այն ժամանակ վնասվածք ստացած, իսկ հիմա երկվորյակների հայր դարձած CR7-ը մարզական շտաբի թույլտվությամբ լքել էր թիմի ճամբարը: Նա դեռ պետք է հասցներ լուսանկարվել փոքրիկ  Մատեոյի ու Եվայի հետ ու լուսանկարը տեղադրել սոցցանցերի բոլոր հնարավոր էջերում՝ միլիոնավոր լայքերի արժանանալով:

Մեքսիկան ու Պորտուգալիան ցույց տվեցին, որ բրոնզե մեդալը բնավ էլ սփոփիչ մրցանակ չէ, թիմերը 120 րոպե պայքարեցին դրան արժանանալու համար: Հանդիպումը վառ ու հետաքրքիր ստացվեց՝ խփված ու չխփված 11-մետրանոցներ, ինքնագոլ, 2 հեռացում, գոլ վերջին րոպեներին ու ծեծկռտուք:
[[gallery4]]
Հանդիպման ավարտին, երբ մեքսիկացիներն արդեն մտովի փորձում էին իրենց բրոնզե մեդալները, պորտուգալացիներին հաջողվեց հանդիպումը լրացուցիչ ժամանակ տեղափոխել: Պորտուգալիան իսկական բնավորություն ցույց տվեց, կարողացավ հաղթել ու պարգեւատրվել բրոնզե մեդալներով:

Մրցաշարին հրաժեշտ տվող Ռուսաստանն էլ արդեն սկսում է պատրաստվել հաջորդ տարվա Աշխարհի առաջնությանը, որն ավելի շատ թիմերի ու երկրպագուների է ընդունելու:
 
Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018