Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Աշխարհում
Իրավիճակը Վրաստանում սրվել է
05.10 09:45
Հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վրաստանում իրավիճակը սրվել է:

Հոկտեմբերի 4-ի երեկոյան Թբիլիսիում պայթեցվել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Մեքենան պայթել է Թբիլիսիի կենտրոնում՝ Կոլխոզային հրապարակի վրա, կուսակցության գրասենյակի մոտ:

Պայթյունի պահին մեքենայի մեջ եղել են Թարգամաձեն եւ վարորդը, երկուսն էլ վնասվածքներ են ստացել: Պայթյունի հետեւանքով տուժել է նաեւ չորս անցորդ, նրանցից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում տեղի ունեցածը «սադրանք» է անվանել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Նա նշել է, որ «հանցագործներին չի պաշտպանի ոչ անձեռնմխելիությունը, ոչ էլ այլ պետության քաղաքացիությունը»: Այդպիսով, իշխանությունները տեղի ունեցածի համար անուղղակիորեն մեղադրել են նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, որն այժմ Ուկրաինայի քաղաքացի է եւ Օդեսայի շրջանի նահանգապետը:

Մի քանի օր առաջ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մոտ ապագայում վերադառնալու է Վրաստան, չնայած իր դեմ հարուցված քրեական գործերին:
[[gallery1]]
«Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան հայտարարել էր «Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի հոգեւարքի» մասին:

«Ես չգիտեմ, թե ով է սա արել, բայց ես գիտեմ, ինչն է բերել երկիրը այս վիճակին՝ դա Իվանիշվիլին է եւ նրա քաղաքականությունը»,- ասել է Բոկերիան:

Ինքը՝ Միխայիլ Սաակաշվիլին, հայտարարել է, որ Վրաստանում իրավիճակի ապակայունացումը Իվանիշվիլիի շահերից է բխում:

«Դեռ Բորիս Նեմցովը, որը լավ ճանաչում էր Իվանիշվիլիին, երբ նա ապրում էր Ռուսաստանում, ինձ Կիեւում զգուշացնում էր, որ Իվանիշվիլին եւ նրա հաջողությամբ շահագրգռված մարդիկ ընդունակ են ցանկացած բռնության: Մոտակա ժամանակներս մենք պետք է հանգստություն պահպանենք եւ հետեւենք ընտրություններ անցկացնելու եւ օլիգարխի ճանկերից ազատվելու մեր ծրագրին»,- հայտարարել է Օդեսայի շրջանի նահանգապետը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017