Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հասարակություն
Ճապոնիան կարող է Հայաստանին տրամադրել եւս 39 հրշեջ մեքենա
14.06 08:47
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան այցելել են Սպիտակ:

Հունիսի 13-ին կայացած այցելության ժամանակ նրանք ծաղիկներ են խոնարհել 1988թ. Սպիտակի երկրաշարժի եւ 2011թ. Արեւելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը JICA-ի հետ համագործակցում  է 2007 թվականից՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են աղետների ռիսկի նվազեցմանը:

Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը եւ բարեկամ ժողովրդին՝ ցուցաբերված աջակցության համար:

«Սպիտակյան երկրաշարժի օրերին աղետյալ Հայաստանին փրկության ձեռք մեկնեցին բազում երկրներ: Հիրավի, մարդասիրությունը սահման չի ճանաչում, եւ հիմա հայ փրկարարներն են պատրաստ` օգնության հասնելու այլ երկրների: Հաշվի առնելով Ճապոնիայի մեծ փորձը եւ ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում, ինչպես նաեւ կարեւորելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ գործակցության արդյունքում Հայաստանի ակնառու հաջողությունները՝ այսօր մենք հավաստում ենք, որ պատրաստ ենք ընդլայնելու այդ համագործակցությունը», - ասել է նախարարը:

Շինիչի Կիտաoկան իր ելույթում նշել է, որ մեծապես տպավորված է այն փաստով, որ իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու երկրում հայերը հարգանքի տուրք են մատուցում Ճապոնիայում տեղի ունեցած աղետի զոհերի հիշատակին:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Այսօր գտնվելով մի վայրում, որը ահռելի վնաս է կրել ավերիչ երկրաշարժից, ես պատկերացնում եմ ձեր կրած կորուստը եւ ցանկանում շնորհակալություն հայտնել 2011թ. երկրաշարժից եւ ցունամիից հետո Հայաստանից ստացված նվիրատվությունների եւ փրկարարական թիմ ուղարկելու առաջարկության համար: Ցանկանում եմ, որպեսզի մեր երկրների համագործակցությունն ավելի ամրապնդվի եւ ավելի շատ հնարավորություններ ստեղծվեն մեր ժողովուրդների շփման համար», - ասել է նա:

2010 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրել է 28 նոր ու ժամանակակից հրշեջ մեքենա, իրականացվել է ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի գնահատում:

2016թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել նաեւ «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք արտակարգ իրավիճակներում ծառայում են որպես շարժական կառավարման եւ հոգեբանական օգնության ցուցաբերման կետեր:

Ներկայումս ընթացքի մեջ է սողանքային աղետի կառավարման եռամյա ծրագիրը եւ դիտարկվում է առաջիկայում Հայաստանին եւս 39 նոր հրշեջ մեքենա եւ ավտոսանդուղք տրամադրելու հարցը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017