Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Գիտություն
Ինֆրակարմիր քվանտային կետերը հեղափոխություն են «խոստանում»
18.05 12:58
Ինֆրակարմիր լույսի որոշ կարճալիքային հաճախականությունների համար կենսաբանական հյուսվածքներն ապակու նման թափանցիկ են: Հետազոտողներն այժմ ստեղծել են փոքր մասնիկներ՝ քվանտային կետեր, որոնք կարող են ներարկվել մարմնի մեջ եւ այնտեղից հատուկ հաճախականությամբ ինֆրակարմիր լույս ճառագայթել:

Ըստ հետազոտողների՝ սա կարող է հեղափոխական լինել եւ նոր ճանապարհ բացել մարմնի ներքին կառուցվածքի, ինչպես օրինակ՝ արյան անոթների ցանցի մանրամասն պատկերներ ստանալու համար:

Այս նոր մեթոդը մշակել են MIT-ի գիտաշխատող Օլիվեր Բրանսը, քիմիայի պրոֆեսոր Մունգի Բավենդին եւ 21 այլ հետազոտողներ, որոնց հոդվածը տպագրվել է Nature Biomedical Engineering ամսագրում:

Կիսահաղորդչային նյութերով պատրաստված այս նանոբյուրեղները լույս են արձակում, որի հաճախականությունը կարող է ճշգրիտ կարգավորված լինել մասնիկների կազմի եւ չափի վերահսկման միջոցով:

Հետազոտողների նպատակն է եղել զարգացնել քվանտային կետերի տարբերակներ, որոնց արտանետումները համապատասխանում են ցանկալի կարճալիքային ինֆրակարմիր հաճախականություններին, եւ որոնք կլինեն բավականաչափ պայծառ, որպեսզի դրանք հնարավոր լինի հեշտությամբ գտնել մաշկի կամ մկանային հյուսվածքների տակից:  

Մունգի Բավենդին ասել է, որ թիմի ստեղծած քվանտային մասնիկներն այնքան պայծառ են, որ դրանց լուսարձակումները կարելի է նկարել շատ կարճ ճառագայթման ժամանակ:

«Դա թույլ է տալիս ոչ միայն գեթ մեկ լուսանկար, այլեւ տեսանյութ անել, որը ֆիքսում է շարժման մանրամասները, ինչպես օրինակ՝ արյան հոսքը, միեւնույն ժամանակ հնարավորություն տալով տարբերակել երակներն ու զարկերակները»,- ասել է պրոֆեսորը:

Այս մեթոդում կիրառվում է հատուկ մշակված տեսախցիկ, որը խիստ զգայուն է ինֆրակարմիր լույսի կարճալիքային կոնկրետ դիապազոնի (1000 -2000 նանոմետր) համար:

Պատրաստեց Մարի Թարյանը

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017