Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայ գերդաստաններ
Պետրոսյաններ. ռուսական խավիարի համաշխարհային մատակարարները
01.07 13:28

Մեդիամաքսը “Հայ գերդաստաններ” նախագծի շրջանակներում այս անգամ անդրադարձել է Պետրոսյան գերդաստանին. 1920թ. հայազգի երկու եղբայրները՝ Մելքոմ եւ Մուշեղ Պետրոսյաններն առաջին անգամ Ֆրանսիային ներկայացրին խավիարը՝ հիմնելով մի ընկերություն, որը ցայսօր ռուսական խավիարի ամենախոշոր ներկայացուցիչներից է աշխարհում: 

Մելքոմը եւ Մուշեղը, ծնվելով Կասպից ծոցի ավազանի իրանական հատվածում, շուտով ընտանիքի հետ տեղափոխվում են ռուսական տիրապետության տակ գտնվող շրջանը: 1915թ. Հայոց ցեղասպանությունից եւ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պետրոսյան եղբայրները, ի թիվս ռուսական նախկին կայսրության շատ հպատակների, հաստատվում են Եվրոպայում, մասնավորապես՝ Փարիզում:

Ռուսական կայսրության տարագիրները շուտով Եվրոպայում սկսում են ներկայացնել ռուսական մշակույթը՝ բալետը, Ստրավինսկու երաժշտությունը եւ այլն, սակայն ռուսական խոհանոցի կարեւոր բաղադրիչներից մեկը՝ խավիարը, ներկայացված չէր եվրոպական շուկայում. հենց այս հանգամանքից էլ օգտվեցին Պետրոսյան եղբայրները:

“Խավիար” բառի ծագումն առ այսօր վիճելի է: Որոշ մասնագետներ կարծում են, որ այն հունական բառ է, որոշները այն թուրքական են համարում: Գոյություն ունի նաեւ “խավիար” բառի պարսկական ծագման վարկածը:

\"\"
Մելքոմ եւ Մուշեղ Պետրոսյանները
Լուսանկարը՝ petrossian.com կայքից

19-րդ դարում խավիարը մատուցում էին ԱՄՆ-ի փաբերում, հույս ունենալով, որ դրա աղիությունը հաճախորդների մոտ ծարավ կառաջացնի: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ խավիարը ներկայացնելու առաջամարտիկի պատիվը տրված է Պետրոսյան ընտանիքի անդամներին, ովքեր դիմելով Ֆրանսիայում հավատարմագրված սովետական դեսպաններին՝ խնդրում են ռուսական խավիար վաճառել իրենց, ինչին դիվանագետները համաձայնություն են տալիս:

Սկզբնական շրջանում աղի խավիարը դուր չէր գալիս ֆրանսիացիների քիմքին, եւ Պետրոսյանների խանութի հիմնական գնորդները ռուս էմիգրանտներն էին: Սակայն շուտով սառույցը կոտրվեց, եւ խավիարը դարձավ ֆրանսիական բարձրաշխարհիկ հասարակության սիրելի կերակրատեսակներից մեկը:

Պետրոսյան ընկերությունն այսօր

\"\"
Պետրոսյան խավիար
Լուսանկարը՝ petrossian.com կայքից

Այսօր Պետրոսյան ընտանիքը շարունակում է ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնել ռուսական խավիարը` հայկական անվանում կրող ապրանքանիշով: Ընկերությունն այժմ ներկայանում է քաղցրավենիքի եւ ծովամթերքի լայն տեսականիով, ինչպես նաեւ բազմաթիվ ռեստորաններով, որտեղ կարելի է համտեսել այդ հիանալի մթերքները: Ընկերության այժմյան ղեկավարի` Արմեն Պետրոսյանի խոսքերով, խավիարի մատուցումը մշակույթ է` համի մշակույթ: Իսկ 21-րդ դարում նոր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ խավիարի նոր պահանջարկ է ձեւավորվել, եւ սպառողներն ավելի լայն հնարավորություն ունեն ծանոթանալու ընկերության արտադրած մթերքներին: Հարկ է նշել, որ Պետրոսյան ապրանքանիշը բարձր որակի երաշխիք է հանդիսանում ողջ աշխարհում:

Պետրոսյաններն ու Հայաստանը

\"\"
Պետրոսյան ապրանքանիշի խանութի վարագույրները ՀՀ դրոշի գույներով
Լուսանկարը՝ imyerevan.com կայքից

2006թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած այցի ընթացքում նրան ուղեկցում էին բազմաթիվ գործարարներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, այդ թվում նաեւ Արմեն Պետրոսյանը: Վերջինս նշում է, որ Պետրոսյանները դեռ խորհրդային տարիներին մշտապես ձգտել են օգտակար լինել պատմական հայրենիքին, սակայն, չցանկանալով ներգրավվել քաղաքականության մեջ, դա չեն արել հրապարակայնորեն: Պետրոսյանն ավելացնում է, որ, չնայած այն հանգամանքին, որ ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում, դա չի կարող ստիպել իրեն մոռանալ արմատների մասին:

Պատրաստեց Անժելա Կժդրյանը

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018