Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Քաղաքականություն
«Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ»
09.10 15:50
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ քննիչների պարտականությունները չեն կարող կատարվել մարդու իրավունքների եւ ազատությունների չարդարացված սահմանափակումների հաշվին:

Այս մասին նախագահն ասել է Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան եւ կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին:

«Պետության կողմից մեկ շահի պաշտպանությունը մյուսը ոտնահարելու միջոցով ապրիորի վնասակար է եւ երբեւէ որեւէ օգուտ տալ չի կարող: Նման երեւույթն անարդարություն ծնող հիմնական պատճառներից մեկն է: Անշուշտ, իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում: Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաեւ՝ անդառնալի հետեւանքների»,- ասել է Սերժ Սարգսյանը:
[[gallery1]]
Նրա խոսքով՝ «այս արատին հաջողությամբ դիմագրավելու բանաձեւը երկու երեւույթների համաժամանակյա ապահովումն է»:

«Առաջին. մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ եւ պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսեւորումների եւ տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսեւորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսեւորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ: Խնդրում եմ, սա հաշվի առնել»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով քննիչների եւ դատախազության համագործակցությանը՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում.

«Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տեւական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով»:
[[gallery2]]
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հետախուզվող անձանց հայտնաբերումը շարունակում է լուրջ խնդիր մնալ.

«Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սեւեռել, ընդ որում՝ երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում՝ հանրապետությունից էլ դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետեւ դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձեւը դրանց բացահայտումն է ամբողջությամբ»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իրավապահ ոլորտում անելիքները շատ են, որի վկայությունը վերջին ամիսներին տարբեր մարզերում եւ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերն են:

«Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի եւ անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլեւ դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ: Հանրությունը պետք է վստահ լինի, որ Հայաստանում անօրինականության եւ անկարգության ցանկացած դրսեւորում արագ բացահայտվելու եւ օրենքի ողջ ուժով անխուսափելիորեն պատժվելու է»,- նշել է նախագահը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017