Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հայ մարզիկները եւ 1915-ը
Հայ մարզիկները եւ 1915-ը. մաս 4-րդ
02.03 13:30

1915-ին թուրքերը կարողացան հասնել իրենց նպատակին ու բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ՝ զրկելով նրան իր պատմական հայրենիքից, կարողությունից ու ապրելու իրավունքից: Բայց ամենագլխավորը թուրքերն անել չկարողացան, նրանց այդպես էլ երբեք չհաջողվեց կոտրել հայի կամքն ու ուժը, ոչնչացնել ազգային դիմագիծն ու ոգին:

Հայ ժողովուրդը, անցնելով տառապանքների ու ցավի, կորուստների ու դժվարությունների միջով, շարունակեց ապրել եւ արարել: Հայերը շարունակեցին զբաղվել սպորտով եւ զարգացնել մարզական ավանդույթները նաեւ 1915-ից հետո:

Mediamax Sport-ը «Հայ մարզիկները եւ 1915-ը»  հոդվածաշարի վերջին մասում պատմելու է Մեծ եղեռնից հետո սպորտի վերածննդի ու Համահայկական խաղերի պատմության մասին:

Կյանքի վերածնունդն ու միջորբանոցային Օլիմպիական խաղերը

Եղեռնից հետո աննկարագրելի ծանր ու դժվար օրեր վրա հասան: Ամեն ինչ տակնուվրա էր եղել, շեղվել բնականոն հունից, եւ անհրաժեշտ էր նոր սկիզբ գտնել:

Անապաստան էին մնացել հազարավոր երեխաներ, որոնք ոչ միայն գնալու տեղ չունեին, այլեւ միայնակ էին մնացել ամբողջ աշխարհում: Այդ օրհասական պահին հազարավոր երեխաների օգնության ձեռք մեկնեցին տարբեր կազմակերպություններ, որոնք բացեցին որբանոցներ ու նրանց հոգսը վերցրին իրենց վրա:

Որբանոցներում էլ երեխաներն աստիճանաբար փորձեցին մոռանալ անցյալի ծանր հարվածներն ու ապրելու ուժ գտնել: Այդ հաստատություններում երեխաները սկսեցին ուսում ստանալ ու զարգացնել ֆիզիկական պատրաստվածությունը:
[[gallery1]]
Պոլսում ստեղծված բազմաթիվ որբանոցները միավորվեցին Գուլելիի կենտրոնական որբանոցում:  Գուլելիի պետական սպայական վարժարանի շենքերը հայ որբերին հանձնելու որոշում էր կայացրել քաղաքի անգլիական զինվորական հրամանատարությունը: Սակայն այդ որոշումը բողոքի մեծ ալիք առաջացրեց  թուրքերի մոտ, ու թեեւ նրանք փորձեցին վերադարձնել շենքը, սակայն այդպես էլ հաջողություն չունեցան:  Իսկ ավելի ուշ վարժարանի տարածքում բարձրացվեց հայկական դրոշը: 

Կենտրոնական որբանոցում Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) սկաուտական ու մարմնամարզական շարժումը երեխաների մոտ մեծ սեր առաջացրեց դեպի սպորտը: Մոտ 1500 երեխայի հետ պարապում էր մարզիկ Բյուզանդ Կյոզիպյոյուքյանը:

Չնայած Մեծ եղեռնի պատճառով հայերը չկարողացան կրկին անցկացնել Հայկական Օլիմպիական խաղեր ու մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն անգամ որբանոցում նրանք ունեցան սեփական սպորտային մրցումները: Այս անգամ դրանք կոչվեցին միջորբանոցային Օլիմպիական խաղեր, որոնք իրենց անվանումով ու բնույթով անկասկած եզակի էին: Խաղերը կազմակերպվեցին Պոլսո Հայոց Պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի աջակցությամբ: Նա նաեւ մասնակցեց հաղթողների պարգեւատրման արարողությանը:

Միջորբանոցային Օլիմպիական խաղերի մասնակիցների մի մասը հետագայում էլ շարունակեց մարզական ուղին ու աչքի ընկավ տարբեր մրցաշարերում:

Որբանոցներում էլ հայերի ամենասիրած մարզաձեւը շարունակեց մնալ ֆուտբոլը: Գրեթե յուրաքանչյուր որբանոց իր թիմն ուներ ու մասնակցում էր մրցաշարի: Ֆուտբոլից բացի` երեխաների առօրյա մտան թիմային այլ մարզաձեւեր եւս՝ վոյելբոլը, բասկետբոլը, բեյսբոլը:

«Կյանքի վերածննդի ու Ցեղասպանությունը վերապրած սերնդի հաստատուն կամքի վկայությունը դարձան մարմնամարզական ու սպորտային կյանքի նկատմամբ հետաքրքրությունն ու նման ակումբների ստեղծումը հենց Դեր Զորում: ՀՄԸՄ-ի ստեղծումը սոսկ գաղափար չէր ու չէր սահմանափակվում զուտ մարմնակրթական խնդիրներով, այլեւ կոչված էր լուծելու համահայկական ընդհանրության գաղափարը եւ նեցուկ կանգնելու հայ ժողովրդին»,- «Սպորտը եւ մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» գրքում գրել է Հայկ Դեմոյանը:

