Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
ԱԱ-ին սպասող Մոսկվան ու լրագրողների ֆուտբոլային մրցաշարը
25.05 12:17

Մայիսի 21-23-ը հայ լրագրողների պատվիրակությունը Մոսկվայում էր, որտեղ մասնակցեց «2018 թվականի Աշխարհի առաջնությանն ընդառաջ» միջոցառմանը:

Այն կազմակերպել էին ռուսական Քաղաքագիտական «Հյուսիս-հարավ» կենտրոնն ու ԱՊՀ երկրների հետ հումանիտար համագործակցության Միջպետական հիմնադրամը, աջակցել էր նաեւ «Ռուսաստան-2018» կազմկոմիտեն:

Երկօրյա ծրագրի շրջանակներում ԱՊՀ-ի, Վրաստանի եւ Ուկրաինայի 60 լրագրողներ հանդիպել են մասնագետների ու ԱԱ-2018-ի կազմկոմիտեի անդամների հետ, ֆուտբոլային հանդիպման մասնակցել ու ծանոթացել Մունդիալի կազմակերպման աշխատանքներին:

Եվգենի Լովչեւ. Ռուսաստանի ամենակարեւոր խաղացողը երկրպագուն է

Ֆուտբոլային մասնագետն ու ԽՍՀՄ-ի սպորտի վարպետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ պատմեց, որ նոր է վերադարձել Գերմանիայից, որտեղ հետեւել է «Բավարիայի» ու «Այնտրախտի» միջեւ  Գավաթի եզրափակչին: Նրա խոսքով, ողջ Գերմանիան հաղթեց այդ եզրափակչում, քանի որ բոլորն էին հոգնել «Բավարիայի» մենիշխանությունից:

Ապա հիշեց ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում իր մասնակցությունն Աշխարհի առաջնությանը, թե ինչպես դարձավ առաջին խաղացողներից մեկը, ով ԱԱ-ներում դեղին քարտի արժանացավ:
[[gallery1]]
Մեքսիկայում 1970-ին կայացած ԱԱ-ին դեռ 16 հավաքականներ էին մասնակցում: Մինչ այդ Մունդիալներում դեղին քարտեր չկային, մրցավարները միայն բանավոր զգուշացումներ էին տալիս: Ես առաջիններից եմ, որ դեղին քարտ եմ ստացել, թեեւ դրանով առանձնապես չեմ հպարտանում, բայց մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ:

ԱԱ-2018-ում Սոչի քաղաքի դեսպանը պատմեց, որ շրջել է ամբողջ Ռուսաստանով մեկ ու ծանոթացել կատարված աշխատանքներին ու ստադիոններին: Նա հավաստիացնում է, որ ամեն ինչ պատրաստ է ընդունելու ֆուտբոլային ամենակարեւոր միջոցառումը: Կարծում է, որ չեմպիոն կդառնա նախկին 5 չեմպիոններից մեկը՝ Իսպանիան, Ֆրանսիան, Բրազիլիան կամ Արգենտինան (Իտալիան դուրս չի եկել եզրափակիչ փուլ):

Սոչին ու Կալինինգրադը վաղուց պատրաստ են, «Սպարտակի» ստադիոնը՝ «Օտկրիտիե Արենան» ուղղակի հեքիաթ է, Կրասնոդարի մարզադաշտն ամենալավն է, թեեւ այնտեղ հանդիպումներ չեն կայանալու: Դժվար է ասել, թե մեր հավաքականն ինչպես հանդես կգա, կկարողանա՞ խմբից դուրս գալ, թե ոչ: Ռուսաստանի ընտրանու ամենալավ խաղացողը երկրպագուն է: Իսլանդիայի հավաքականի երկրպագուների ու ֆուտբոլիստների միասնությունը ցույց տվեցին, թե ինչերի կարելի է հասնել: Ողջ երկիրն էր դրանով ապրում, մեզ մոտ դա, ցավոք, չկա:
[[gallery2]]
Ապա Լովչեւը հիշեց, թե ինչպես է 2015-ին Երեւանում Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի հանդիպման ժամանակ եղել Աշխարհի հավաքականի մարզիչը: Խրիստո Ստոիչկովի հետ նրանք հյուրընկալվել են հայկական ընտանիքում, որտեղ հատուկ նրանց համար տան տատիկը տոլմա է պատրաստել: Հերթական անգամ հայկական հյուրընկալությունն ու ջերմությունը հիացրել են Լովչեւին ու մեծ տպավորություն թողել Իվան Սամորանոյի, Ջենարո Գատուզոյի, Մարկո Մատերացիի ու նրանց մեծության մյուս աստղերի վրա:

