Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայ մարզիկները եւ 1915-ը
Հայ մարզիկները եւ 1915-ը. մաս 2-րդ
16.02 12:30

Հայերն Օսմանյան կայսրության լավագույն մարզիկներն էին՝ չնայած նրան, որ Աբդուլ Համիդի օրոք կայսրությունում արգելվում էր մարզական միջոցառումների անցկացումը:

Սպորտով հիմնականում զբաղվում էին ամերիկյան ու ֆրանսիական ուսումնական հաստատություններում, ինչն էլ նպաստեց, որ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, սպորտում ավելի հմտանան ու առաջընթաց արձանագրեն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Mediamax Sport-ը շարունակում է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել «Հայ մարզիկները եւ 1915-ը» շարքը, որում պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի սպորտային ներդրումների մասին:

Հայերի սպորտային շարժումն ընդգրկել էր ամբողջ կայսրությունը

Հայերի սպորտային կյանքն ընթանում էր գրեթե ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում, սակայն ամենաակտիվը մի քանի խոշոր քաղաքներ էին:

Մարզական կենտրոնը, իհարկե, Կոստանդնուպոլիսն էր: Դեռ 1853թ. քաղաքի ուսումնական խորհուրդը կարեւորել էր հայկական ուսումնական հաստատություններում սպորտով զբաղվելը:
[[gallery1]]
Զմյուռնիայում հայերը սպորտով զբաղվում էին դեռ համիդյան շրջանից ու հիմնականում հանդես էին գալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներով համալրված ֆուտբոլային թիմերում: Ժամանակի ընթացքում կազմվեցին նաեւ հայկական ակումբներ, որոնց հիմքի վրա ստեղծվեց «Հայ որսորդաց ակումբը»: 1912թ. այն մոտ 1000 անդամ ուներ եւ կարողացավ հունական ու անգլիական թիմերի հետ պայքարում նվաճել Զմյուռնիայի արծաթե գավաթը:

Կարճ ժամանակում մարզական շարժումն ընդգրկեց նաեւ գավառները (Կարին, Վան, Հաճն, Զեյթուն, Սեբաստիա, Ուրֆա): Մեծացավ նաեւ հայերի շրջանում հետաքրքրություն առաջացնող մարզաձեւերի թիվը՝ բասկետբոլ, աթլետիկա, հեծանվասպորտ:

Հայկական ֆուտբոլային ակումբներն ուժեղագույններից էին

Արեւմտահայերի մոտ ամենատարածված ու մասսայականություն վայելող մարզաձեւը ֆուտբոլն էր: Հայերը տարված էին այդ խաղով, ու միայն Կ.Պոլսում Առաջին աշխարհամարտի տարիներին շուրջ 40 ակումբ էր գործում:

Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում, որից հետո ֆուտբոլային տենդը տարածվել էր ամբողջ կայսրության տարածքով:

Լավագույն թիմերից էր «Արաքսը», որը մարզումներն անցկացնում էր Կ. Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»: «Արաքսը» մեծ համբավ ուներ ու հաճախակի էր երկրպագուներին ուրախացնում իր հաղթանակներով: Պատահական չէր, որ 1911թ. թիմը դարձավ «Ռումելի» միջազգային լիգայի հաղթող:

Հայկական ակումբները շատ կազմակերպված էին ու ֆուտբոլային հստակ կանոնակարգ ունեին: Նրանք շատ մեծ կարեւորություն էին տալիս նաեւ ֆուտբոլիստների մարզահագուստին: Գրեթե բոլոր թիմերն ակումբների տարբերանշանով մարզահագուստ ունեին:
[[gallery2]]
Հայկական ակումբների թվի ավելացմանը զուգահեռ «Մարմնամարզ» պարբերականը սկսեց իրականացնել Կ.Պոլսում ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը:

Պարբերականի խմբագիր Շավարշ Քրիսյանի վկայությամբ, երբ թերթը նոր էր սկսել լույս տեսնել, ընդամենը 2-3 ակումբ կար, սակայն երբ 6 ամիս անց դրանց թիվը դարձավ 18, այդ գաղափարը կյանքի կոչելն արդիական դարձավ:

«Մենք ջանադիր պիտի ըլլանք ոչ միայն Եւրոպայի եւ Ամերիկայի նշանավոր մարմնամարզիկներուն վրայ հիանալու ու հիշեցնելու, այլ եւ կարելնիս պիտի ընենք, որպեսզի մեր մէջէն նմանները եւ նոյնիսկ լաւագոյնները արտադրենք»,- գրում էր պարբերականը:

Ազգային լիգայի ստեղծումը, ըստ Շավարշ Քրիսյանի, հայկական բոլոր ակումբների միջեւ մշտական հարաբերություններ հաստատելու, փոխադարձ մրցումներ կազմակերպելու եւ օտարների առաջ պարծենալու համար էր:

Պարբերականը իր համարներում սկսեց դիմել բոլոր հայկական ակումբներին՝ տալու իրենց համաձայնությունը: Կարճ ժամանակ անց թերթն իր նպատակին հասավ: Այդ գաղափարը ոգեւորության մի հսկայական ալիք առաջացրեց՝ դառնալով նաեւ նոր ակումբների ստեղծման պատճառ:

