Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հարցումների «ետնաբեմում»
Հարցումը բացահայտել է «հայկականության» ամենակարեւոր բաղադրիչը
15.06 10:07

Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) շարունակում են հոդվածների շարքը, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն՝ անսպասելի արդյունքները:

Անկախություն ձեռք բերելուց հետո ապրելով էթնիկ տեսանկյունից միատարր հասարակությունում՝ ՀՀ բնակչությունը ձեւավորել է քաղաքացիության յուրօրինակ մոդել. Հայաստանում ապրող բոլոր մարդիկ հայ են, ՀՀ բնակիչը/քաղաքացին ու հայը նույնական են:

Այս պնդման իրավացիության մեջ համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել հանրային ելույթներում եւ կոչերում մեր հասարակությունում ընդունված դիմելաձեւերին՝ «հայեր», «հայություն», «հայրենակիցներ», «հայ ժողովուրդ»:

Ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց ավելի հետաքրքիր կլինի դիտարկել «հայկականության» վիճակագրական կողմը կամ այն, թե ՀՀ բնակչությունը ում է հայ համարում:

IPSC ընկերության կողմից իրականացված «Կյանքի որակը» հետազոտության մեջ ի թիվս այլ հարցերի ներառված է «Ի՞նչն է առավել կարեւոր հայ համարվելու համար» հարցը:



Հանրային հարցումը, որին մասնակցել է 2003 հարցվող (Երեւանում՝ 708, մարզերում՝ 1295), հետեւյալ պատկերն է ուրվագծել. ինքնանույնականացումը կամ ինքն իրեն հայ համարելը «հայկականության» ամենակարեւոր բաղադրիչն է, եւ այս պատասխանը ընդունելի է համարել ՀՀ բնակչության 21%-ը:

Հաջորդաբար ամենից հայտնի պատասխաններն են դարձել հոր կամ մոր հայ լինելու գործոնը եւ ապա Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ լինելը: «Հայկականության» հարցում ՀՀ բնակիչները ամենաքիչը կարեւորել են հայերեն լեզվով խոսելը՝ 12%:

Հետաքրքրական է, որ եթե դիտարկենք հարցման պատասխանները ըստ սեռային բաշխվածության, ապա կտեսնենք, որ կանանց եւ տղամարդկանց պատասխանների միջեւ էական տարբերություններ չկան:

Կանանց համար ամենակարեւոր գործոնը հայ համարվելու համար մարդու ինքնանույնականացումն է որպես հայ, իսկ տղամարդիկ մարդու ինքնանույնականացումը եւ հոր հայ լինելը կարեւորում են գրեթե հավասարաչափ:

«Հայկականության» շուրջ պատասխանների շրջանակում հետաքրքիր պարզաբանում է մտցնում նաեւ հարցմանը մասնակցած բնակչության դեմոգրաֆիան:

Ի տարբերություն քաղաքային բնակչության, որի համար ամենակարեւորը մարդու ինքնանույնականացումն է որպես հայ, գյուղաբնակների համար ամենակարեւոր գործոնը հոր հայ լինելն է: Երեւանցիների համար հոր հայ լինելը եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ լինելը հավասարազոր գործոններ են: Իսկ ինքնանույնականացումը որպես հայ  առավել կարեւոր գործոն է բարձրագույն եւ ավելի բարձր կրթություն ունեցողների շրջանում (24%):

Մարդուն տվյալ էթնոսի ներկայացուցիչ համարելու հարցում երեք հիմնական մոտեցումներ կան.

1.    Եթե մարդու էթնիկ պատկանելությունը պայմանավորում եք նրա արտաքին ֆիզիկական կամ գենետիկ բնութագրիչներով, ապա դուք կենսաբանական մոտեցման կողմնակից եք:

2.    Եթե էթնոսը դիտարկում եք որպես մարդկանց որոշակի համախմբություն, որոնք կիսում են ընդհանուր մշակույթ (լեզու, կրոն, պատմություն (իրական կամ հորինված), գաղափարներ, արժեքներ, վարքի մոդելներ), ուրեմն դուք սոցիոլոգիական մոտեցման կողմնակից եք:

3.    Իսկ եթե համարում եք, որ էթնիկ պատկանելության տեսանկյունից ամենակարեւորը սեփական անձին այս կամ այն էթնիկ խմբի մաս տեսնելն է, ապա Դուք աֆեկտիվ մոտեցման կողմնակից եք:

Ո՞ր տարբերակի կողմնակից եք Դուք: Եթե ընտրել եք երրորդ տարբերակը, ուրեմն համաձայն եք ՀՀ բնակչության մեծամասնության հետ: 

Սաթենիկ Կարապետյան, IPSC ընկերության վիճակագիր

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018