Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Վարդան Մինասյանի թիվ մեկ խնդիրը հաղթողի հոգեբանության վերակերտումն է
29.05 14:35

Ազգերի լիգայի մեկնարկից առաջ ֆուտբոլի Հայաստանի  հավաքականը հերթական ընկերական հանդիպումներն է անցկացնելու: Mediamax Sport-ը Վարդան Մինասյանի վերադարձի խաղին ընդառաջ ամբողջացնում է հավաքականից ունեցած սպասելիքները:

Հերթական երկու ընկերական խաղում մրցակցիներն են Մալթայի ու Մոլդովայի ազգային թիմերը: Մրցելու ենք հավաքականների հետ, որոնց հետ բախտի բերմամբ, թե պատահմամբ այս պահին գտնվում ենք նույն աստիճանին: Մենք այդ կարգավիճակին հասել ենք նախկինում գործած անկարելի վրիպումների հետեւանքով:
[[gallery1]]
Ժամանակն է հավաքվել ու պայքարել այդքան մոտիկ թվացող ուղեգրի համար: Եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ...

Մեզ թարմ արյուն էր պետք: Վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում շատ էր շրջանառվում հենց այս եզրույթը: Վարդան Մինասյանի նշանակումով արյան հետ միասին նոր սիրտ ստացանք: Հիմա վստահաբար կարելի է պնդել, որ հայ ֆուտբոլասերը Մինասյանից չի ցանկանա լսել «մենք փորձարկումներ էինք կատարում» չարաբաստիկ նախադասությունը: Սա հենց այն միտքն է, որն անվստահություն ու լարվածություն է առաջացնում երկրպագուների շրջանում ու ստիպում գոռալ, որ իրենց նյարդային համակարգն իմպրովիզների դաշտ չէ: Երկրպագուների ատելությունից զերծ մնալու գլխավոր նախապայմանն այդ արդարացումից հրաժարվելն է: Կա մեկ տարբերակ՝ փորձարկումներով հաղթել:

Անկասկած ճիշտ է, որ ընկերական խաղերը նոր ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնելու, թիմի ուժեղ ու թույլ կողմերը հասկանալու համար են: Բայց այդ նույն ընկերական խաղերն են, որոնց միջոցով թիմը սովորում է հաղթել, ու կարեւոր դիմակայություններից առաջ որոշակի գաղափար է կազմում, ինչ կարող է անել դաշտում: Պարզից էլ պարզ է, որ մեր հավաքականը վերջին շրջանում հոգեբանական խնդիրներ ունի ու նույնիսկ իրենից կարգով ցածր թիմերի հետ խաղերում կորցնում է իրական դեմքը: Վարդան Մինասյանի թիվ մեկ խնդիրը հաղթողի հոգեբանության վերակերտումն է: Հաղթելու համար խաղալը պետք է դառնա հավաքականի բնավորության գիծը: Նույնիսկ Սենթ Քիթս եւ Նեւիսի ազգային թիմի նկատմամբ հաղթանակը մեծ արժեք ունի:
[[gallery2]]
Նախորդ ընկերական մրցավեճերը ցույց տվեցին, որ հավաքականի խաղում բացակայում էր ձեռագիրը: Կարեւոր չէ՝ Վարդան  Մինասյանը կխաղա պաշտպանությունից, թե շեշտը կդնի հարձակողական ֆուտբոլի վրա: Առաջնայինն այն է, որ թիմը հստակ կատարի ցանկացած առաջադրանք ու դա նկատվի ֆուտբոլիստների գործողություններում: Լավ է ամբողջ խաղն անցկացնել սեփական կիսադաշտում, խաղալ  ընդգծված հակագրոհներով ու հաղթել, քան 90 րոպե տիրել գնդակին ու չհասկանալ՝ ինչպես գործը հասցնել վճռական հարվածի:

Մոլդովայի ու Մալթայի հետ ընկերական խաղերից առաջ հավաքականում կան նորեկներ: Մենք սովորություն ունենք ամեն ֆուտբոլիստի գալստյան հետ կապել ապագա հաղթանակները: Միշտ վերլուծում ենք, ներկայացնում ուժեղ ու թույլ կողմերը, իսկ գլխավոր քննությունից հետո հասկանում, որ սպասելիքները մեծ հաշվով չարդարացան: Օրինակները բազմաթիվ  են: Ժամանակն է ակնկալիքների սանդղակը վերանայել: Մեկ բան պարզ է՝ նորեկները բավական բարձրակարգ խաղացողներ են ու հավաքականում երկար սպասված: Նրանց խաղի մասին վերլուծություններ կանենք նորամուտից հետո:

Երկարատեւ դադարից հետո Հայաստանի ազգային հավաքական է վերադառնում Կառլեն Մկրտչյանը: Հենակետայինի դիրքում Կառլենի խաղաոճի ֆուտբոլիստի կարիք անկասկած ունեինք: Հետաքրքիր կլինի հետեւել նրա ու Ռումյան Հովսեփյանի համագործակցությանը: Եթե այս դուետն արդարացնի սպասելիքները, Հենրիխ Մխիթարյանը կկարողանա ամբողջովին կենտրոնանալ հարձակողական գործողությունների վրա: Սա առջեւում մի քանի անգամ կմեծացնի մեր թիմի ներուժը: Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք ունի հենց կիսապաշտպանության գծում: Անցած ընկերական խաղերում ամենաքննարկվող ու քննադատվող գոտին հենց կենտրոնն էր:
[[gallery3]]
Առաջիկա խաղերը հիանալի շանս են երկրպագուների հավատը վերադարձնելու համար: Այստեղ սայթաքելու իրավունք պարզապես չունենք: Անցել են ժամանակները, երբ Մոլդովայի, Անդորրայի, կամ Մալթայի կարգի թիմերին հաղթելը ոչինչ չէր նշանակում: Մեզ համար կարեւոր է իրականության աչքերին ուղիղ նայելն ու իրավիճակից դուրս գալու ճշգրիտ ելքեր փնտրելը: Վարդան Մինասյանից առաջիկա խաղերում երկրպագուն ակնկալելու է ֆուտբոլ՝ խաղի բոլոր հմայքներով:

Արմեն Մանուկյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018