Առաջին ակումբը բացեց Գուրու-Չէչմէի փոքրաթիվ հայ երիտասարդությունը: Այդ օրինակը վարակիչ դարձավ նաեւ մյուս թաղամասերի համար:

«Մարմնամարզին» հաջողվեց Կ.Պոլսի հայկական ակումբներին մի գաղափարի շուրջ համախմբել: Ակումբները փոխադարձ համաձայնությամբ ու իրենց կարողությունների հիման վրա կազմեցին 1-ին ու 2-րդ լիգա: Հանդես էին գալիս մի շարք թիմեր, ու, թերթի վկայությամբ, չեմպիոնության համար պայքարը միշտ շատ թեժ էր լինում:

Թեեւ սուլթանական ռեժիմը պարբերաբար արգելում էր ֆուտբոլը, սակայն հայերը շարունակում էին հավատարիմ մնալ իրենց սիրելի խաղին:

Սպորտի տարածման ու զարգացման առաջամարտիկները

Բազմաթիվ հայ մարմնամարզիկներ էլ նախապատվությունը օլիմպիական մարզաձեւերին (վազք, լող, նիզակի նետում, աթլետիկա) էին տալիս: Նրանք հիմնականում Կ.Պոլսի ամերիկյան «Ռոբերտ» քոլեջի ու Գալաթասարայի ֆրանսիական բարձրագույն դպրոցի սաներն էին:

Սովորելուն զուգահեռ նրանք նաեւ սպորտում էին բարձր արդյունքներ գրանցում: 1911թ. «Գալաթասարայ» ակումբի հունգարական մարմնամարզական խմբի՝ Կ.Պոլիս այցելելու առթիվ կազմակերպած միջազգային մրցաշարի ժամանակ 1 մղոն վազքում աչքի ընկան Վահրամ Փափազյանը, իսկ սկավառակի նետում մարզաձեւում՝ Մկրտիչ Մկրյանը: Արգելավազքում ու ձողացատկում 1-ինը Մարտիրոս Գույումճյանն էր: 1912թ. «Տորք» ակումբը կազմակերպեց լողի, թենիսի ու հեծանվավազքի մրցումներ: Թենիսում հաղթող դարձավ Վահրամ Շիրինյանը, որը Թուրքիայի բազմակի չեմպիոն էր, իսկ հեծանվասպորտում լավագույններն էին Վաղարշակ Վարժապետյանն ու Աշոտ Փափազյանը:

1911թ. հունիսին էլ Ամերիկյան վարժարանի դաշտային մրցումներում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Առաքել Համբարձումյանը, որն էլ այդ տարվա չեմպիոնի տիտղոսին արժանացավ: Նա 1-ին ու 2-դ տեղերը զբաղեցնելուց բացի նաեւ անհատական պարգեւ ստացավ, եւ մարզիկի անունը գրվեց Մետաղյա Սրտի վրա, որը պահվում էր վարժարանում չեմպիոնի տիտղոս նվաճած մարզիկների անունների կողքին:

Հայկական մարզական կյանքում զգալի աշխուժություն մտցրին նաեւ արտասահմանում կրթություն ստացած հայ ուսանողները՝ Շավարշ Քրիսյանը, Գրիգոր Հակոբյանը, Վահան Չերազը:
[[gallery3]]
Փարոս դարձած առաջին սպորտային պարբերականը

Հայերի սպորտային կյանքի ակտիվացման ու համախմբման գործում չափազանց մեծ էր 1911-ից Շավարշ Քրիսյանի կողմից հրատարակվող «Մարմնամարզ» պարբերականի դերը: Այն առաջին սպորտային թերթն էր Օսմանյան կայսրությունում ու դադարեց հրատարակվել 1914թ., իսկ Շավարշ Քրիսյանը դարձավ Մեծ եղեռնի զոհերից մեկը:

«Մարմնամարզի» դերը սպորտի տարածման գործում չափազանց բարձր է գնահատել Ստոկհոլմի Օլիմպիական խաղերին մասնակցած վազորդ Վահրամ Փափազյանը: Նա այսպիսի բովանդակությամբ նամակ է գրել ամսագրին. «Ազնիվ խմբագապետ «Մարմնամարզի»: Ձեր ազգօգուտ գործով եկած էք չափազանց մեծ պակաս մը լրացնելու»:

Իր նամակում Վահրամ Փափազյանը կոչ է արել հույների օրինակով վստահելի մարդկանց հովանու ներքո հայ մարմնամարզական ակումբներ բացել: Դրանք պետք է ունենային կանոնադրություն, իսկ յուրաքանչյուր անդամ էլ իր ունեցածի չափով գումար նվիրաբերեր: Աթլետը «Մարմնամարզին» խնդրել է հայկական մյուս թերթերի միջոցով կոչ անել այդ գաղափարն իրականացնելու համար:

«Վստահ եղեք, եթե Պոլսո մեջ մարմնամարզական հայ ակումբ մը կազմվի, քիչ ատենեն Թուրքիո բոլոր նոյն տեսակ ակումբներու մեջ առաջինը կը հանդիսանանք»,-գրել էր Վահրամ Փափազյանը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Հոդվածում մեջբերումներ են արվել «Մարմնամազ» հանդեսից, Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» եւ Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում» գրքերից:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018