Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Գիտություն
Գիտական Expo-2017` հատման կետերի որոնումով
03.05 15:44

Երեւանում մայիսի 3-ին մեկնարկել է Գիտական միամսյակը: ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի եւ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախաձեռնած միջոցառումների շարքը բացել է Գիտական ցուցահանդեսը: ԵՊՀ գրադարանի առաջին հարկում գիտական կազմակերպությունները ներկայացրել են իրենց գործունեությունը, նվաճումներն ու զարգացման ուղղությունները։
[[gallery1]]
Ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին ծանոթանալու գիտական կազմակերպություններում իրականացվող աշխատանքներին, կապեր հաստատելու գիտական լաբորատորիաների հետ, բացահայտելու եւ գնահատելու Հայաստանի գիտական համայնքը, մեծացնելու հետաքրքրությունը եւ ընդլայնելու տեղեկատվությունը բնական գիտությունների մասին:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի անդամ Անի Կովալենկոն Մեդիամաքսին ասել է, որ Գիտական միամսյակը կտեւի մինչեւ մայիսի 31-ը, այդ ընթացքում ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում տեղի կունենա գիտահետազոտական լաբորատորիայի բացում, կլինեն շրջայցեր գիտական թանգարաններում,  «Գիտությունն առաջին ձեռքից» 5-օրյա միջոցառման ընթացքում այցեր կկազմակերպվեն գիտահետազոտական լաբորատորիաներ, «Գիտություն երեխաների համար» ծրագրով 6 օրերի ընթացքում այցեր կլինեն դպրոցներ` աշակերտներին գիտությունն ավելի գրավիչ ներկայացնելու եւ նրանց գիտական փորձեր անելու հնարավորություն ընձեռելու համար:
[[gallery2]]
«Մոտ 60 գիտական լաբորատորիաների սարքավորումներով հագեցվածության եւ կարիքների գնահատում է արվել։ Լաբորատորիաները նշել են անհրաժեշտ 10 սարքավորումներն ու նյութերը, որոնց առկայությունը կխթանի իրանց գործունեությունը: Ստացված արդյունքները ներկայացվելու են միջազգային եւ տեղական դոնոր կազմակերպություններին»,- ասել է Անի Կովալենկոն:

Մեդիամաքսը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով եւ մասնակիցներից հետաքրքրվել, թե ինչով են նրանք փորձում գրավել այցելուներին:
[[gallery3]]
Աննա Սիմոնյան, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Գենետիկայի եւ բջջաբանության ամբիոն

Տաղավարում ներկայացված են ամբիոնի գործունեությունը, ուղղությունները, վերջին տարիներին հրատարակված ուսումնական ձեռնարկները, հեղինակավոր հանդեսներում լույս տեսած հոդվածները:

Զբաղվում ենք ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների եւ բույսերի գենետիկայով, գնահատում ենք օդի, հողի եւ ջրի աղտոտվածությունը: Ունենք տարբեր ուղղություններ, օրինակ` էկոգենաթունաբանական հետազոտություններ (ջրի գենաթունային աղտոտվածության գնահատում` այդ միջավայրում բնակվող կենդանի օրգանիզմների կիրառմամբ), ԴՆԹ-ի վնասվածքների մակարդակի գնահատում` ԱՐԵԱԼ արագացուցչի կիրառությամբ եւ այլն:

Հատկապես մարդու գենետիկայի հանդեպ է ուսանողների հետաքրքրվածությունը բարձր: Նման ցուցահանդեսները լավ հնարավորություն են ներկայանալու, այլ ֆակուլտետներից նոր մարդկանց ներգրավելու մեր աշխատանքներում: Բոլոր գիտություններն էլ ունեն հատման կետեր, առանձին պարփակված չեն զարգանում, եւ կարծում եմ, որ, կենսաբանական լեզվով ասած, «սիմբիոզ» կստեղծվի:
[[gallery4]]
Սաթենիկ Միրզոյան, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոն

Կենսավառելիքն ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է ներկայացնում, եւ Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ ամենից: Տաղավարում ներկայացնում ենք ջրածնից էներգիա ստանալու արդյունավետ ուղիների որոնման մեր փորձերը: Արդեն հայտնի է, որ ջրածինը մի քանի անգամ ավելի շատ էներգիա է անջատում: Դրա ամենաարդյունավետ եղանակը կենսաբանական ճանապարհն է` տարբեր բակտերիաների կողմից:

Մեր ամբիոնն այս ուսումնասիրություններում հաջողություններ արձանագրել է, գտել ենք թե ինչ ֆերմենտներ են պատասխանատու այս պրոցեսի համար: Շուտով նոր լաբորատորիա կունենանք, իսկ ապագան միտված է արդյունքները դեպի արդյունաբերություն տանելը:
[[gallery5]]
Կարինե Թադեւոսյան եւ Արմեն Գալստյան, ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ

Կենցաղային քիմիայի եւ Սննդի անվտանգության բաժիններում ներկայացված են ուսանողների պատրաստած նյութերը (օճառներ, կրեմներ) եւ սննդային հավելանյութերը (կիտրոնաթթու, ներկանյութեր): Ֆակուլտետում ունենք Սննդի անվտանգության մագիստրոսական նորաբաց ծրագիր, որը շատ հեռանկարային է համարվում:
[[gallery6]]
Ներկայացնում ենք նաեւ Օրգանական քիմիայի ամբիոնում գործող բազային լաբորատորիան: Կատարում ենք մի շարք գիտական հետազոտություններ` կենսաակտիվ միացությունների եւ այլ ֆիզիկաքիմիական պարամետրերով միացությունների սինթեզի բնագավառում:
[[gallery7]]
Նման ցուցահանդեսների մասնակցությունը շատ կարեւոր է մասնագիտությունը գովազդելու համար, եւ դրանք ունենում են որոշակի ներդրում հետաքրքրվածությունը բարձրացնելու հարցում: Ցավոք, այսօր Հայաստանում քիմիան հետին պլան է անցել, քանի որ արտադրություն չկա, բայց հուսով ենք, որ տարվող աշխատանքների շնորհիվ կհասնենք մեծ հաջողությունների:
[[gallery8]]
Սիրարփի Թարոյան, ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ

Ցուցահանդեսին  ներկայացել ենք մեր հոդվածներով, տպագրական նյութերով: Ինստիտուտն ունի 12 լաբորատորիա: Ֆերմենտների ակտիվության կարգավորման լաբորատորիայում զբաղվում ենք շաքարային դիաբետի կանխարգելմամբ, ուսումնասիրում ենք փորձարարական առաջին տիպի շաքարային  դիաբետը, դրա ժամանակ նյարդաակտիվ ամինաթթուների դերը: Գտել ենք այն նյարդաակտիվ ամինաթթուները, որոնք բերում են ինսուլինի արտազատմանը, ինչի հետեւանքով գլյուկոզան օրգանիզմում քչանում է:

Ունենք նաեւ էպիլեպսիայի ուսումնասիրությամբ զբաղվող, քաղցկեղածին բջիջների ոչնչացման ուղղությամբ աշխատող լաբորատորիաներ:

Կարծում ենք, որ փառատոնը մեծ նշանակություն կունենա ուսանողների եւ դպրոցականների համար, քանի որ նրանց դեպի գիտություն գրավելը շատ կարեւոր է:

Մարի Թարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017