Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ռիո 2016
Անկեղծ ու իրական հույզերով Օլիմպիադա. Մերոնք
30.08 13:00

Դժվար է հավատալ, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: Ամբողջ 4 տարի մարզաշխարհը սպասում էր այդ իրադարձությանն ու այսօր արդեն ամփոփում է արդյունքները:

Խաղերի ողջ ընթացքում Mediamax Sport-ը Ռիոյում մեր մարզիկների կողքին է եղել ու հետեւել նրանց ելույթներին: Մենք լիաթոք ուրախացել ենք ամեն հաղթանակի համար ու անասելի տխրել բոլոր անհաջողություններով:

Դժվար է բառերով նկարագրել այն հույզերը, ցավը, հիասթափությունները, հաղթական ակնթարթներն ու էմոցիոնալ պոռթկումները, որոնց ականատես ենք եղել: Ամեն ինչ այնքան իսկական էր ու անկեղծ, որ հնարավոր չէր չհավատալ ու չապրել դրանցով:

Ներկայացնում ենք մեր մարզիկների մասնակցությամբ ամենավառ ու տպավորիչ պահերը:

Ընկերների աջակցությունը



Պրոֆեսիոնալ սպորտը նախ եւ առաջ թիմային ու համատեղ աշխատանքի արդյունք է: Ռիոյում այդ թիմային ոգին, միմյանց կողքին լինելու ու օգնելու ցանկությունը մեր մարզիկների մոտ այնքան վառ էր ընդգծված:

Առաջինն այդ ամենը տեսանք մարմնամարզիկների կատարմամբ: Իր մեկնարկից րոպեներ առաջ Արթուր Դավթյանը թիմակցի ու ընկերոջ՝ Հարություն Մերդինյանի կողքին էր, քաջալերում ու օգնում էր նրան: Այնուհետեւ տղաները փոխվեցին տեղերով՝ աջակցելու հերթը Եվրոպայի չեմպիոնինն էր:

Դժվար էր չհիանալ նաեւ բռնցքամարտիկների միասնությամբ: Տղաները պարտադիր տրիբունայից հետեւում էին իրենց ընկերներին ու անդադար հուշում տեղերից՝ փորձելով ամեն կերպ օգնել:

Համարյա բոլոր հայ մարզիկները, որոնք ավարտում էին իրենց ելույթները, մշտապես մարզադահլիճներում էին ու ցավում էին հայերի համար: Նրանց էին միանում նաեւ ՀԱՕԿ-ի աշխատակիցներն ու տրիբունայի մի հատվածը «հայկական» դարձնում:

Էմոցիոնալ մարզիչները



Օլիմպիադայում ամենածանր ու դժվար աշխատանքն, անկասկած, մարզիչներինն  էր: Հաղթանակների ու առավել եւս պարտությունների համար հենց նրանք էին պատասխանատու:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1 ոսկե ու արծաթե մեդալները, կողմնակալ մրցավարությունը, փայլուն հաղթանակներն ու անսպասելի պարտությունը չէր կարող չարտահայտվել մեր մարզիչների դեմքերին ու հայտվել մեր լուսանկարներում:

Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ամենաէմոցիոնալ ու բռնկվող մարզիչն է: Նա ամեն գոտեմարտի ասես ինքն էր գորգ դուրս գալիս ու պայքարում…

Բաղդադյանի լրիվ հակապատկերն է մարմնամարզության թիմի 2-րդ մարզիչ Սոս Սարգսյանը`հանգիստ, քչախոս ու իր անհանգստությունը որեւէ կերպ չցուցադրող: Հարություն Մերդինյանի  կարիերայի ողջ ընթացքը նրա հետ անցած մարզիչն անչափ հպարտ էր ու ուրախ իր սանի եզրափակիչ անցնելու համար: 

Անկեղծ հույզերը



Խաղերում տեղի էին տալիս բոլորի նյարդերը, անկախ նրանից հաշվի մեջ առաջ էին, հաջողությունն իրենց ձեռքերում էր, թե անսպասելի լքում էին պայքարը:

Միհրան Հարությունյանն իսկական «կրակ» էր, նա վերապրում էր այն ամենը, ինչ կատարվում էր գորգի վրա: Մարզիկի դեմքից կարելի էր հասկանալ խաղերի ողջ ընթացքը: 

Թիմակցին չզիջեց նաեւ սովորաբար զուսպ Արթուր Ալեքսանյանը: Մարզիկի մոտ չափազանց մեծ էր հաղթելու ցանկությունն ու նա որեւէ կերպ դա թաքցնել չէր կարող:

Ծանրաձողի ամեն մի հաղթահարումը բուռն էմոցիաներ էր առաջացնում ծանրորդների մոտ: Երիտասարդ մարզիկներ Սոնա Պողոսյանն ու Սիմոն Մարտիրոսյանն անկեղծ ուրախանում էին յուրաքանչյուր հաջող փորձից հետո:

Չստացված փորձերը



Սպորտում հաճախ մրցակիցներից բացի մարզիկները նաեւ իրենց հետ են պայքարում ու, ցավոք, միշտ չէ, որ հաղթող են դուրս գալիս:

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը եւս այդ պայքարում չկարողացավ  կատարել իր առաջադրանքը, բայց մեծ փորձ ու անգնահատելի դաս քաղեց Օլիմպիադայից:

Ռուբեն Ալեքսանյանին մեկ մոտեցումը չբավականացրեց մեդալի համար պայքարել՝ արդյունքում նա 4-րդը եղավ: Արսեն Ջուլֆալակյանն ու Հովհաննես Դավթյանն իրենց 3-րդ Օլիմպիական խաղերում զիջեցին մեկնարկային գոտեմարտերում, Անդրանիկ Կարապետյանը ցավալի ու ծանր վնասվածք ստացավ:

Իր կամային որակներով եւս մեկ անգամ մեզ հիացրեց Հովհաննես Բաչկովը: Հենց առաջին ռաունդում հայտնվելով ռինգի հատակին՝ նա լիովին կերպարանափոխվեց ու կարողացավ կորզել հաղթանակը:

Հաղթական պահերը



Անկախ ամեն ինչից, սպորտը գեղեցիկ ու անմոռանալի են դարձնում հաղթանակները: Վերջում բոլոր մարզիկները չէ, որ մեդալակիր են դառնում, սակայն  նրանք այնքան դժվարությունների միջով են անցնում, որ չհիանալ այդ ամենով հնարավոր չէ:

Միանշանակ, Օլիմպիադան մեզ համար անկատար կլիներ առանց մեդալների: Խաղերի վերջում ըմբիշներն ու ծանրորդները ամեն ինչ արեցին, խաղերը տոնի վերածելու համար:

Առանձնահատուկ գեղեցիկ ու տպավորիչ ստացվեցին Ալեքսանյանի ու Հարությունյանի հաղթանակները թուրք ու ադրբեջանցի մարզիկների նկատմամբ:

Օլիմպիական ընտանիքը



Հայաստանի Օլիմպիական հավաքականը Ռիոյում մեծաքանակներից չէր: Օլիմպիական ավանի շենքերից մեկի ընդամենը 2 հարկերում բնակվող մեր պատվիրակությունը, սակայն կարելի է ամենաջերմն ու ընտանեկանը համարել:

Այնտեղ՝ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր ու մի ամբողջ օվկիանոս հեռու, մեզ իսկապես տանն էինք զգում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան


Նախագծի գործընկեր 

 

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017