Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Բարի գործեր կատարողները. Ֆրանսիացիների կապը Հայաստանի հետ
18.05 15:56

Դոմինիկ Դ’Մորին ու Լիոնել Պոզնանցկին ավելի քան 20 տարի է գալիս են Վանաձոր ու հեծանվային արշավներ կազմակերպում:

VTT-ի արշավներին մասնակցում են ֆրանսիացի ու հայ երեխաները, ովքեր ամեն անգամ հաղթահարում են տարբեր տարածություններ ու միասին անցկացնում անմոռանալի օրեր:

Mediamax Sport-ը հանդիպել է Դ’Մորիի եւ Պոզնանցկու հետ ու փորձել հասկանալ, թե ինչու են այս մարդիկ կապվել Հայաստանի հետ ու անընդհատ օգնություն են ցույց տալիս:
[[gallery1]]
1990-ականներից Հայաստանին կապված ֆրանսիացիները

Դ’Մորին Ֆրանսիայում մի ասոցիացիայի պատասխանատու է, որը զբաղվում է երեխաների պաշտպանությամբ, իսկ Պոզնանցկին այդ նույն կազմակերպությունում աշխատում է որպես կամավորական:

Սոցիալական ու հոգեբանական դժվարություններ ունեցող ֆրանսիացի երեխաների դաստիարակչական գործունեության շրջանակներում նրանք 20 տարուց ավել է բերում են Հայաստան, իսկ ավելի կոնկրետ՝ Վանաձոր:

«Պատահական ենք ընտրել Հայաստանն ու Վանաձորը: Մենք ապրում ենք Ֆրանսիայի Պա դը Կալե նահանգում, իսկ մեր կազմակերպությունում ունենք հոգեբան, ում ամուսինը հայ է: Դեռ 1993 թվականին նա մանուկների տների տնօրեններին ներկայացրեց Հայաստանն ու համոզեց, որ գանք Հայաստան: Այդ ժամանակ ձեր երկիրը շատ դժվար կացության մեջ էր եւ օգնության կարիք ուներ: Այստեղ տարբեր հանդիպումներ ունեցանք ու ամենաշատ հետաքրքրվածները Վանաձորի երկու գիշերօթիկ դպրոցների տնօրեններն էին՝ Հասմիկ Ներկարարյանն ու Կարեն Ղարաքեշիշյանը: Սա էր պատճառը, որ ժամանակին կանգ առանք այս հաստատությունների վրա»:
[[gallery2]]
Մինչեւ 1998 թվականը նրանց Վանաձոր միայն մարդասիրական օգնությունն ու երեխաների միջեւ ձեւավորված ընկերական հարաբերությունն են բերել: Սակայն 1997-ին մտածել են, որ ավելի ճիշտ կլինի միասին մի գործ անեն:

«Հանդիպեցինք Հայաստանի հեծանվային ֆեդերացիայի ներկայացուցիչներին ու սպորտը ներառեցինք այս ամենի մեջ: Մեկ տարի անց արդեն հեծանվաարաշավներ կազմակերպեցինք, որոնց մասնակցում են ֆրանսիացի, ֆեդերացիայի հեծանվորդ ու Վանաձորի երկու գիշերօթիկների երեխաները: Վանաձորում բացեցինք հեծանվորդների խմբակ: Այս տարիների ընթացքում ունեցել ենք շուրջ 200 մասնակից, նկատեմ, որ Ֆրանսիայից ամեն տարի բերում ենք տարբեր երեխաների, իսկ Հայաստանի պարագայում նրանք կարող է կրկնվեն»:



Արշավներն ամեն անգամ ընթանում են տարբեր ուղիներով: Հեծանվաարշավից մեկ տարի առաջ գալիս են Հայաստան ու այստեղի ընկերների հետ փնտրում ու գտնում երթուղիներ, բացահայտում նոր ճանապարհներ:

«Մեր երթուղին կրկնվել է միայն նախորդ տարի: Լրանում էր հեծանվաարշավի 10 տարին, որոշեցինք անցնել այն նույն երթուղով, որը եղել էր հենց 10 տարի առաջ: Դժվար երթուղի էր, կամ էլ մենք էինք արդեն մեծացել: Բայց հիշեցինք առաջին լեռնային արշավը, երբ դեռ Հայաստանում այն հայտնի չէր: Համառորեն ճանապարհներ էինք փնտրում տեղացիների հետ, նշումներ անում քարտեզների վրա: Օրինակ՝ մի փոքրիկ ճանապարհ ենք գտել, որն անցնում է Ուրասարից դեպի Պուշկինո, այս տարի այդտեղով կանցնենք, համոզված ենք, որ հրաշալի արկածներ են լինելու»:
[[gallery3]]
Թե ինչպես աղջիկներն ընդգրկվեցին հեծանվաարշավներում

Մեր զրուցակիցները նշում են, որ հեծանվասպորտի ֆեդերացիայի համար կարեւորը մրցակցությունն է, սակայն իրենց նպատակն այլ է. ցանկանում են զարգացնել այս մարզաձեւը, ներառել որքան հնարավոր է շատ երեխաների, տարածել հեծանվային զբոսաշրջությունը: Եւ եթե դրա հետեւանքով որոշ երիտասարդներ կարող են պրոֆեսիոնալ կամ չեմպիոններ դառնալ, ավելի լավ կլինի:

«Պետք է ասել, որ մենք հեղափոխություն բերեցինք Հայաստան, այն է, աղջիկների մասնակցությունը հեծանվաարշավներին: Երբ 2002-ին Երեւանի հեծանվային դպրոցի տնօրենը Հովհաննես Հովհաննիսյանն էր, մենք նրան առաջարկեցինք, որ արշավներին ներառենք նաեւ աղջիկներին: Նա կտրականապես դեմ արտահայտվեց, թե աղջիկներին չեն կարող ընդգրկել: Մենք էլ պատասխանեցինք, որ եթե նրանք չլինեն, այլեւս չենք գա: 5 հեծանվաարշավների մենք Ֆրանսիայից միայն աղջիկների էինք բերում, իսկ հայկական խմբերը խառն էին լինում: Այսօր արդեն աղջիկներն  առանց որեւէ խնդրի մասնակցում են մեր բոլոր հավաքներին»:
[[gallery4]]
Զրույցին միացած հեծանվասպորտի դպրոցի ներկայիս տնօրեն Մարտին Շարբաթյանն ասում է, որ 35 տարի անց այս տարի առաջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցելու է 5 աղջիկ, ովքեր ընդգրկված են եղել ֆրանսիացիների կազմակերպած հեծանվաարշավներին ու արդեն կարող են պայքարել պրոֆեսիոնալ մակարդակով:

Չփոխված գյուղերն ու գյուղացիները, օգնություն հեծանվադպրոցին

1993-ից մինչ այսօր Solidarite VTT-ի անդամները Հայաստանում փոփոխություններ տեսնում են, սակայն, ինչպես նշում են նրանք, դա երեւում է մայրաքաղաքում, այլ ոչ թե գյուղերում:
[[gallery5]]
«Առաջ լեռնային արշավների համար նախատեսված ոչ մի հեծանիվ այստեղ չկար, սակայն այսօր այդ խնդիրը կարծես լուծվում է: Երեւանում նկատվում է զարգացումը, բայց երբ դուրս ես գալիս ու անցնում փոքր ճանապարհներով ու գյուղերով, տեսնում ես, որ ամեն ինչ նույնն է մնացել, փոփոխություն չկա: Ենթադրում ենք, որ ձմռանը հայկական գյուղերում ապրելը շատ դժվար պետք է լինի»:

Դ’Մորին ու Պոզնանցկին խոստովանում են, որ չի փոխվել նաեւ հայերի ջերմ վերաբերմունքը: Ըստ նրանց՝ բոլորն էլ իրենց հոյակապ ընդունելության են արժանացնում ու հյուրասիրում:

«Հայաստանը հրաշալի, հոյակապ երկիր է, որտեղ կարող ենք անընդհատ արկածներ ունենալ: Այստեղ շատ բաներ կարելի է անել, մանավանդ, զարգացնել սպորտային զբոսաշրջությունը: Կարծում ենք, որ մեզ հաջողվում է ինչ-որ բանով օգուտ բերել Հայաստանին»:
[[gallery6]]
Նրանք մեր երկիրը գրեթե ամբողջությամբ ուսումնասիրել են, բացի երկրի հյուս-արեւելյան հատվածից ամեն տեղ եղել են: Ֆրանսիայի դեսպանատունը որոշ հատվածներ խորհուրդ չի տալիս այցելել, իսկ նրանց համար առաջնայինը երեխաների անվտանգությունն է:

Ֆրանսիացիների խումբը, բացի այսպիսի միջոցառումներ կազմակերպելուց, հեծանվասպորտի դպրոցին նվիրում է նաեւ հեծանիվներ, վրաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել նաեւ այլ մրցարշավներ:

Շարբաթյանը նշում է, որ հեծանվասպորտի դպրոցի շենքը 4-րդ կարգի վթարային է, իսկ տարիներ առաջ ուժեղ քամու պատճառով ավերվել էր տանիքը:

«Նրանք հոգացին ողջ ֆինանսական խնդիրներն ու նորոգեցին տանիքը: Վերանորոգեցին սարսափելի վիճակում գտնվող զուգարաններից մեկը: Բացի այդ որոշակի ֆինանսական օգնություն ցույց տվեցին ու կարողացանք դպրոցի համար գնել լեռնագնաց մեքենա: Մեր դպրոցնի երեխաներն անցել են այս հրաշալի արշավային ճանապարհով, որի շնորհիվ ձեռք են բերել շատ ընկերներ, կապվել են նրանց հետ ու բարեկամություն են անում»:
[[gallery7]]
Պետք է հավատալ հաջողությանն ու բարեգործություն անել

Այս տարվա հեծանվաարշավը մեկնարկելու է հուլիսի 12-ին, իսկ 21-ին կլինի միջոցառումների փակումը: Կազմակերպիչները նշում են, որ այս անգամ այն ունենալու է 7 փուլ ու կարճ է տեւելու, քանի որ ցանկանում են լինել նաեւ Գյումրիում:
[[gallery8]]
«Այս ամենը մենք անում ենք երեխաների համար: Ցանկանում ենք, որ նրանք բոլորի հետ համերաշխ լինեն, ընկերություն անեն, օգնում ենք, որ դրական վերաբերմունք ունենան օտար երկրների նկատմամբ: Այն երեխաները, որոնց մենք բերում ենք այստեղ, կյանքում հաջողության հասնելու քիչ շանսեր ունեն, նրանք մեծ դժվարությունների են հանդիպում եւ ընտանիքում, եւ սոցիալական միջավայրում, դպրոցում լավ չեն սովորում ու առաջ չեն կարող գնալ: Այս փորձությունները հաղթահարելու շնորհիվ կարողանում են հաջողության հասնել: Հայաստանն էլ ունի խնդիրներ, ոչ բոլորն են լավ ֆինանսական պայմաններում ապրում, երկիրը չունի բարեհամբույր հարեւաններ, բայց ամեն դեպքում դուք գլուխ եք հանում ու կարողանում եք առաջ գնալ: Պետք է հավատանք հաջողությանն ու միշտ ձգտենք լավ ու բարի գործեր կատարել»:

Գոհար Նալբանդյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018