Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Ով կգլխավորի Լոնդոնի «Արսենալը»
04.05 16:33

Ֆուտբոլային մրցաշրջանը դեռ չի ավարտվել, իսկ Լոնդոնի «Արսենալը» գալիք շրջափուլի համար նոր գլխավոր մարզչի փնտրտուքերի մեջ է: Արսեն Վենգերն օրեր առաջ հայտնեց, որ հեռանալու է զբաղեցրած պաշտոնից: Mediamax Sport-ը ներկայացնում է՝ «Արսենալը» գլխավորելու ամենահարմար թեկնածուներին:

Յուլիան Նագելսման
[[gallery1]]
30-ամյա մարզիչ, ում շնորհիվ համաշխարհային ֆուտբոլում ճանաչելի դարձավ գերմանական «Հոֆենհայմը»: Առաջին հայացքից Նագելսմանն երիտասարդ է գերակումբ գլխավորելու համար, բայց այն, թե ինչպիսի հետաքրքրություն ունեն նրա նկատմամբ մի շարք հեղինակավոր ակումբներ, խոսում է այն մասին, որ մասնագետն իր կատարած աշխատանքով արժանացել է այդ ուշադրությանը: Նույնիսկ Մյունխենի «Բավարիան» վերջին շրջանում փորձում էր Նագելսմանին գրավել իր կողմը, սակայն խոսակցություններն աստիճանաբար մարեցին: Այս պահին կա հստակ ինֆորմացիա, որ մյունխենցիների մարզչի դերում թիմի ղեկավարությունը տեսնում է «Այնթրախտի» մարզիչ Նիկո Կավաչին: Ստացվում է, որ «Արսենալում» Նագելսմանի թեկնածությունը կարելի է դիտարկել:

Մտածել, որ լավ առաջարկի դեպքում Յուլիանը կմնա համեստ «Հոֆենհայմում», առնվազն միամտություն է: Նա այն մարզիչն է, ով կարող է նույնիսկ ձեռքի տակ եղած ամենափոքր ռեսուրսով ապահովել առավելագույն արդյունք: «Հոֆենհայմում» Նագելսմանն իր տրամդրության տակ չունի համաշխարհային մեծության աստղեր, բայց թիմը արդեն 2 մրցաշարջան կայուն կերպով տեղ է զբաղեցնում Բունդեսլիգայի ուժեղագույների  շարքում: Նախընտրում է խաղալ հարձակողական ֆուտբոլ: Նրա ցուցադրած խաղը համապատասխանում է «Արսենալի» երկար տարիներ դավանած ֆուտբոլին:

Միկել Արտետա
[[gallery2]]
Իսպանացին ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցավ Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում: Վենգերի հրաժարականից հետո շատ են խոսում, որ զինագործների ղեկին պետք է լինի մարզիչ, ով ակումբում ունի իր ծանրակշիռ ավանդը: Արտետան ժամանակին եղել է լոնդոնցիների ավագը եւ այն եզակի թեկնածուներից մեկն է, ով մարզչական հզոր դպրոց է անցել ու անցնում: Հասկանալի է, որ «Արսենալում» ավելի հայտնի ֆուտբոլիստներ ու անհատներ են խաղացել, բայց առանց անցած ճանապարհի նրանց բերել եւ նշանակել թիմի գլխավոր մարզիչ առնվազն արկածախնդրություն է: Գվարդիոլայի հետ աշխատած մարզիչները հետագայում հաջողությամբ կարողացել են կայանալ: Որպես օրինակ կարելի է առանձնացնել Տիտո Վիլանովային: Արտետան իր ֆուտբոլային մտածելակերպով, Գվարդիոլայի դպրոցում ստացած գիտելիքներով ունակ է դառնալ լոնդոնյան սիրտն ունեցող այն թեկնածուն, որի հետ ակումբի ղեկավարները կարող են հույսեր կապել: Արտետան խաղային ոճով Գվարդիոլայի ֆուտբոլի հետեւորդն է, իսկ «Արսենալում» շատ են այն խողացողները, ովքեր հաջողությամբ կարող են հարմարվել այդ խաղին:


Լեոնարդո Ժարդիմ
[[gallery3]]
Մասնագետ, ում թիմը վստահելուց հետո պետք է համբերություն ունենալ ու սպասել արդյունքների: Պորտուգալացին այն մարզիչներից  է, ով առաջին հերթին ուշադրություն է դարձնում իր կողմից նախընտրած մարտավարության կառուցմանը: Այդ ընթացքում մեծ է հավանականությունը, որ նրա ղեկավարած թիմը կունենա փոքր հատված, երբ անկայունությունն ու արդյունքները կասկածներ կհարուցեն: Համբերության պարագայում պրոֆիլակտիկ խնդիրները վերանում են, իսկ Ժարդիմի թիմերը վերածվում են իսկական մեքենայի ու ճանապարհին ոչնչացնում ցանկացած մրցակցի ՝ ապահովելով  սպասելի արդյունք:

«Արսենալի» խաղային փիլիսոփայությունն ամբողջապես համախատասխանում է Լեոնարդոյի պահանջներին: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ զինագործներն այն գերակումբներից են, որոնք սիրում են տնտեսել:  Ժարդիմը հիանալի տարբերակ է, քանի որ նա կարողանում է աճեցնել ֆուտբոլիստների ու դարձնել համաշխարահային կարգի աստղեր: Չմոռանանք՝ Կիլիան Մբապեին, ով կայացավ ու դարձավ այս մասշտաբի ֆուտբոլիստ հենց Ժարդիմի թիմում: Ի տարբերություն «Մոնակոյի», «Արսենալն» ունակ է բարձր աշխատավարձ վճարել  ու թիմում պահել աստղերի: Լեոնարդո Ժարդիմը կատարյալ տարբերակ է «Արսենալի» համար: «Մոնակոյում» վաղուց կան խոսակցություններ, որ պորտուգալացին ցանկանում է հեռանալ: Ժարդիմը համեստ մարզիչների շարքին է դասվում, ովքեր չեն սիրում չափազանց մեծ քայլեր: Այս առումով եւս «Մոնակոյից» «Արսենալ» անցումը տրամաբանության սահմաններում է:

Թոմաս Տուխել
[[gallery4]]
Վերջին օրերի ընթացքում համաշխարհային մամուլը հեղեղված է տեղեկություններով, որ «Արսենալի» ղեկավարները թիմում ցանկանում են տեսնել Թոմաս Տուխիլին: Այո՛, գերմանացին փայլուն տարբերակ է զինագործների համար: Այս պահին «Արսենալի» համար առանցքային համարվող երկու նորեկներն աշխատել են Տուխիլի գլխավորությամբ ու մեծ հաշվով իրենց անունը բարձրացրել են գերմանացի մասնագետի ղեկավարությամբ հանդես գալիս: Տուխիլի հետ պայմանագրի ստորագրումը բարդ է այն առումով, որ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: Փորձը ցույց է տալիս, որ փարիզեցիների ֆինանասական առաջարկների հետ այս պահին քիչ թիմեր կարող են մրցակցել: Գերմանացու տարբերակին երկար չենք անդրադառնա, քանի որ Հենրիխ Մխիթարյանի ֆոնին ամեն ինչ հասցրել ենք ուսումնասիրել:

Մաուրիսիո Սարրի
[[gallery5]]
Սարրիի «Նապոլին» իսկական գլուխգործոց է համաշխարհային ֆուտբոլում: Էլեգանտ մարզիչ, ով սիրում է գրառումներ կատարել, ով շատ հավասարակշռված է, չի վախենում գնալ ռիսկի ու, ամենակարեւորը, կարողանում է այս պահին մրցակցություն ու կենդանի շունչ ապահովել իտալական Ա սերիայում: «Նապոլին» ֆինանսապես բավական կայուն ակումբ է, բայց «Արսենալի» լավ առաջարկի դեպքում չի կարող  Սարրիին պահել թիմում: Սա ամենեւին էլ բացահայտում չէ: Իտալացին իր բոլոր թիմերում կարողացել է ռացիոնալ օգտագործել բոլոր ռեսուրսները: «Նապոլիի» կրակոտ ֆուտբոլը նման է «Արսենալի» ժամանակին ցուցադրած գլխապտույտ խաղին: Սարրին կարող է նաեւ բալանսավորել զինագործների պաշտպանությունը: Եթե ուշադիր համեմատենք «Նապոլին» ու «Արսենալը», շատ նմանություններ կարող ենք տեսնել: Սարրին «Արսենալում» եղած ներկայիս ռեսուրսով էլ կարող է նոր թիմ կառուցել ու հասնել հաջողությունների:

Կառլո Անչելոտի
[[gallery6]]
Խոսեցինք մի շարք մարզիչների մասին, որոնք կարող են եւ, հավանակաբար, կդիտարկվեն «Արսենալի» գլխավոր մարզչի դերում: Այս ցանկն ամբողջական չէր լինի, եթե բացակայեր Կառլո Անչելոտին: Իտալացին, ի տարբերություն մյուս թեկնածուների, հասցրել է նույնիսկ ներկա գտնվել զինագործների որոշ խաղերի: Անչելոտին տիտղոսակիր մարզիչ է, բայց նրա նշանակումը ռիսկային է  լոնդոնցիների համար: «Բավարիայի» տարբերակը թարմ է բոլորի աչքի առաջ: Անչելոտին ֆուտբոլիստների հետ հարաբերություներում վերջին շրջանում բավական պրոբլեմատիկ է, ինչը կարող է ավելի խորացնել «Արսենալում» առկա խնդիրները: Իտալացին երկար ժամանակ  մերժում է մի շարք առաջարկներ ու սպասում իր համար լավագույն տարբերակին: Կա զգացողություն, որ հենց Կառլոն է համարվում «Արսենալը» գլխավորելու ամենառեալ թեկնածուն:


Արմեն Մանուկյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018