Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բիզնես
Ռուբեն Վարդանյանը պատմել է, թե ինչու որոշեց չդառնալ Coca-Cola-ի հավանական մրցակիցը
29.04 13:45
Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «ես ստանձնում եմ շատ մեծ պարտավորություններ ու ռիսկեր, եւ այն ամենը, ինչ անում էի նախկինում, անում եմ նաեւ հիմա, միայն թե ավելի համակարգված ու նպատակային»:

Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում:

«Շատերը կարծում են, որ Վարդանյանը վաճառել է ընկերությունն ու զբաղվում է բարեգործությամբ: Դա այդպես չէ: Ես պատրաստվում եմ թե ներդրումային ծրագրերում, թե սպասարկման ոլորտում, թե բարեգործության ասպարեզում ծառայություններ մատուցել հաճախորդներին, որոնք կհամախմբվեն իմ շուրջը եւ կստանան առեւտրային օգուտներ, որակյալ ծառայություններ եւ իրենց մասնակից կզգան հետաքրքիր, վառ ու ծավալուն բարեգործական ծրագրերին»,- ասել է գործարարը:

«Ես ունեմ շատ մեծ մրցակցային առավելություն. դա լայն կապերն են: Կան մարդիկ, որոնց հետ ես ծանոթացել եմ իմ բազմակողմ գործունեության շնորհիվ, տնտեսական ֆորումների ընթացքում (օրինակ, Համաշխարհային տնտեսական ֆորումի), կամ համատեղ սոցիալական ծրագրերի իրականացման միջոցով: Այն ամենը, ինչ ես անում եմ, հիմնված է գիտելիքի եւ մարդկանց գիտակցության վրա:

Մարդիկ ինձ վստահում են, քանի որ տեսնում են, որ ես ոչ միայն հավաքագրում եմ գումարներ ծրագրերի համար, այլեւ ներդրում եմ իմ սեփական գումարները: Ես ունեմ հաջող իրագործված ծրագրեր, մարդիկ տեսնում են դրանք եւ հասկանում, թե ինչպես եւ ինչ սկզբունքներով են դրանք իրականացվում. հավաքագրված բոլոր գումարները ներդրվում են ծրագրերում, ոչ մի լումա չի հատկացվում գործառնական ծախսերին, գումարները չեն գողացվում, եւ, ամենակարեւորը, գործում է կոլեգիալության սկզբունքը. ծրագրերն իմ սեփական ցանկությամբ ձեւափոխելու փորձեր չեն արվում», - նշել է գործարարը: 
 
«Մարդիկ ինձ համար ամենագլխավոր ակտիվն են: Ինձ համար շատ կարեւոր է, թե ում հետ եմ ես առաջ շարժվում: Օրինակ, վերջերս հրաժարվեցի մասնակցել շատ լավ ներդրումային ծրագրում. հիանալի ապրանքատեսակ էր` օրգանական ըմպելիք, ընդամենը 60 կալորիա, առանց շաքարավազի: ԱՄՆ-ում այն արդեն կարելի է վաճառել: Այն հնարավորություն ունի մրցելու Coca-Cola-ի հետ: Ֆանտաստիկ նախագիծ, սակայն ինձ վստահություն չներշնչեցին այն մարդիկ, ովքեր իրականացնում էին այն, եւ այդպիսի ծրագրին մասնակցելն ինձ համար հարմարավետ չէր լինի: Հասկանում եմ, որ կարող եմ սխալվել: Միգուցե, ծրագիրը հաջողվի, եւ ես որպես ներդրող միգուցե չվաստակեմ շատ մեծ գումարներ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017