Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ընտրություններ 2012
«Ժառանգություն». խախտումները ստվերեցին ընտրությունների լեգիտիմությունը
08.05 14:45
Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակել է իր մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական գնահատականը:

««Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբն արձանագրում է, որ ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:

Այսպես` ընտրակաշառքների եւ կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք ՀՀ պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:

Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար: Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ Հայաստանի որոշ համայնքներում եւ անգամ մարզերում վախի մթնոլորտի ձեւավորումը ՏԻՄ ղեկավարների, ինչպեսեւ որոշ մարզպետների կողմից:

Մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան տների եւ բնակարանների հասցեներում, հաճախ` առանց այդ բնակարանների սեփականատերերի տեղեկացման: Արդյունքում Երեւանի ընտրատարածքներում  մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության վրա էական ազդեցություն ունեցան այդ ընտրատարածքում մշտապես չբնակվող մարդիկ, ինչն իշխանության կողմից իր իսկ պաշտպանած մեծամասնական ընտրակարգի տրամաբանության եւ փիլիսոփայության համատարած ոտնահարում էր:
Հիմնավոր կասկածներ կան, որ ոստիկանության անձնագրային բաժանմունքների` մշտական եւ «լրացուցիչ» ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին կրկնակի մասնակցել ընտրությանը, որն էլ առավոտյան ժամերին շատ ընտրատեղամասերում աննախադեպ հերթերի գոյացման պատճառն էր: Կարծում ենք` նույն ընտրախախտման ապահովման էր միտված ընդամենը 1-2 ժամ տեւած այնպիսի մի «մանրուք», ինչպիսին էր քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը հաշվված րոպեների ընթացքում, ինչի կապակցությամբ նույն օրը` մայիսի 6-ին, «Ժառանգության» նախընտրական շտաբը ստիպված էր հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Մենք նաեւ մտահոգություն ենք հայտնում տարբեր գույնի գրիչներով քվեարկության առնչությամբ, ինչը, ըստ որոշ ընտրական հանձնաժողովների, Ընտրական օրենսգրքի խախտում չէ, մինչդեռ ընտրության գաղտնիության ակնհայտ խախտում հանդիսացավ:

Ու թեեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպեսեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված վերոնշյալ զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը:

Ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպեսեւ ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո մենք վերջնական գնահատական կտանք թե´ պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը եւ թե´ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին ընդհանրապես», - ասված է հայտարարության մեջ:

<< վերադառնալ
> Նույն թեմայով
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կմեկնի Բաքու    21.11 13:18
«Ժառանգությունն» առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն մարմին    07.11 12:42
Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել Սերժ Սարգսյանին` արդար ընտրությունների նախապայմանների մասին    24.09 12:31
Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից    10.09 13:24
«Ժառանգության» ԱԺ խմբակցությունը կղեկավարի Ռուբեն Հակոբյանը    05.06 17:17
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017