Լրագրողների ֆուտբոլային մրցաշարը «Լուժնիկիում»

Մայիսի 22-ին արդեն ֆուտբոլիստների դերում իրենք՝ լրագրողները հանդես եկան, վիճակահանությամբ նրանք բաժանվեցին 4-ական թիմերի ու միմյանց միջեւ որոշեցին հաղթողին:

Մինչ 81 հազար հանդիսական տեղավորող «Լուժնիկիում» նախապատրաստական վերջին աշխատանքները շարունակվում էին (այն ընդունելու է խմբային փուլի Ռուսաստան-Սաուդյան Արաբիա, Պորտուգալիա-Մարոկկո, Դանիա-Ֆրանսիա, Գերմանիա-Մեքսիկա, 1/8 եզրափակչի, կիսաեզրափակչի ու եզրափակչի հանդիպումները), ստադիոնի փոքր խաղադաշտերից մեկում ֆուտբոլային տոնն ապահովում էին լրագրողները:
[[gallery3]]
Հաղթող թիմը «Գորշ ձիերն» էին, որի կազմում հանդես էր գալիս նաեւ Mediamax Sport-ի լրագրողը: Եզրափակիչը դիտարժան ու լարված ստացվեց, եղան գեղեցիկ գոլեր ու նշանակված 11-մետրանոց: Հիմնական  ժամանակը 2:2 հաշվով ավարտվեց, ու հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով:

Երկրպագուների մասին օրենքն ու նորագույն ստադիոնները

Հանդիպումից հետո լրագրողներին «Ռոսիյա Սեգոդնյա» լրատվական գործակալությունում սպասվում էր հանդիպում ԱԱ-ի կազմկոմիտեի անդամների հետ: Նրանք պատմեցին, թե ինչպես են 2010 թվականին ԱԱ-ն ստանալուց հետո լծվել ծանր աշխատանքին ու ինչ արդյունքների են հասել մեկնարկից 23 օր առաջ: Ամենակարեւոր ձեռքբերումները համարում են 10 նոր ստադիոնները, որոնցից 2-ը լիովին վերակառուցված են, ու 100 մարզումային դաշտերը:

***
[[gallery4]]
Առաջնության անցկացումն իսկապես երազանք է եղել Ռուսաստանի համար, բացի մեծաքանակ երկրպագուներից, դրական հույզերից ու ֆուտբոլային տոնից, այն երկրին նորագույն ստադիոններ է տալու ու այլ հիանալի ենթակառուցվածքներ:

***

Ֆուտբոլը հանդիսական գրավելու տեսանկյունից մրցում է թատրոնների ու կինոթատրոնների հետ ու կախված նրանից, թե որտեղ մարդիկ կնախընտրեն այցելել, մեծապես կախված է նաեւ սպորտի ճակատագիրը: Այդ նպատակով չափազանց կարեւոր են ֆուտբոլ կամ այլ սպորտային միջոցառում դիտելու համար ստեղծված  պայմանները:

***

Ռուսաստանում համարում են, որ երկրպագուների մասին օրենքի ընդունումը չափազանց կարեւոր էր, նրանք իրավաբանորեն էլ պաշտպանվեցին, հստակ պարտականություններ էլ ստացան: Նախկինում արված հարցումները ցույց էին տվել, որ մարդիկ պարզապես վախենում էին ագրեսիվ երկրպագուների պատճառով ստադիոններ այցելել: Այդ կարծրատիպը կոտրելուն օգնեց նաեւ օրենքի ընդունումը: Լավագույն օրինակներից մեկը ռուսների համար Անգլիան էր, որտեղ նմանատիպ օրենք ընդունվել է 20 տարի առաջ, իսկ հիմա առաջնության բոլոր հանդիպումներն անցնում են լեփ-լեցուն ստադիոններում:
[[gallery5]]
***

Ռուսաստանում սկսել են չափազանց կարեւորել երկրպագուների հարմարավետությունն ու անվտանգությունը: Երկրի բոլոր ստադիոններից հանվել են ոստիկանները, նրանք, իհարկե, կան, սակայն գործում են միջտրիբունային հատվածներում ու աչքի համար առավել անտեսանելի գոտիներում:

Դա մեծապես փոխել է ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքը՝ նրանք հասկացել են, որ ֆուտբոլն առաջին հերթին տոն է, այլ ոչ թե պատերազմ, որտեղ երկրպագուներին պաշտպանելու կարիք կա: Արդյունքում խախտումները զգալիորեն քչացել են ու փոխել մարդկանց վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ:
 
Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018