Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
12 տարի անց «Արսենալի» ու ԲԿՄԱ-ի հանդիպումը. ԵԼ-ի 1/4 եզրափակչից առաջ
05.04 14:58

Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչում «Արսենալն» այսօր «Էմիրեյթսում» հյուրընկալելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Թիմերը կրկին հանդիպելու են 12 տարի անց, վերջին անգամ նրանք մրցել են Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում:

Սպասվող կարեւոր դիմակայության, թիմերի հնարավորությունների ու խաղից առաջ հնչած կարծիքների մասին է ներկայացնում Mediamax Sport-ը:

Նախորդ խաղերն ու մի քիչ վիճակագրություն

«Արսենալն» ու ԲԿՄԱ-ն ընդամենը 2 անգամ են միմյանց դեմ մրցել. դա տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի 2006-2007 թթ. մրցաշրջանում: Մոսկվայում ԲԿՄԱ-ն ուժեղ է եղել 1:0 հաշվով, իսկ Լոնդոնում հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտվել:

Լոնդոնյան ակումբը չի պարտվում արդեն 4 հանդիպում շարունակ, այն նախ 2 հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ 2:0 ու 3:1 հաշվով, ապա նույն 3:0 հաշվով պարտության մատնել «Ուոթֆորդին» ու «Սթոք Սիթիին»: «Արսենալը» 11 գոլ է խփել ու բաց թողել ընդամենը 3-ը: Անգլիայի առաջնությունում թիմը 51 միավորով 6-րդն է: 
[[gallery1]]
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է «Լիոնին», սակայն պատասխան խաղում կարողացել է հասնել ցանկալի արդյունքի 3:2 հաշվով ու շարունակել պայքարը: Առաջնությունում էլ թիմը վստահ է հանդես գալիս ու ընթանում է 3-րդ տեղում:

Նախօրեին բրիտանական World Soccer պարբերականը հատուկ համարում անվանել է ժամանակակից ֆուտբոլի 500 ամենալավ խաղացողներին: Երկու ակումբներից էլ 3-ական ֆուտբոլիստ են ցանկում տեղ գտել: «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանը, Պիեր Էմերիկ-Օբամեյանգն ու Մեսութ Օզիլն են, իսկ ԲԿՄԱ-ից՝ Իգոր Ակինֆեեւը, Ալան Ձագոեւն ու Ալեքսանդր Գոլովինը:
[[gallery2]]
Ռուսական ու բրիտանական ԶԼՄ-ն ընդգծում են, որ հանդիպումը լարված է լինելու ոչ միայն սպորտային տեսանկյունից, վերջին շրջանում Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի վատ հարաբերությունները եւս անդրադառնալու են խաղի վրա: 

Ժպտերես Վենգերն ու չթարգմանող Մխիթարյանը

Հենրիխ Մխիթարյանի համար ԲԿՄԱ-ի դեմ դիմակայությունն առաջինը չի լինելու այս մրցաշրջանում: Նա ՄՅՈւ-ի կազմում արդեն մասնակցել է մոսկվացիների դեմ հանդիպմանն ու գոլի հեղինակ դարձել:

Ինչպես նախորդ անգամ, հիմա էլ մամուլի ասուլիսն առանց հայ ֆուտբոլիստի չէր կարող լինել, նա գիտի ռուսերեն եւ ունի ԲԿՄԱ-ի դեմ խաղալու փորձ: Դրվագներից մեկում Վենգերն անգամ նրա թարգմանության կարիքն ունեցավ, բայց ֆուտբոլիստը չօգնեց նրան:



Իսկ ասուլիսին Մխիթարյանի մտքերից առավել ուշագրավները սրանք են.

ԲԿՄԱ-ն բավական լավ թիմ է, նախորդ տարվա համեմատ մի քանի նոր ձեռքբերումներ է ունեցել:

Բոլորն էլ գիտեն, որ Բերեզուցկի եղբայրները 35 տարեկան են ու շատ փորձառու, նրանք կարող են օգնել թիմին պաշտպանությունում:

Հեշտ մրցակիցներ չկան, մենք Անգլիայի առաջնությունում էլ դեռ 7 հանդիպում ունենք, յուրաքանչյուրում էլ պետք է հաղթել:

Ցանկանում ենք, որքան հնարավոր է առաջ գնալ, դրա համար միասնական պետք է գործենք:
[[gallery3]]
Խաղի կարեւորությունը չէր թաքցնում նաեւ Վենգերը, թեեւ նա ավելի շատ ժպտում էր ու բարձր տրամադրություն ուներ, սակայն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ սա եվրագավաթներում հայտնվելու թիմի վերջին շանսն է, ու մարզչի վրա մեծ ճնշում կա:

Ռուսական թիմը տեխնիկապես լավ պատրաստված է, այն մեծ պատմություն ունի, այնպես որ մենք հարգում ենք ԲԿՄԱ-ին:

Անձամբ ես ռուսական ակումբների հետ խաղերում վատ վիճակագրություն ունեմ: 1/4 եզրափակչում երկու թիմերն էլ հաղթելու հավասար շանսեր ունեն: Իհարկե, մենք ուժեղ ենք, բայց ԲԿՄԱ-ն էլ «Լիոնին» է հաղթել:

Թեեւ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները լարվել են, սակայն դաշտում դա չի երեւալու: Ոչ մի խնդիր էլ չի առաջանալու:
 
Վստահ Ակինֆեեւն ու հյուրասեր Գոնչարենկոն

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲԿՄԱ-ից ներկայացել էր դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, որը մասնակցել է նաեւ թիմերի նախորդ դիմակայություններին ու հուսալի խաղով աչքի ընկել:

Հիմա մենք այլ «Արսենալի» դեմ ենք խաղալու, այն հանդիպումն անցյալում է մնացել:

Մեզ համար սովորական հանդիպում է լինելու, բայց չեմ թաքցնի, որ հաճելի կլինի լոնդոնյան թիմին հաղթելը:
[[gallery4]]
Վտանգ պետք է սպասել եւ մրցակցից, եւ մերոնցից, չէ որ ես դարպասապահ եմ: Պարզապես պետք է միասնական գործենք ու համատեղ ուժերով դիմադրենք «Արսենալին»:

2006-ին «Էմիրեյթսն» ամենագեղեցիկ ստադիոններից էր, բայց հիմա 12 տարով ծերացել է:

ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն էլ հույս է հայտնել, որ իր կոտրտված անգլերենով կկարողանա խոսել Վենգերի հետ, ինչպես դա հաջողվել է անել Ժոզե Մոուրինյոյի հետ:

Եթե այն ժամանակ անգլերեն ընդամենը 52 բառ գիտեի, հիմա արդեն 62 է: Իրականում շուրջս անգլերենին հիանալի տիրապետող մարդիկ կան, կօգնեն ինձ:

ԲԿՄԱ-ն արտագնա խաղերում, իսկապես, լավ է գործում: Սեփական հարկի տակ մրցակիցները փակ ֆուտբոլ են ցույց տալիս, ինչը դժվարացնում է մեր խնդիրը:

Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է Վենգերն աշխատում թիմում, նա ցանկացած ճնշման էլ կդիմանա:

Մենք միայն ֆուտբոլի մասին ենք մտածում, ոչ թե քաղաքականության: Բոլորիդ հրավիրում եմ ամռանը գալ Ռուսաստան ու հետեւել Աշխարհի առաջնության խաղերին:

Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018