Համահայկական խաղերի վերածնունդը

Աշխարհով մեկ սփռված հայերն անգամ տասնամյակներ անց չէին կարող հրաժարվել սեփական խաղերն անցկացնելու գաղափարից: Ինչպես հեռավոր 1911-ին էին Ազատության բլուրում մրցել Հայկական առաջին Օլիմպիական խաղերում, այնպես էլ այժմ նրանք ցանկացան շարունակել մարզական ավանդույթներն ու ցույց տալ սեփական ներուժը:
[[gallery2]]
Ցեղասպանությունից 84 տարի անց հայերն անցկացրին մարզական մեծ միջոցառում, որը կոչվեց Համահայկական խաղեր: Խաղեր անցկացնելու գաղափարը անվանի դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանինն էր։ Բոլոր հայերի համար խաղեր կազմակերպելու գաղափարը նրա մոտ ծագել էր դեռ հեռավոր 1965-ին, սակայն այն իրագործելու համար շուրջ երկու տասնամյակ պահանջվեց: Խորհրդային տարիներին այդ մասին անգամ երազել չէին կարող, ուր մնաց թե հնարավոր լիներ կազմակերպել նման խաղեր:

Սակայն Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո խաղեր անցկացնելու գաղափարն ավելի իրատեսական դարձավ: Աշոտ Մելիք-Շահնազարյանն այդ մասին բարձրաձայնեց նաեւ 1995 թվականին Փարիզում Հայ բարեգործական ընդհանուր միության ժողովի ժամանակ: Գաղափարն արժանացավ բոլորի հավանությանն ու սկսվեց աստիճանաբար կյանքի կոչվել:

Եվ ահա դրանից 4 տարի անց վերջապես իրականացավ համայն հայության երազանքը՝ նրանք կրկին ունեցան իրենց սեփական մարզական խաղերը:

Համահայկական առաջին խաղերի բացման արարողությունը կայացավ 1999-ի օգոստոսի 23-ին «Հրազդան» մարզադաշտում, որտեղ խաղերի կրակը փոխանցումավազքով հասավ Գառնու հեթանոսական տաճարից: Իսկ խաղերի ջահը վառելու պատիվը տրվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանին:

Առաջին համահայկական խաղերի մեկնարկի առթիվ իր շնորհավորական ուղերձը հղեց նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) այն ժամանակվա նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը: Նա համոզմունք հայտնեց, որ խաղերը միավորելու են Հայաստանում ու Սփյուռքում ապրող բազմաթիվ հայերի, ընթանալու են սպորտային արժեքների պահպանման ու արդար մրցակցության պայմաններում:

Խաղերի բացման օրն իսկական տոն էր մայրաքաղաքի, նրա բազմաթիվ բնակիչների ու արտերկրից ժամանած հյուրերի համար: Վաղուց Երեւանն այդքան տոնական, վառ ու ուրախ չէր եղել: 22 երկրների մոտ 1200 մարզիկները շուրջ 13 օր իսկական մարզական թատերաբեմի էին վերածել Երեւանը: Նրանք պայքարում էին ոչ միայն 7 մարզաձեւերում (ֆուտբոլ, բասկետբոլ, վոյելբոլ, աթլետիկա, թենիս, շախմատ, սեղանի թենիս) խաղարկվող 37 մեդալների հավաքածուի, այլեւ այդքան ցանկալի՝ Համահայկական խաղերի առաջին հաղթողի կոչմանն արժանանալու համար:

Չորս տարին մեկ անցկացվող խաղերն այնպիսի ոգեւորություն ու խանդավառություն առաջացրին, որ խաղերի կազմկոմիտեն որոշեց կազմակերպել նաեւ ձմեռային Համահայկական խաղեր, որոնք առաջին անգամ անցկացվեցին 2014 թվականին Ծաղկաձորում: Տարիների ընթացքում խաղերը որոշակի փոփոխությունների ենթարկվեցին, ավելացան ու փոխվեցին մարզաձեւերը, անցկացման վայրը, մասնակից երկրների քանակը, սակայն նրա բուն առաքելությունը մնաց անփոփոխ:

Այսօր առանց Համահայկական խաղերի անհնար է պատկերացնել հայերի մարզական կյանքը: Այն բազմաթիվ հայ երիտասարդների տուն կանչող ու հայրենիքի հետ կապ պահպանող օղակի է նման, որից հետո շատերն առաջին անգամ լինելով Հայաստանում՝ սիրահարվում են մարդկանց ու բնությանը, ցանկանալով կրկին ու կրկին վերադառնալ այստեղ:

Այս տարի էլ՝ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցին, կազմակերպվելու են Հահահայկական խաղեր: Թվով 6-րդ խաղերը կրկին հայ ժողովրդի անսահման ուժի, անկոտրուն կամքի, համառ բնավորության ու միասնականության լավագույն վկայությունն են լինելու:

Հասմիկ Բաբայան ,Գոհար Նալբանդյան

Հոդվածում մեջբերումներ են արվել Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» եւ Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում

Կարդացեք նաեւ «Հայ մարզիկները եւ 1915-ը» շարքի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018